Այսօր երկու մեծ հայի` հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի և ամերիկահայ գործարար Քըրք Քըրքորյանի ծննդյան օրն է:
Արամ Խաչատրյանը ծնվել է 1903 թվականին` Թիֆլիս քաղաքում:
«Ես մեծացել եմ մի շրջապատում, որը լի է եղել ժողովրդական երաժշտությամբ. հանրահայտ ծեսերը, տոները, տոնակատարությունները և տխուր իրադարձությունները մարդկանց կյանքում ուղեկցվել են երաժշտությամբ, հայկական և վրացական վառ մեղեդիներով և պարերով, որոնք կատարում էին աշուղներն ու երաժիշտները, որոնք եղել են այն տպավորությունները, որ խորը հետք են թողել իմ հիշողության մեջ, որոնք ուղղորդել են երաժշտական մտածողությունս: Նրանք կերտել են իմ երաժշտական գիտակցությունը և ընկած են իմ արտիստիկ անհատականության հիմքերում»,- նշել է Արամ Խաչատրյանը:
Մեծանուն կոմպոզիտորը 1929 թվականին ընդունվել է Մոսկվայի կոնսերվատորիա՝ Նիկոլայ Մյասկովսկու ղեկավարությամբ սովորելու կոմպոզիտորական գործ, նվագախմբի համար նոտայագրության բաժին՝ Սերգեյ Վասիլենկոյի ղեկավարությամբ:
1926 թվականին Արամ Խաչատրյանը գրել է իր առաջին գործը՝ «Պար»-ը: Իսկ կյանքի վերջին 30 տարիների ընթացքում նա ստեղծել է միջազգային ճանաչում ստացած բազում ստեղծագործություններ: Խաչատրյանը միջազգային ճանաչում ստացել է իր բալետային երաժշտությամբ`«Երջանկություն», «Գայանե», «Սպարտակ»:
ԻՆչ վերաբերվում է Արամ Խաչատրյանի անձնական կյանքին, ապա 1920-ական թվականների վերջին նա ծանոթացել է իր առաջին կնոջ հետ, ում հետ ամուսնությունից ծնվում է դուստրը՝ Նունեն: Որոշ ժամանակ անց, ծանոթանալով կոմպոզիտոր Նինա Մակարովայի հետ, Խաչատրյանն ամուսնալուծվում է կնոջից և 1933 թվականին ամուսնանում վերջինիս հետ: 1940 թվականին ծնվում է որդին՝ Կարենը:
Արամ Խաչատրյանը մահացել է 1978թ-ի մայիսի 1-ին 74 տարեկանում` Մոսկվայում:
Ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար, «Տրասինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրեն Քըրք Քըրքորյանը (Գրիգորյան Գրիգոր Ահարոնի) ծնվել է 1917թվականի հունիսի 6-ին, Ֆրեզնո քաղաքում:
Մինչև 1935-ը կատարել է զանազան աշխատանքներ, եղել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։ Այնուհետև սովորել է օդաչուականդպրոցում, դարձել օդաչու-հրահանգիչ։ Որպես ռազմաօդային ուժերի օդաչու մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, որի ավարտից հետո զբաղվել է օդանավերի բաժնեթղթերի առևտրով (1947-ին գնել է «Los Angeles Air Service» փոքրիկ չարտերային ավիաընկերությունը), ինչպես նաև հյուրանոցային բիզնեսով։ Կառուցել է Լաս Վեգասի «Ֆլամենգո», «Էմ Ջի Գրանդ» և այլ խոշոր հյուրանոցներ։ 1968-ից զբաղվել է կինոգործունեությամբ, «Մետրո Գոլդվին Մայեր» (մասնաճյուղերով) և «Յունայթեդ Արտիստս» կինոստուդիաների, «Էմ Ջի Էմ Միրաժ» կորպորացիայի հիմնադիր բաժնետերն է։ Եղել է «Քրայսլեր Քորփորեյշնի» բաժնետերը։
Սպիտակի երկրաշարժից հետո և շրջափակման տարիներին մեծապես օգնել է Հայաստանին ու Արցախին։ Քըրքորյանի հիմնադրած «Լինսի» հիմնադրամը 2001-ից ի վեր 151 միլիոն դոլար է տրամադրել Հայաստանին՝ ճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների վերանորոգման, աղետի գոտու բնակարանաշինարարության, իսկ 21 միլիոն դոլար՝ Հայաստանում փոքր և միջին ձեռներեցության զարգացման համար։
Համաձայն ամերիկյան հեղինակավոր ՖՈՐԲՍ ըկերության` 2007 թվականին նրա կարողությունը հասնում էր 15 միլիարդ ամերիկյան դոլարի, բացի այդ նա համարվում է Լաս Վեգասի հայրը։
1943 թ. Քըրք Քըրքորյանն ամուսնացել է մասնագիտությամբ ատամնաբույժ Հիլդա Սմիթի հետ, ապա բաժանվել 9 տարի անց։ 1955-ին ամուսնացել է նախկին պարուհի Ջին Մարի Հարդիի հետ։ Այդ ամուսնությունից Քըրքորյանը ունեցել է մեկ դուստր՝ Թրեյսին և որդեգրել է ևս մեկին՝ Լինդային։ 29 տարի անց Քըրքորյանը կրկին ամուսնալուծվել է։
Քըրք Քըրքորյանը մահացել է 2015թ-ի հունիսի 15-ին`98 տարեկանում: