1in.am-ը գրում է.Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ սկսվեց անչափահաս ամբաստանյալ Սերյոժա Հ.-ի գործի դատական քննությունը:
Սերյոժան 16 տարեկան է: Նրան մեղադրանք է առաջադրված ծանր հանցագործությունների՝ դիտավորյալ սպանության և տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 112 հոդվածի 1-ին մասերով:
Դատական նիստի վերաբերյալ հնարավոր չէր եղել ծանուցել անչափահասի մայրիկին, ով տվյալ գործով ամբաստանյալի օրինական ներկայացուցչի կարգավիճակն ունի: Նախաքննական միայն մեկ գործողության է մասնակցել ամենածանր հանցագործության համար մեղադրվող պատանու մայրը, այնուհետև նրան գտնել հնարավոր չի եղել: Այդ պատճառով գործով ներգրավվել է ևս մեկ օրինական ներկայացուցիչ՝ Կենտրոն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հարցերով հանձնաժողովի կողմից լիազորված իրավաբան Լիդա Շահինյանը:
Ամբաստանյալը նշեց, որ մոր գտնվելու վայրն իրեն ևս հայտնի չէ: Իրենց գյուղական տունը վաղուց են վաճառել, մնացել են անտուն: Մայրը կալանքի տակ գտնվող անչափահաս որդու հետ կապ չի պաշտպանում…
Անչափահաս ամբաստանյալի անձի ճշտման ժամանակ հայտնի դարձավ հետևյալը. տղան ծնվել է 2000 թվականին Սայաթ-Նովա, նախկինում՝ Նոր Կեսարիա գյուղում: Սովորել է մինչև 5-րդ դասարանը: Մշտական բնակության վայր չունենալով՝ Սերյոժան վարել է թափառաշրջիկի կյանք, աշխատել է պատահական շինարարություններում, գիշերել է Հրազդանի կիրճում…
Ծնողներ ունի՝ և՛ հայր, և՛ մայր: Տղան չհասկացավ «ամուսնալուծված» բառը, ասաց, թե ծնողները «ամուսնալուծված են», ապրում են իրար հետ, հարցը նորից տրվեց՝ ծնողներդ բաժանվա՞ծ են: Տղան թեթևակի ժպտալով ասաց՝ չէ, իրար հետ են ապրում, բայց որտեղ են՝ տեղեկություն չունեմ…
Այս գործով դատարանը չի կարողանում ծանուցել նաև տուժող Լևոն Ս.-ին, ով բնակության մշտական վայր չունի, դեպքի պահին նույնպես չի ունեցել, անօթևան է եղել, գիշերել է Հրազդանի կիրճում…
Ըստ առաջադրված մեղադրանքի՝ մշտական բնակության վայր չունեցող անչափահաս Սերյոժան գիշերել է Հրազդանի կիրճում, դեպքի օրն այնտեղ էլ ծանոթացել է տուժողներ Լևոն Ս.-ին ու հանգուցյալ Արսեն Պ.-ին:
Ընդ որում՝ տուժողները 16-ամյա վտիտ, փոքրամարմին ամբաստանյալից մեծ են մոտ երեք անգամ, նրանք դեպքի պահին 47-48 տարեկան էին…
Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հունիսի 23-ին, ժամը 17-ի սահմաններում Սերյոժան Հրազդանի կիրճում ծանոթացել է իրենից մեծ երկու տղամարդու՝ Լևոնի ու Արսենի հետ: Նրանք միասին հաց են կերել: Ապա գնացել են Մաշտոցի պողոտայի «Երևան սիթի» սուպերմարկետ, սպիրտ են գնել, Լեոյի փողոցում խմել են:
Լևոն Ս.-ն փող է տվել Սերյոժային և ուղարկել է ծխախոտ գնելու: Սերյոժան գնացել և ուշացել է: Լևոնն ու Արսենը նրան սպասել-սպասել, ապա նորից իջել են Հրազդանի կիրճ:
Ժամը 23-ի սահմաններում, երբ Սերյոժան էլ է այնտեղ հայտնվել, Լևոնը զայրացել է նրա վրա՝ ծխախոտը չգնելու, իրեն խաբելու համար: Սերյոժան վիրավորական է համարել Լևոնի հնչեցրած նախատինքները, քար է վերցրել գետնից ու սկսել է հարվածել Լևոնի գլխին: Գանգուղեղային ծանր վնասվածք է պատճառել Լևոնին: Վերջինս կարողացել է ազատվել Սերյոժայի ձեռքից, անցել է գետը ու դիմել է փախուստի:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում