Օրերս տեղեկություն տարածվեց Արարատի մարզի Այգեստան գյուղում տիրող լարված ու պայթյունավտանգ իրավիճակի մասին: Գյուղի մշակույթի տան բակում հավաքված բնակիչները պահանջում էին գյուղապետի հրաժարականը:
Գյուղապետ, նախկին դատախազ Սոկրատ Հովսեփյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով պատճառների մասին՝ ասաց.
«Գյուղում կատարել եմ 200 միլիոն դրամի ներդրում(իմ թոշակով)՝ ոչ մի տեղից մեկ լումա չստանալով: Երբ ընտրվեցի՝ գյուղապետարանի բյուջեում կար 23.000 դրամ: Իսկ ես ուզում էի շենացնել գյուղը: Վերանորոգեցի գյուղապետարանը, գյուղում խմելու ջուր բերեցի՝ 3 տարում 18 կմ ջրագիծ անցկացնելով, իսկ այսօր գյուղապետի պարտված թեկնածուն է խնդիրներ առաջացնում՝ հրահրելով բնակիչներին: Գյուղում կա դատախազ, ով հողի հարկ չէր վճարել և պարտքը կազմում էր 620.000 դրամ: Կանչեցի ու պահանջեցի վճարել՝ այդ օրվանից թշնամի վաստակելով: 75 հոգու գործը դատարանում է.նրանց չվճարած հարկը կազմում է 3.5 միլիոն դրամ: Գյուղում գործում է մանկապարտեզ, որի նմանը երևի Երևանի շատ համայնքներում չկա: Չեն վճարում անգամ պահանջված 6000 դրամը, աղբի գումարը: Հիմա ինձ ասում են՝ դու մեր գործն ուղարկում ես դատարան, բա չբողոքե՞նք: Ես էլ պատասխանում եմ՝ հարկը պետք է տա՞ք, թե՝ ոչ: Չէ՞ որ դա գյուղի եկամուտն է»:
Սոկրատ Հովսեփյանի խոսքով՝ Գյուղում այսպիսի իրավիճակ է ստեղծվել այն բանից հետո, երբ մյուս թեկնածուն հայտարարել էր, թե հարկեր վճարելը պարտադիր չէ:
Անի Կարապետյան