Լիլիթ Գալաստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այս տողերը գրել եմ ապրիլի վերջին, այն օրերին, երբ հազարավորների հետ, շունչս պահած հետևում էի հայրենիքիս անցուդարձին, աղոթում նրա խաղաղության համար ու պարզ մարդկային, նույնիսկ սովորական կանացի ինստինկտով տենչում, որ ոչ մեկի գլխից մազ չպակասի։ «Սա ուրիշ Հայաստան է, որի շարժիչը սերն ու հողն են, արժանապատվությունն ու թռիչքը, ազատությունն ու նվիրումը: Այս էներգիան, կենսական այս ուժը, որ հազար անպարտ բանակ արժե, մի փոշիացրեք: Մեզ մեր դեմ մի հանեք: Մեզ նույն արյուն է միացնում, նույն հողը, նույն հիշողությունը, նույն հուսո ճանապարհը»։ Խոսքերս ուղղված էին օրվա իշխանությանը։
Մենք կարողացանք անել աներևակայելին․պատռվեց ստի ու երեսպաշտության ծանր, աննահանջ թվացող վարագույրը, տարիներ շարունակ մեզ իբրև քաղաքացի և պետականություն նվաստացրած, քաղաքակրթական մրցունակ երթից շեղած պանդորայի արկղը բացվեց։ Ու որքան էլ, որ գուշակեինք, զգայինք, պատկերացնեինք, իրականությունն աներևակայելի էր, մասշտաբներն՝ ավերիչ, ամլացնող։
Ինչ լավ է, գրեթե երազի պես․ հույսի, հավատի, քաղաքական խիզախումի կենսական տարածքներ են բացվել։ Այդ տարածքների տերն ու դերակատարը բոլորս ենք, մեր քաղաքացիական կեցվածքով, ապագայի պատասխանատվությամբ, պարզապես կարգին երկիր ունենալու հարատև տենչով։ Այդ տարածքները լուրջ քաղաքական բովանդակությամբ պիտի լցվեն, այդ տարածքներում գործուն ու թելադրող պիտի լինեն ազգային գաղափարախոսությունն ու արժեքները, իբրև ազգ ու պետություն մեր ուր գնալու և ուր հասնելու տեսլականը։ Այդ ճանապարհը աներևակայելի ճիգ է ուզում, նվիրում, սեր, հանդուրժողականություն․և ամենահիմնականը՝ ազգային ռազմավարական ռեսուրսների համախմբում, հանրային համերաշխություն։
Իհարկե, երեք ամսում, այն էլ ավգյան ժառանգության ֆոնին մեծ փոփոխություններ ակնկալելը չարդարացված միամտություն է, անիրատեսություն, պատրանք։ Ամենակարևորը կատարվել է՝ դրվել է անշրջելիության անկյունաքարը, ու եկել է հետո-ի, որոշիչ, նոր Հայաստանի ճարտարապետության ժամանակը։ Ժամանակ, որը նույնքան կամք, սեր, հանդուրժողականություն ու նաև փափուկ, ինտելեկտուալ ուժ է պահանջում, որքան մայիսյան այն օրերին։ Ես միշտ եմ հավատացել բարոյական քաղաքականությանը, չեմ դադարի պնդելուց, որ ամենաարդյունավետ քաղաքականությունը բարոյական քաղաքականությունն է։
Մեր հեղափոխության կարևոր, գուցե ամենաաշխատող ուղերձներից մեկը սերն էր։ Պարզից էլ պարզ ու աքսիոմատիկ ճշմարտությունը՝ սերը կյանքն է, Աստված սերն է։ Գուցե առաջին հայացքից սրանք քաղաքական բառարանից դուրս արժեքներ են, բայց սոսկ առաջին հայացքից։ Չմոռանանք, որ ի թիվս պետության ռազմավարական ռեսուրսների կայունորեն կարևորվում է ազգի բարոյահոգեբանական կերտվածքը/ստատուսը։
Հետևում եմ լրահոսին, սոցիալական ցանցերին ու ապշում այս օրերին առատորեն հորդացող չարությունից, հակաքարոզչությունից, անհանդուրժողականությունից։ Կեղծ օրակարգերով իրական նպատակներից ու իրական թիրախներից շեղելն անհանգստացնող է, հավասարակշռությունից հանող։ Իրական մարտահրավերները թողած կարիք չկա ջլատել մեր ներքին ռեսուրսները։ Հին հունական իմաստությունը՝ «Չափի զգացողությունն աստվածային զգացողություն է», երբեք չի կորցնում իր արդիականությունը։
2008-ի մարտին, երբ Մյասնիկ Մալխասյանի, Արշակ Բանուչյանի, Տիգրան Արզումանյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդագիր էի ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ուղեկցվում էի սեփական խղճով ու մանդատի լիազորությամբ։ Երբ քրեակատարողական հիմնարկներում այցելում էի մարտիմեկյան քաղբանտարկյալների/Սասուն Միքայելյան և այլք/ ՝ լինելով քաղաքական հարթակի մյուս կողմում և գաղափարական այլ կոնտեքստում, չհալածվեցի ոչ այդ օրվա իշխանական մամուլի, ոչ էլ որևէ ուժի կողմից։ Եվ ոչ էլ կարիք կար գովազդելու իմ/մեր կեցվածքը։ Պարտականություն և քաղաքական-քաղաքացիական կեցվածք էր, որ տեղավորվում էր այդ օրերին հնարավոր մարդու իրավունքներ և հնարավոր արդարադատության համատեքստում։
Դաշնակցությանը «հալածող» տղեք, մեզ մեր դեմ մի հանեք: Մեզ նույն արյուն է միացնում, նույն հողը, նույն հիշողությունը, նույն հուսո ճանապարհը։ Մենք մեր ձեռքբերումներն էլ, բացթողումներն էլ ձեզանից լավ գիտենք։ Կգտնենք նաև նորոգվելու և նորոգելու ճանապարհը։
Հարգենք հեղափողությունը, քաղաքական ճակատագիրը մեզ աներևակայելի հնարավորություն է տվել, հարգենք հանրային սպասումները, իմաստուն լինենք։
06.08.2018»:
Կարդացեք նաև՝ Ինձ համար «սապոգը» նույնն է` Made in EU , թե` ռուսական. Լիլիթ Գալստյան