1992 թվականից հոգեկան աշխարհի համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-ը սկսվեց նշվել որպես հոգեկան առողջության համաշխարհային օր: Քանի որ հոգեկան առողջություն ունեցող մարդիկ համարվում են խոցելի, ապա կարիք կա, որպեսզի հասարակությունն ավելի ուշադիր լինի նրանց նկատմամբ: Օրվա խորհուրդն է՝ պետությունների, քաղաքացիների ուշադրությունը հրավիրել հոգեկան առողջության խնդիրների վրա, իսկ տարվա կարգախոսն է՝ «Արժանապատվություն և հոգեկան առողջություն»: Այս հիվանդները չպետք է մեկուսանան, իրավունք պետք է ունենան ինտեգրվել հասարակության և համայնքի կյանքին: Հայաստանում հոգեբուժական խնդիրներ ունեցող մարդկանց թիվը, ովքեր գրանցված են, մոտ 50.000 է:
Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանի փոխանցմամբ՝ օրվա հետ կապված մի շարք միջոցառումներ են նախատեսված, իսկ հոկտեմբերի 22-ին Սպիտակ քաղաքում կբացվի առաջին խնամքի կենտրոնը.
«Նախատեսվում է, որ Հանրապետությունում պետք է սկսեն գործել 8-16 հոգանոց խնամքի տներ, որտեղ կապրեն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող այն քաղաքացիները, ովքեր այս կամ այն պատճառով չեն կարողանում մնալ իրենց տանը, չունեն հոգեբուժության, բայց ունեն խնամքի կարիք»,- տեղեկացրեց Արմեն Սողոյանը:
ԵՊԲՀ-ի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբան Խաչատուր Գասպարյանն էլ նշեց, որ ամբողջ աշխարհում ընդունված է, որ ազգի հոգեկան առողջության գնահատականը տրվում է՝ հաշվի առնելով այն, թե որքան են կազմում սպանություններն ու ինքնասպանությունները: Եվ դա դիտվում է չափանիշներից մեկը:
Asekose.am-ի թղթակցի հարցին, թե այդ դեպքում ի՞նչ են վկայում Հայաստանում շատացող ինքնասպանություններն ու սպանությունները, Խաչատուր Գասպարյանը պատասխանեց.
«Հայաստանում ինքնասպանությունների մակարդակն այդքան բարձր չէ՝ համեմատած Ռուսաստանի, եվրոպական զարգացած մի շարք երկրների հետ,-ասաց նա:
Մեր հաջորդ հարցին, թե ի՞նչ անել՝ հոգեպես առողջ մնալու համար՝ Խաչատուր Գասպարյանը պատասխանեց.
«Առաջինն այն է, թե դուք արդյոք սոցիալական կյանք ունե՞ք, թե՝ ոչ:
Ինչպե՞ս եք վերաբերվում ինքնաքննադատությանը և քննադատությանը:
Պետք է բավարարված լինի և' սիրված լինելու և' սիրելու պահանջը:
Խնդիրները հասկանալու համար պետք է հասկանալ՝ փոխվե՞լ է քնի սովորությունը, թե՝ չէ:
Կարևոր են ախորժակի փոփոխությունը, տրամադրության տատանումները:
«Ամենակարևորը, եթե մարդ կարողանում է իր վրա ծիծաղել, ապա խնդիր չունի և չի ունենա»,-գործընկերոջը լրացրեց Արմեն Սողոյանը:
Խոսելով հիվանդությունների մասին՝ հոգեբանները նշեցին, որ մեծ տարածում ունի կպչուն, սևեռուն մտքերի առկայությունը: Այսինքն, կարող են լինել մտքեր, որոնք մարդուն հանգիստ չեն տալիս: Հաջորդը դեպրեսիան է.այն ուղեկցում է և՛ սրտամկանի հիվանդություն ունեցողներին, և՛ չարորակ նորագոյացություն, էնդոկրին խանգարումներ, ստամոքսաաղիքային հիվանդություններ ունեցողներին: Հատկապես զորակոչային տարիքում գտնվող տղաների մոտ մտավոր տարբեր տեսակի հիվանդություններ են հայտնաբերվում:
Անի Կարապետյան