armtimes.com-ը գրում է. Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով այսօրվա դատական նիստի ընթացքում հետազոտվեցին գործով ապացույց ճանաչված տեսանյութերի արձանագրությունները:
Մեկ ժամից ավել դատավարության մասնակիցները (բացառությամբ գործով մեղադրող դատախազների,- հեղ.) եւ դահլիճում ներկա գտնվողները տեսախցիկների տեսագրություններում «փնտրում էին» գործով մեղադրյալներ Գաստիկին, Ծըգլին եւ Տլեին: Մասավորապես մեղադրող դատախազ Արամյանը ներկայացրեց մեղադրանքի հիմքում դրված ապացույց-տեսանյութերը՝ «ժամ-րոպեով» առանձնացված: Ցուցադրվեցին «Նոր Զովք» սուպերմարկետի տեսախցիկների տեսագրությունները: Ըստ նախաքննական մարմնի եւ դատախազի` այնտեղ երեւում է 3 անձ, որոնց դեմքերը թեեւ չեն երեւում, բայց ամբաստանյալներն են: Հենց այս տեսանյութերից մեկում դատախազ Արամյանը համառորեն «տեսնում էր», նույնիսկ ձեռքով ցույց էր տալիս երեք անձի տեղաշարժ, մինչդեռ ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը պնդում էր, որ երեւում է միայն մեկ անձի շարժ: «Ձեռ եք առնում էն մյուս երկուսն էլ կպել են իրա՞ր»,- հետաքրքրվեց ամբաստանյալ Գաստիկը, ինչին ի պատասխան նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց. «Իյա՞, նոր իմացա՞ր»: Դատավորը նախազգուշացրեց ամբաստանյալներին, որ այլեւս տեղից չխոսեն, իսկ դահլիճում գտնվող հարազատներին էլ «հորդորեց» տեղից չխոսել, այլապես սպառնաց նիստը դռնփակ անցկացնել: «Մեղադրող կողմին ձեռնտու է ցույց տալ, որ երեք անձի շարժ կա, մինչդեռ մեկ անձի շարժ է երեւում միայն, հետեւաբար, իրականությանը չի համապատասխանում վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած ապացույցը: Հարգելի՛ դատարան, առհասարակ ապացույցը, որը ներկայացվել է դատարան, որակի խնդիր ունի, ապացույցը պետք է համոզիչ լինի: Այս տեսանյութում նույնիսկ չի երեւում` այդ մեկ անձը կին է, թե տղամարդ, ծեր է, թե երեխա»,- նկատեց ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում