Երկար ընդմիջումից հետո առավոտները հեռուստացույց նայեցի:
Որևէ նոր միտք չնկատեցի, ամենուր լավ մոռացված հինն է ու «դրսից» պլեճ արածը:
Անգրագիտությունը պահում է իր դիրքերը:
Մեկը երկար չարչարվելուց հետո հազիվ- հազ արտասանեց «էքսկլյուզիվ» բառը:
Ա´յ հեր օրհնած, «բացառիկ» ասա, էլի, որ էդքան չտանջվես ու չտանջես:
Մյուսը, որ նույնպես հույժ գրագետ էր ուզում երևալ, «ասամբլեայի» փոխարեն «աՆսամբլեա» ասաց:
Ա´յ հեր օրհնած, կարող էիր «վեհաժողով» ասել և թաքուն պահել տգիտությունդ...
Նույնիսկ փորձված հաղորդավարներից երկուսը օրս փչացրին. առաջինը չի դադարում ՈՒկրաինայի փոխարեն ՈՒկրանՅԱ ասել:
Սա ինձ վհատեցրեց, քանի որ քաղաքագետների կանխատեսմամբ այս երկրի անունը դեռ երկար է լուրերի առաջին տողում մնալու...
Մյուս դեպքը «Սեյրան» անվան «ՍեՐյան» արտաբերումն է. այս փաստը ինձ հատկապես հուսահատեցրեց, որովհետև անունը մեզանում տարածված է և երկար տարիներ այդ անվամբ քաղաքական գործիչներ կարող են ի հայտ գալ:
Սա նույն շարքից է, երբ հայերիցս շատերն ասում են «աՅրուն», «ձՈՒյն», «աՅռուծ» և հասկանում «արյուն», «ձյուն», «առյուծ». բարեբախտաբար, նրանցից ոչ բոլորն է հաղորդավար աշխատում: