armtimes.com-ը գրում է. Ամանորյա արձակուրդային օրերին ԱՄՆ մեկնելիս ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Ներսիկ Նազարյանը օդանավում հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին, բայց երկար զրույց չի ունեցել նրա հետ:
Նազարյանն ու Քոչարյանը պատահաբար հանդիպել են Երեւանից Փարիզ թռչող օդանավում (ՀՀ-ից ԱՄՆ ուղիղ չվերթ չկա, այդ պատճառով նրանք ԱՄՆ են մեկնել Փարիզից): Այդ մասին մեզ հետ զրույցում հայտնեց Նազարյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որոնց համաձայն ԱՄՆ մեկնելիս նա օդանավում հանդիպել եւ երկար զրուցել է Քոչարյանի հետ:
- Պարոն Նազարյան, ճի՞շտ է, որ օդանավում վերջերս հանդիպել եք Ռոբերտ Քոչարյանին: Արդյո՞ք քաղաքական հարցեր եք քննարկել, որովհետեւ ըստ մամուլի հրապարակման՝ երկար զրուցել եք:
- (Ծիծաղում է): Ի՞նչ երկար զրույց կարող էինք ունենալ: Այո, թռնելու ժամանակ տեսել եմ: Մտել եմ ինքնաթիռ, երկրորդ նախագահը նստած է եղել, բարեւել եմ, հարցրել եմ՝ ինչպես եք, ինքն ասել է՝ դո՞ւ ինչպես ես, ասել եմ շատ լավ, եւ գնացել-նստել եմ իմ տեղը՝ կնոջս կողքին, թռել-գնացել եմ: Բոլորը նստած էին իրենց տեղերում՝ ի՞նչ զրույց պետք է լիներ:
- Չե՞ք խոսել քաղաքական հարցերի շուրջ, նրա քաղաքականություն վերադառնալու հնարավորության մասին չե՞ք հարցրել:
- Շատ ամոթ բան է...Ես էնքան դաստիարակված մարդ եմ, որ երբեք ինձ թույլ չեմ տա նման բան: Հետո նման մարդկանց հետ երբեք... իրենք էլ թույլ չեն տա, որ բացի բարեւելուց ուրիշ բան... Ես ինձ նույնկերպ կպահեի, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը լիներ, այլ նախկին նախագահներ լինեին: Ամեն դաստիարակված մարդ պետք է բարեւի իր երկրի նախկին նախագահին: Իսկ նման բան թույլ տալ, քաղաքական...ո՞նց եք մտածում, ես եթե ուզենամ էլ, կկարողանա՞մ նման բան թույլ տալ:
- Միգուցե ի՞նքն է բացել խոսակցությունը, ինչո՞ւ ոչ:
- Բացարձակ, բացարձակ այդպիսի բան չի կարող լինել: Ով ինչ ուզում է՝ թող գրի:
- Իսկ ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ է տարածվել լուրը եւ ո՞ւմ կողմից:
- Չեմ կարող ասել, ես նման բաներով չեմ հետաքրքրվում եւ իմունիտետ եմ ձեռքբերել նման գրվածքներին արդեն 32 տարի:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում