Սուրբ Սարգիս եկեղեցուն կից առաջնորդարանի դահլիճում, դեկտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին աշխարհում առաջին քրիստոնյա արքա Աբգարի և նրա տոնի առթիվ շախմատի մրցաշար կանցկացվի, հրավիրված կլինեն նաև գրոսմայստերներ.
«Մրցաշարի որոշումը կայացվել է 4 տարի առաջ: Տարիքային սահմանափակում չկա: Կան երեխաներ, ովքեր 12 տարեկան են, բայց հրաշալի շախմատ են խաղում, ավելին, անցած տարի անգամ մեծերին հաղթեցին ու 2-րդ փուլ անցան»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը:
Նրա փոխանցմամբ՝ ամեն տարի հրավիրվող մեկ գրոսմայստերի փոխարեն այս անգամ 2-ը կլինեն.միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը, ով ՀՀ առաջնությունում 3 անգամ հաղթել է (1969, 1971,1972թթ.), և ՀՀ վեցակի, ԽՍՀՄ վերջին չեմպիոն Արտաշես Մինասյանը: Մրցավարը լինելու է Նորիկ Քալանթարյանը: Շնորհակալագրերից բացի հաղթողներին նաև գավաթներ կհանձնեն:
«Կուզենայի, որ մեր շատ իշխանավորներն Աբգար թագավորի նման մտածեին, ժողովրդի բոլոր խնդիրներին հավատքով մոտենային, աշխարհիկ իշխանության մեջ ի փառս և ի շահ ժողովրդի հաջողություն գրանցեին»,-նշեց քահանան:
Հիշեցնենք, որ Եդեսիայի Աբգարն առաջին թագավորն է եղել, որ հենց Հիսուս Քրիստոսի կենդանության օրոք հավատացել է նրան: Ըստ ավանդության՝ Աբգարն անբուժելի հիվանդ է լինում և նամակ է ուղարկում Քրիստոսին, որով նրան խնդրում էր գալ իր քաղաքը, բժշկել իրեն եւ բնակվել այնտեղ: Փրկիչը պատասխանում է, որ ինքը պետք է ավարտի իր առաքելությունն Իսրայելում, որից հետո կառաքի իր աշակերտներից մեկին՝ բժշկելու Աբգարին և պարգևելու հավիտենական կյանքի ավետիսը: Աբգարի սուրհանդակը, Քրիստոսի պատասխանի հետ բերում է նաև նրա անձեռակերտ սրբապատկերը, որը Տերն իր դեմքի հպումով տպավորել էր դաստառակի վրա: Քրիստոսի համբարձումից հետո նրա առաքյալներից մեկը՝ ս. Թադեոսը, գնում է Եդեսիա, բժշկում Աբգարին և քաղաքի բոլոր հիվանդներին՝ քարոզելով ավետարանը: Ողջ քաղաքը հավատում է Քրիստոսին և դարձի է գալիս, հրաժարվում կռապաշտությունից և մկրտվում է: Սրանից 4 տարի առաջ մեր երիտասարդները որոշեցին, որ Աբգար թագավորի տոնի առիթով շախմատի մրցաշար անցկացնել:
Անի Կարապետյան