Հարություն Պալյանի պատմությունը
1912 թ., Սիվրի-Հիսար
Օֆելյա Մարտիրոսյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր պապի ու պապի մոր պատմությունը: Մի օր եկել են ու պապիս հորը՝ Կարապետին, տարել թուրքական բանակ՝ իբր հավաքագրում էր սկսվել: Ու շատերին էին արդեն տարել:
Կարապետին այլևս չտեսան: Իսկ հետո սկսվել է մեծ փախեփախը:«Պատմությունս պապիս (հորս հայրը)՝ Հարություն Պալյանի և մեծ մամիս (նրա մայրը)՝ Գյուլանա (Գայանե) Պալյանի մասին է, սակայն պապս չէր սիրում խոսել այդ մասին ու արգելում էր տանը վերհիշել այդ պատմությունները… Մեծ մամս թաքուն պատմում էր թոռներին (հորս ու հորեղբայրներիս), թե ինչպես փախան թուրքի յաթաղանից: Գյուլանան պատմում էր, որ ապրում էին փոքր քաղաքում՝ Սիվրի-Հիսարում, քաղաքի մեծ մասը հայեր էին: Մի օր եկան և ամուսնուն՝ Կարապետին, տարան թուրքական բանակ՝ իբր հավաքագրում էր սկսվել: Ու շատերին էին արդեն տարել: Կարապետին այլևս չտեսան: «Քաղաքում սկսվեց մեծ փախեփախը»,-պատմում էր տարիներից փոքրացած մամս ու երերում:
Նա վերցնում է իր երեք երեխային (երկու դստերն և որդուն՝ պապիս), տեգրոջ երկու աղջիկներին ու թաքնվում ցորենի ամբարում: «Ցորենը շատ էր, ու կարողացանք վեցով թաքնվել դրանց տակ»: Սակայն թուրքերը կարողանում են նրանց այնտեղ գտնել… Ու սկսվում է գաղթի ճանապարհն անապատներով, թալանված քաղաքներով: Թանկարժեք իրերից իր հետ կարողանում է վերցնել միայն երկու ոսկե ապարանջան, որ ստացել էր հորից՝ որպես ամուսնության նվեր: Ապարանջանները մեծ էին ու աչքի ընկնող, այդ պատճառով թևերը փաթաթում է կտորներով, իսկ թուրքի ամեն հարցին, թե ինչ է ձեռքերին եղել, պատասխանում էր «յարա» է (վերք է): Ճանապարհին այնքան են շորերը պատռվում, որ արանքից մի փոքր փայլում է մի ձեռքի ապարանջանը, որը գազանի աչքից չի վրիպում, պատռում է շորն ու վերցնում: Երկրորդը կարողանում է «փրկել», որը հետո պիտի դառնար սովից փրկության միջոց՝ Հունաստանում փոխանակում է այն մի պարկ ցորենի հետ, որ երեխաներին կերակրի: Պատմում էր, որ գեղեցիկ աղջիկ էր այդ ժամանակ ու դեմքին մուր է քսում, ինչպես բոլոր իրենց հետի կանայք ու աղջիկները, որպեսզի թուրքերը չառևանգեն:
Հինգ երեխային արյան գնով պահպանում է ամբողջ ճանապարհին՝ անորոշության մեջ, սոված, անքուն, փոշոտ ճանապարհներին: Ամաչելով պատմում էր, որ աղջիկները ստիպված էին շարքում հոգալ կարիքները, որովհետև շարքից հեռանալուն պես, առևանգում էին նրանց: Երբեմն փոքր տղաները (այդ ժամանակ պապս 7-8 տարեկան է եղել) հսկում էին աղջիկներին շարքից դուրս՝ վախը սրտներում… Շարքում միասին էին քավորի ընտանիքի, մի քանի հարևանների հետ, բայց ճանապարհին կորցնում են իրար: Երկար դեգերումներից հետո, տեղեկանում են, որ ամերիկյան նավ է եկել՝ իրենց փրկելու, սակայն պարզվում է՝ չի կարող ափին մոտենալ: Բարակ տախտակ էին դրել նավից մինչև ափ, նավը հենց տեսանք, հրմշտոց սկսվեց… բոլորը վազում էին փրկվելու, երեխեքին փրկելու: Տախտակն էնքան նեղ էր, որ բոլորը ծովն էին լցվում, կանայք երեխեքը գրկներին, ծերեր, էլ չէին նայում, ով ում է գցում ծովը, տախտակը ծանրացել էր, վախենում էին իրար փրկել, մի կողմում թուրքն էր, մյուս կողմում՝ ջուրը… Ես հինգ երեխեքին դժվարությամբ էի կարողանում փրկել… Մեր հետ գաղթողներն ասեցին, որ ամերիկյան որբանոցը կվերցնի, ավելի հեշտ կփրկվենք, հետո, երբ ապահով տեղում կլինեմ, կվերադարձնեմ: Իմոնց չկարողացա տալ… Հեկեկալով տեգրոջս երկու աղջկան տվեցի…», – պատմում էր ու լալիս:
Հետագայում՝ տարիներ անց, գտել էր նրանց ու վերադարձրել Լիբանանից, բայց մեկ է՝ մեղադրում էր իրեն մինչև ծերություն:… Փախնում են Հունաստան, այնտեղ հույն վարպետների մոտ պապս սովորում է կոշկակարություն՝ որպես ընտանիքի միակ տղամարդ, նա իր ուսերին էր վերցրել ընտանիքի հոգսը: Հունաստանից վերադառնում են Հայաստան՝ Գյումրի: Այնուհետև բնակություն են հաստատում Երևանում: Այդքանն էին Պալյանների՝ ժամանակին մեծ գերդաստանից մնացածները՝ մեծ մամս, պապս և իր երկու քույրը: Մեծ մամս պատմում էր, որ Պալյանները մեծ ճարտարապետներ են եղել ու իր ամուսնու ընտանիքը միշտ հպարտացել է իր արմատներով: Հետագայում հայրս՝ Սամվելը, հիշելով իր տատի պատմությունները, պարզել էր, որ սերում ենք հայտնի Դոլմաբախչե պալատի ճարտարապետների գերդաստանից: Իհարկե տոհմածառն այդպես էլ չկազմեցինք: Շատ տարիներ անց, մի օր խորհրդային տարիներին այցելում են ինչ-որ մարդիկ, խնդրում են իրենց նկարները, ծննդյան տարեթվերը, և 20 ռուբլի գումար՝ իբրև Սիվրի-Հիսար քաղաքից կենդանի մնացածների մասին գիրք կազմելու համար: Պապս կարծում է շառլատաններ են, գումար չի տալիս, ոչ կարևոր մի քանի նկար է տալիս, որ թողնեն հեռանան: Տարիներ անց, երբ արդեն չկային ոչ մամս, ոչ պապս, հայրս կարողանում է դժվարությամբ գտնել այդ գրքի մի օրինակ ու պատճենել: Գրքում քաղաքի հատակագիծն էր՝ ամեն տան վրա նշված բնակիչների անունները: Հայրս պատմում է, որ մինչև վերջին օրերը մեծ մամս ասում էր՝ տարեք ինձ մեր քաղաք, ես մեր տան տեղը կգտնեմ, ոսկիները այնպես ենք պահել, ես տեղը գիտեմ, ցույց կտամ: Այդ գրքով արդեն գիտենք տան տեղը… իհարկե, թանկարժեք իրերը վաղուց գտնված կլինեն, բայց մեծ երազանք ունեմ գնալ այդ քաղաքը, քայլել պապուս քայլած փողոցներով, մտովի պատկերացնել հայկական թաղամասի շունչն ու եռուզեռը… Այդ գիրքը կազմվել է Մուշեղ Իշխանի (Գալշոյանի) նախաձեռնությամբ, որը նույնպես ծնունդով այդ քաղաքից էր ու պապիս հետ նույն դպրոցն են հաճախել:
Ցավոք, այդ գիրքը փոխանցվեց բարեկամներին ու այլևս մեր մոտ չէ…: Եվ փախեփախի առաջին սահմռկեցուցիչ նկարները տեսել եմ դեռ այդ գրքում, երբ շատ փոքր էի ու սարսափում էի, թե ոնց կարող է մարդը մարդու նկատմամբ այդքան դաժան լինել…: Հ.Գ. Մեծ մամս մինչև օր ծերության ոտքով ամեն կիրակի գնում էր եկեղեցի, աղոթում, թոռներին էլ իր հետ էր տանում, որ ինչպես ասում էր՝ «հայ ոգով մեծանան, Հայր մերն իմանան»: Ու անգամ խորհրդային պաշտոնյաների բազմաթիվ զգուշացումները չէին խանգարում, որ ամեն կիրակի վաղ առավոտյան արթնանա, թոռներին տանի եկեղեցի՝ «թող իմանան հայ լինելը որն է»: Մեծ մամս մահացել է 99 տարեկան հասակում՝ իր բնական մահով»: