ՀՀ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր հանդես եկավ ամփոփիչ ասուլիսով:
Նրա փոխանցմամբ՝ սկսվել է էլեկտրոնային առողջապահության E-health համակարգի ներդրման ծրագիրը: Համակարգը միացվել է ոստիկանության բնակչության պետական ռեգիստրին:
«Ունենք ՀՀ բոլոր բնակիչների տվյալները և հնարավոր չի լինի նույն մարդուն տարբեր անուններով տարբեր հաստատություններում միևնույն ժամանակահատվածում բուժել»,-նշեց Լևոն Ալթունյանը:
Առողջապահության նախարարը հայտնեց նաև, որ հետևելու են, թե հիվանդին ո՞ր բժիշկը ո՞ր դեղամիջոցից է շատ նշանակում և բնակիչներից ո՞վ է շատ դեղ օգտագործում:
«Այսպիսով հնարավոր է լուծել և՛ բուժման ընթացքը, և՛ հնարավոր չարաշահումները»,-ընդգծեց Լևոն Ալթունյանը:
Պարզվեց՝ ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի սուր ինֆարկտից գրանցված մահերի թիվը շուրջ 500-ով նվազել է: Փրկվել է 1371 մարդու կյանք: Պետպատվերի շրջանակում իրականցվել է 3.216 սրտի վիրահատություն, որից 167-ը՝ երեխաներ:
Ընդհանուր առմամբ 2016 թվականին պետպատվերի շրջանակում արձանագրվել է հիվանդանոցային բուժօգնության 321.580 դեպք. որից մոտ 86.5 հազարը՝ 0-18 տարեկան երեխաներ:
Անդրադառնալով պետպատվերով հատկացվող գումարի ժամանակից շուտ ավարտվելուն, Առողջապահության նախարարը նշեց, որ ամեն ինչ անում են՝ գումարների բաշխման թափանցիկությունն ապահովելու համար, և շուտով դա օնլայն կլինի ու ցանկացած բնակիչ կկարողանա հետևել ու տեսնել հիվանդին ու հիվանդանոցին հատկացվող գումարը:
«Ինչ վերաբերում է գումարին, ապա այն սահմանափակ է և կարող է 1 կամ 2 ամիս շուտ վերջանալ: Ամբողջ աշխարհում է այդպես: Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում հիվանդները վիրահատությանը սպասում են 2, 3 և ավելի տարի, իսկ մեզ մոտ 2-3 ամսի մասին է»,-նկատեց նախարարը:
Անի Կարապետյան