▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմենակ Ուրֆանյանի ընտանիքը շնորհակալ է զոհված Քյարամին՝ մինչև վերջ իրենց որդու կողքին լինելու համար

mediamax.am-ը գրում է.

-Մա՛մ, մի բան ասեմ`գալիս եմ տուն, «չեպե» եմ արել, ինձ զորացրել են: 

Վերջին անգամ ապրիլմեկյան այս կատակով մոր հետ խոսեց 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանը: Ժամեր անց Ուրֆանյանն ու իր անձնակազմը պետք է մարտի բռնվեին հակառակորդի հետ:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի ձեռնարկած հարձակմանն առաջինը բախվողներից մեկը հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված խրամատի տղաներն էին: Արմենակ Ուրֆանյանին ու իր անձնակազմին հաջողվեց երկու անգամ ետ մղել հակառակորդին, բայց թշնամու երրորդ փորձն իր հետ բերեց ուժերի գերազանցող ճնշում:

Հասկանալով ուժերի ու տվյալ պահին առկա զինտեխնիկայի անհավասար պայքարին հաջորդող չարիքը` Ուրֆանյանն անձնակազմին հրամայեց հետ քաշվել`միայնակ շարունակելով մարտն ու խոցելով թշնամու մեկ տանկ, մեկ տասնյակից ավել զինվոր: Հետո, գիտակցելով մոտալուտ վտանգը, արդեն վիրավոր կապիտանը վերջին նռնակով, իր հետ միասին, պայթեցրեց իրեն շրջապատել փորձող հակառակորդին ու հանձն առավ սեփական կյանքի գնով թշնամու առջեւ փակել Մարտակերտի «դուռը»:

«Զորացրվեց ու տուն եկավ՝ որպես հերոս՝ հետմահու պարգեւատրվելով «Մարտական ծառայության» մեդալով ու հավերժ մնալով բանակի տղեն. երբ ասում էի՝ «Տղես, անհանգիստ եմ», խիստ ձայնով ուղղում էր ինձ՝ «Մա՛մ, արդեն քո տղեն չեմ, բանակի տղեն եմ, անհանգստանալու կարիք չկա»»,- պատմում է Ուրֆանյանի մայրը՝ կուլ տալիս խոր ցավով ու հպարտությամբ լցված արցունքներն ու հավելում. «Այնքան վստահ էի, որ նրան ոչինչ չպետք է պատահի: Արմենը շատ պատրաստված էր, ու շատ լավ զինվորներ ուներ»:

Հայրենասեր, ընկերասեր, մարդամոտ, միշտ լավատես, անվախ ու շատ կատակասեր. այսպես են մերօրյա հերոսին բնութագրում ընկերներն ու մտերիմները:

«Թղթերի հանդեպ միշտ անփույթ էր: Մի անգամ էլ իր հրամանատարին ասել էր՝ «Պատերազմը թղթի մեջ չի, պատերազմը դիրքերում է»»,-ասում է մայրն ու հիշում Քյարամ Սլոյանին՝ «չորսօրյա պատերազմի» մյուս հերոսին, որը, չնայած կապիտանի հրամանին, մնաց խրամատում:

 «Սիրտս ոնց է մղկտում Քյարամիս համար. Քյարամն Արմենիս կողքն է մնացել, ասել է՝ «քեզ մենակ չե՛մ թողի, չե՛մ գնա»…: Հավատարիմ զինվոր է եղել: Փոքր տղաս որոշել է՝ գնալու է նրա ծնողներին շնորհակալություն հայտնի, իրենց որդու հերոսական ու անձնվեր քայլի համար: Արմենս միշտ ասում էր՝ «Զինվորին պետք է սիրես, քո ամենամեծ ուժը գնահատված ու հանձնառու զինվորն է»: Իր տղերքին շատ էր սիրում: Առհասարակ քչախոս էր, իսկ գործից ընդհանրապես չէր խոսում. միակ բանը, որ լսում էինք, իր զինվորի գովքն էր»: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more