«Դեկտեմբերի 29-ին, 30-ին և 31-ին Հանրապետության տարածքում պահպանվելու է առանց տեղումների եղանակը: Արարատյան դաշտում, Շիրակում, Կոտայքում և Վայոց Ձորի նախալեռնային գոտիներում, Արագածոտնի նախալեռնային գոտիներում կպահպանվի նաև մառախուղը: Այն խիտ կլինի հատկապես գիշերային և առավոտյան ժամերին: Ճանապարհներին սրա հետևանքով մերկասռույց կլինի, ուստի վարորդներին հորդորում ենք զգույշ լինել: Օդի ջերմաստիճանն այս երեք օրերին չի փոխվի»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Ինչ վերաբերում է հունվարին, ապա այն համեմատաբար տաք է լինելու: Ամանորի գիշերը Հանրապետության տարածքին Միջերկրական ծովի շրջաններից շատ թույլ արտահայտված ցիկլոն է մոտենում:
«Հունվարի 1-ին և 2-ին գտնվելու ենք այդ թույլ արտահայտված ցիկլոնի գոտում: Ամբողջ Հանրապետությունում կամպի: Հատկապես Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Երևանում, Արարատում, Արմավիրում և Վայոց Ձորում թույլ ձյուն է սպասվում: Տեղումների քանակը լինելու է շատ փոքր: Հունվարի 3-ին դրանք կդադարեն: Օդի ջերմային ֆոնը մինչև հունվարի 3-ը էական փոփոխություններ չի կրելու: Միայն հունվարի 3-4-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 3-4 աստիճանով»,-հաղորդեց Գագիկ Սուրենյանը:
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալի փոխանցմամբ՝ հունվարին վայրիվերումները շատ են լինելու, առատ տեղումներ են սպասվում: Արկտիկական ցուրտ օդային զանգվածներն այս անգամ Հայաստան կներխուժեն Սիբիրի կողմից:
«Հունվարին շատ հաճախ գտնվելու ենք սիբիրական անտիցիկլոնի ազդեցության գոտում: Հիմնականում Ղազախստանի կողմից մեր երկիր են ներթափանցելու արկտիկական օդային զանգվածներ, սակայն կլինեն ժամանակահատվածներ, երբ մենք կգտնվենք Մերձավոր Արևելքից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում»,-նշեց բանախոսը:
Գագիկ Սուրենյանի հաղորդմամբ՝ Արարատում, Արմավիրում, Արագածոտնի, Վայոց Ձորի նախալեռնային գոտիներում արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժման դեպքում գիշերը կանխատեսվող նվազագույն ջերմաստիճանը գիշերային ժամերին -17, -20 աստիճանն է, իսկ առավելագույն ջերմաստիճանը, որ կանխատեսվում է արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցման դեպքում, և նշված հատվածներում կարող է բարձրանալ ցերեկային ժամերին՝ +4, +5 աստիճանն է:
Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում ամենացածր ջերմաստիճանը, որ կարող է գրանցվել գիշերային ժամերին՝ -25, -30-նն է: Աշոցքի, Վարդենիսի, Ապարանի, Ծաղկահովտի հատվածներում չի բացառվում մինչև -32, -33 աստիճան սառնամանիքը: Տաք օդային հոսանքների ներթափանցման դեպքում էլ առանձին օրերի ջերմաստիճանը կարող է բարձրանալ 0, +3 աստիճանով:
Լոռիում նվազագույն ջերմաստիճանը գիշերը կլինի -21, -26, ցերեկը՝ կլինի +3, +7: Տավուշում նվազագույն ջերմաստիճանը գիշերային ժամերին -12, -17 կլինի, ցերեկը՝ +5, +10: Սյունիքի հովտային գոտիներում ցուրտ օդային հոսանքների ներխուժամն դեպքում ջերմաստիճանը առանձին օրերի կլինի -10, -15, ցերեկը՝ տաք օդային հոսանքի ներթափանցման դեպքում, +5, +10: Սյունիքի լեռնային գոտիներում էլ նվազագույն ջերմաստիճանը կանխատեսվում է -18, -23, առավելագույը՝ +2, +5:
Ինչ վերաբերում է Երևանին, ապա արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցման դեպքում կունենանք օրեր, երբ մայրաքաղաքի ցածրադիր գոտում ջերմաստիճանը կհասնի -17, -20-ի, բարձրադիր հատվածներում՝ -14, -16-ի: Առավելագույն ջերմաստիճանը՝ +4, +5:
Անի Կարապետյան