▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անատոլի վարդապետը հոգեկան հիվա՞նդ է, թե՞ դիվահար

Վրաստանի Ախալցիխեի տարածաշրջանի Ծղալթբիլա (Նորշեն) հայ կաթողիկե գյուղի ժողովրդապետ, ազգությամբ ուկրաինացի Անատոլի վրդ. Իվանյուկի մասին եթե հատորներ գրվեն, դարձյալ չեն բովանդակի նրա շուրջ պտտվող աղմկահարույց պատմությունները: Երևի տխրահռչակ վարդապետը որոշել է Հայ կաթողիկե եկեղեցու պատմության մեջ արձանագրվել որպես «սկանդալային վարդապետ»:

Չենք ուզում անդրադառնալ «Հետք» օրաթերթի կայքէջի հրապարակումներին, քանի որ հոդվածագիրը` Վիկտոր Հովհաննիսյանը, հանգամանալից կերպով ներկայացրել է Անատոլի վարդապետի հետ կապված խնդրի էությունը: Հետաքրքրվողները կարող են դրանք կարդալ հիշյալ կայքէջում:

Վերջերս մեկ ուրիշ միջադեպ ևս գրանցվեց Ծղալթբիլա գյուղում` կապված տեղի «հերոս» վարդապետի հետ: Մայիսի վերջին շաբաթը տարածաշրջանի հայ կաթողիկե գյուղերի եկեղեցիները Հայաստանից այցի եկած հայ ուխտավորին Անատոլի վարդապետը գյուղի Սուրբ Փրկիչ եկեղեցուց դուրս է հանել` պատճառաբանելով, թե իբր եկեղեցում նկարել չի թույլատրվում: Ի դեպ, այդ պահին որևէ արարողություն չէր ընթանում: Սա ի՞նչ վայրենիություն է, ո՞վ է իրեն իրավունք տվել` եկեղեցուց հավատացյալ հանել, Անատոլի վարդապետն իրեն ո՞ւմ տեղն է դրել: Գուցե վախենում է, որ իր կեղծիքներն ու գողությունները նորից կբացահայտվե՞ն: Ուրեմն, ինչո՞ւ է թույլ տալիս, որ մկրտության և պսակի արարողությունների ժամանակ հրավիրյալները ազատորեն նկարվեն եկեղեցում: Պարզ է` ինչո՛ւ, որովհետև մեջը փող կա: Գյուղում շատերը խոստովանում են, որ Անատոլիի պատճառով տարիներով ոտք չեն դնում եկեղեցի, իսկ մի ծղալթբիլացի ասաց, որ 20 տարի գյուղի եկեղեցի չի մտել, որ չտեսնի «Անատոլիի գարշելի երեսը»:

Մենք ստիպված ենք անդրադառնալ Անատոլի վարդապետի` քրիստոնյային և եկեղեցականին անհարիր նկարագրի, վարվեցողության և հակակրելի կերպարի մասին, ինչը մեծ հուզում է առաջացրել Ախալցիխեի հարակից գյուղերում, հատկապես` Սուխլիսում: Գյուղացիները մեկ անգամ չէ, որ վրդովված ու վիրավորված են նրա դաժանաբարո վարքագծից, անմարդկային և բիրտ վերաբերմունքից, որ ավելի շուտ հիշեցնում է սովորական փողոցային խուլիգանի, քան թե եկեղեցու խոնարհ սպասավորի: Սուխլիս գյուղի բնակիչները մեկընդմիշտ վտարել են Անատոլի Իվանյուկին Սուխլիս գյուղից: Խորը հիասթափությամբ և դառը հուսախաբությամբ են նրանք պատմում, թե ինչպիսի հանդգնությամբ է Անատոլի վարդապետը պահանջում ննջեցյալ ունեցող ընտանիքներին դրամական օգնություն ցուցաբերած նվերների ցուցակը, որպեսզի իրեն էլ այդտեղից բաժին վերցնի: Բայց դա դեռ ամենը չէ: Իվանյուկը ստիպում է, որ գյուղացիները գնեն ու տխրության և ուրախության առիթներով սեղանին անպայման դնեն իր իսկ թորած օղին` այսպիսով գյուղացիների հաշվին օղու բիզնես զարգացնելով:

Պատմում են նաև, որ այս Անատոլին ցանկացել է թունավոր կաթողիկե մի վարդապետի` նրա ճաշի մեջ թույն լցնելով, ով հիմա Ուկրաինայում է և շուտով պատրաստվում է դատի տալ Անատոլի Իվանյուկին: Աստծուց չվախեցող և մարդկանցից ամոթ չունեցող Ծղալթբիլայի ժողովրդապետը այնքան է լկտիացել, որ փողոցային հայհոյանքներով է խոսում գյուղացիների հետ, ովքեր բացատրություններ են պահանջում նրա սանձարձակ գործողությունների դիմաց: Մի տարեց կնոջ Անատոլի վարդապետը անվանել է «պոռնիկ», իսկ մի ուրիշ գյուղացի ծերունու սպառնացել է, թե` «աչքերդ կհանեմ»: Ծղալթբիլա գյուղն է մեղավոր, որ գյուղից դուրս չի վտարում այս վայրենի խեղկատակին, ով պախարակում է ողջ Հայ կաթողիկե եկեղեցու և Ծղալթբիլա գյուղի անունը:

Ցավոք, ձախավեր հայր Անատոլի վարդապետը պաշտպանություն է գտնում Գյումրիի և Աշոցքի հայ կաթողիկեների ժողովրդապետ հայր Պետրոս վրդ. Եսայանի կողմից, քանի որ երկուսն էլ Նշան արք. Գարաքեհեյանի ձեռնասուններն են: Պաշտպանողների թվում է նաև գյումրեցի Տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանը, ով ևս չի փայլում հոգևորականի կերպարով, որի վրայից հաճախակի կարելի է առնել ծխախոտի և ալկոհոլի վանող հոտը:

Վերջիվերջո, Ռաֆայել արք. Մինասյանը պետք է անդրադառնա, որ Անատոլի Իվանյուկը խաղում է նաև Հայաստանի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ կաթողիկեների առաջնորդի պատվի ու հեղինակության հետ: Որքան էլ Անատոլի վարդապետը գյուղացիներից կորզած կլորիկ գումարներ նվիրաբերի Առաջնորդարանին` սեփական դիրքը ամրապնդելու և անձեռնմխելի դարձնելու համար, այնուամենայնիվ, անհրաժեշտություն է նրան Վրաստանից տեղափոխել` հետագա բարդությունների և սենսացիաների առաջքը առնելու համար: Թեպետ դժվար կլինի այս կեղծ վարդապետի համար լքել իր համար Ծղալթբիլայում կառուցվող շքեղ առանձնատունը, որի համար պարտական է գյուղացիների գրպաններին, բայց մի օր պիտի գա հատուցման պահը:

Անատոլի՛ Իվանյուկ, վաղուց ժամանակն է, որ Դուք արտահանձնվեք Ձեր հայրենի պետություն Ուկրաինային: Կարծում ենք, որ Դուք գոնե կսիրեք Ձեր երկիրն ու ազգը և այս նեղ պահին կլինեք նրա կողքին:

Հայ կաթողիկե մի խումբ հավատացյալներ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more