▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամո'թ է, բավական է պետություն-հասարակություն խաղալ

Այնպիսի իրավիճակ է, որ, նույնիսկ,ամենախոհեմ ասելիքն արդեն որևէ օգտավետության երաշխիքներ չի ապահովում: Անկախացման տարիներից ի վեր, այն ամենին,ինչին ընդունակ եղանք հասնել՝ մեր օրեցօր պառակտվող իրականությունն է:

Մեղավոր ենք բոլորս: Մենք՝ հասարակություն կոչվածը,որ ունակ չգտնվեցինք երկիր ու պետականություն կառուցել մեր միասնականությամբ, կրթվածությամբ, մշակույթ ու ավանդույթներ պահել-պահպանելով, յուրաքանչյուրն իր դերն ու տեղը ճանաչելով,ու նպաստելով,այլ ոչ մեծամտանալով,ձգտելով անփառունակ փառքերի,որ ի վերջո պետք է ծաղրուծանակների արժանանային՝ քանդելով ու ջնջելով հասարակական կյանքի կարևորագույն սահմանումներ:

Էստեղից էլ հենց մեզ բաժին հասած իշխանությունների մեղքը,ովքեր արհեստավարժ կերպով կարողացան օգտվել,արդյունքում ձևավորելով այն,ինչով բեռնված է մերօրյա գորշ ու մռայլ իրականությունը:

Օրինակներ՝ որքան ուզեք:Էնքան մաղձ կա մեր մեջ,էնքան՝ թշնամանք ու անհանդուժողականություն:

Երախտամոռ և ուրացող ենք դարձել՝ հանուն շահեկանի,նյութապաշտության,
փառամոլության,ու...

Ամո՜թ է,բավական է պետություն-հասարակություն խաղալ:Մի քիչ ուշադիր լինենք միմյանց կճանաչենք ազգովի՝ թե դեմքով,թե ապրած կյանքով ու կենսագրությամբ: Ի վերջո, որտեղ էլ լինի՝ պատերազմի դաշտում,թե հասարակական կյանքում,դատապարտված ենք կողք-կողքի դիմագրավել մեզ բաժին հասած փորձությունները: Պառակտումը՝ մեր կործանումն ու բնաջնջումը կլինի:

Դատապարտում եմ ցանկացած բռնություն:Ինձ համար յուրաքանչյուր հայի արյան կաթիլ վեր է ամեն ինչից:Դատավոր՝ երբևէ չեմ եղել:Թող օրենքները որոշեն:Բայց թղթի վրա գրված սահմանումներից զատ,թող նաև մարդկային խղճերն անկեղծանան,թե ինչից՝ ուր հասանք,և ովքեր են իրական անմեղ-մեղավորները:

Թող խոսեն բոլորը,բայց խոսեն ըստ էության. անկեղծ ու արդար,տղամարդավարի,իսկական հային արժանավայել,ում ազնվարյուն ժառանգներն էսօր սահմանին են կանգնած,և ովքեր սահմանին էին՝ արցախյան գոյամարտին...

Լկտիությամբ,արհամարհանքով,անտարբերությամբ,կեղծիքով ու խաբեությամբ,մշակույթ ու արժեքներ ջնջելով,մարդկանց ծայրահեղ ծանր հոգևիճակի մեջ գցելով,մեն-մենակ թողնելով գոյատևվման անհեռանկար ու անելանելի խնդիրներում,վերջում էլ արդարադատ ու օրինապաշտ ներկայանալ...

Այ,էս ենք միայն կարողացել անկախությունից ի վեր օր-օրի կատարելագործվելով:

Իշխանություն՝ դու ի՞նչ մեղք ունե՞ս,որ...

Էդ անտեր ինքնասիրությունից մենք ի՞նչ է,չունե՞նք,պարոնայք...Էլ ի՞նչ իրավունք ունենք մարդ ու քաղաքացի կոչվելու,եթե պիտի ապրենք պարտադրված ու վարժեցված ինքնախաբկանքներում:

Արդեն զզվելի են էս՝ քաղաքական-մաղաքական,գաղափարական ու կուսակցական,կողմ ու ընդդեմ տունտունիկներն ու դրանց անփոփոխ դերակատարները:

Որպես էս երկրի քաղաքացի՝ դիմում եմ պահանջով.
Հայի արյուն՝ չպետք է թափվի:

Մեղավոր-անմեղ... առայժմ թող օրենքները որոշեն:

Միևնույնն է,ամենաարդար դատավորը՝ ժամանակն է:

Ազատ Աբրահամյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more