«Մեր ժողովուրդն իրականում ավանդապահ է և շարունակում է Նոր տարին համարել ընտանեկան տոն: Այն սիրված տոն է, քանի որ հնի ու նորի սահմանագիծն է ու սրան պատրաստվել են թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես: Պետք չէ մոռանալ, որ ավանդույթի համաձայն հայերը միշտ օգնել են իրենց կարիքավոր հարևաններին, ազգականներին ու տոնը կայացած են համարել, երբ կարողացել են ինչ-որ կերպ օգտակար լինել դիմացինին»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը:
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր տոն ունի իր կերակրատեսակների խումբը.
«Անշուշտ, ամանորյա սեղաններին լինում են չորացրած մրգեր, ընդեղեն, աղցաններ՝ բանջարեղենից պատրաստված և այլն»,-նկատեց ազգագրագետը:
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն էլ շարունակելով վերջինին՝ ասաց.
«Ամանորյա ծիսական ուտեստների շարքում կան այնպիսիք, որոնց միջոցով մեր նախնիները լավ եղանակ, բերքառատություն, ինչպես նաև խաղաղություն են ցանկացել ամբողջ աշխարհին: Դրանից է, օրինակ՝ քաշիկան, որը հարիսայի տարատեսակ է, բայց տարբերվում է նրանով, որ չեն խառնում: Այսինքն, սրանով մենք պետք է հպարտանանք, որովհետև անգամ մեր կերակրատեսակի միջոցով աշխարհին խաղաղություն ենք ցանկանում»:
Սեդրակ Մամուլյանը հուրախություն շատերի՝ նշեց, որ Անիի թագավորության խոհանոցն ուսումանսիրելիս հետաքրքիր կերակրատեսակ են հայտնաբերել, որը պատրաստում են Տրանսիլվանիա գաղթած հայերը.
«Այն կոչվում է «Ականջապուր»: Ձվով և ապուրով պատրաստված խմոր է՝ ականջի տեսքով, մեջը մի քիչ միս: Սա եփում են արգանակի մեջ ու ավելացնում են չորաթան: (Կաթը 40 օր թթվեցնում են, հետո եփում, կաթնաշոռ է ստացվում, որն էլ ջերմային մշակման են ենթարկում՝ ավելացնելով մեծ քանակությամբ մաղադանոս, քարաուզ և թարխուն, ստացվում է չորաթան ու ավելացնում են բոլոր կերակրատեսակներին):
Իսկ, երբ միս է ավելացել, կոլոլակներ են պատրաստել, բաժանել ու ում որ բաժին էր հասնում առանց խմորի կերակուրը, ապա նրան հաջող տարի էր սպասվում»,-մանրամասնեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահը:
Անի Կարապետյան