▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2013թ. սկսված գործընթացին հետևեց ևս մեկ ճչացող անարդարություն Բուդաղյանների ընտանիքի հետ. Հայկ Ալումյան

 

Փաստաբան Հայկ Ալումյանն 2015 իրավական տարին թե՛ պետության,  և թե՛  անձամբ իր համար՝ որպես փաստաբանի,  բացասական է գնահատում: «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում Հայկ Ալումյանը նշեց՝ «տարին ամփոփում ենք իրավական մեծ մինուսով»: 
 
Մասնավորապես, փաստաբանի համար տարվա կտրվածքով ամենացավալի կետն իր  վարույթում եղած գործերի մեջ  մնում է Բուդաղյանների գործը.  2015 թվականն  ոչ միայն չբերեց ոչ մի դրական տեղաշարժ 2013թ. սկսված այդ գործընթացում, այլև ևս մեկ ճչացող անարդարություն տեղի ունեցավ այդ ընտանիքի հետ. նախ ձերբակալեցին, ապա և կալանավորեցին Արա Բուդաղյանին՝ գոյություն չունեցող ապացույցների հիման վրա, շինծու մեղադրանքով: «Եվ հիմա էլ փորձում են շատ-շատ անօրինական մեթոդներով նրա դեմ ապացույցներ ձեռք բերել, և դա ինձ շատ մտահոգում է»,-   ասաց Հայկ Ալումյանը:  («Փաստինֆո».   խոսքը Սյունիքի մարզպետի մեքենայի ուղղությամբ կրակոցների գործի մասին է): 
 
Իսկ ընդհանրապես պետության համար, ըստ փաստաբանի, շատ բացասական էր Սահմանադրական փոփոխությունների Հանրաքվեն: Բացի նրանից, որ մարդու իրավունքներն ու ազատությունները սահմանափակվեցին,  Հանրաքվեի նախապատրաստման ու անցկացման  գործընթացն ինքնին արդեն իսկ մարդու իրավունքների լուրջ խախտում էր: 
 
Հ.Ալումյանը պարզաբանեց, որ Հայաստանի ազգաբնակչության երևի 99 տոկոսն անգամ տեղյակ չէ գոնե նվազագույն չափով,  թե ինչ է նախատեսվում այս սահմանադրական փոփոխություններով: Առավելագույնը, ինչի մասին իրենք լսեցին հեռուստացույցով կամ ԶԼՄ-ներով, դա այն էր, թե, ասենք,  ինչ դերաբաշխում է տեղի ունենալու իշխանական ճյուղերի միջև:
 
«Բայց չէ՞ որ դա այդ փոփոխությունների շատ փոքր մասն է կազմում, գուցեև կարևոր, բայց շատ փոքր մասը: Իսկ մնացած փոփոխությունների մասին մեր ազգաբնակչության 99 տոկոսը ընդհանրապես անտեղյակ է»,- ասաց Հայկ Ալումյանն՝ ընդգծելով, որ Սահմանադրության յուրաքանչյուր հոդվածի փոփոխությունը լուրջ հարց է, որի շուրջ պետք է բանավիճել ու բանավիճել, հանրությանը ներկայացնել դրական ու բացասական կողմերը՝  մինչև ընդհանուր կարծիքների հանգելը:  Իսկ Հայաստանի պարագայում մեկ  հոդված չէր փոխվում, այլ  ամբողջ Սահմանադրություն էր փոխվում,  իսկ բանավեճը գնում էր մոտավորապես մի տասը հոդվածների շուրջ և գնում էր ոչ պրոֆեսիոնալ մակարդակով՝  մի մասը գոռում էր՝ իշխանություններն ուզում են վերարտադրվել, մյուս մասն էլ գոռում էր՝ մենք պետք է անցնենք պառլամենտական կառավարման ձևի, որովհետև դա մեր ազգի համարյա թե փրկությունն է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more