Արմավիրի 2004 թվականից սկսած անընդմեջ վերընտրվող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը կարծես թե այսքան տարի չի նկատում անմխիթար վիճակում գտնվող ճանապարհները: Երբեմն-երբեմն այդ մասին նրան քաղաքացիներից բացի հուշում է նաև անձրևը, սակայն ապարդյուն:
Հերթական առատ անձրևից հետո քաղաքի վիճակը նախանձելի չի եղել:
Սարսափելի վիճակում է հայտնվել օրինակ՝ Աբովյան փողոցում գտնվող 108 թաղամասը, որի ճանապարհները, բնակիչների փոխանցմամբ, չեն վերանորոգվել 1990 թվականից սկսած: Ավելին, շինարարական աղբ են բերում ու լցնում՝ այդ կերպ փոսերը «փակելու»:
Նշենք, որ այդ տարածքում են գտնվում Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարանը, Արմավիրի մարզային փրկարարական ջոկատն ու բնակելի շենքեր:
Ի՞նչ են այս խնդրի վերաբերյալ մտածում քաղաքապետարանում,-մեզ հուզող հարցի պատասխանն այդպես էլ այսօր չկարողացանք ստանալ. հեռախոսազանգերին պատասխանող չկար:
Գուցե գնացել են մտածելո՞ւ: Տա՛ Աստված:
Անի Կարապետյան