«110 տարի անց իրականացավ Կոմիտասի ամենանվիրական երազանքներից մեկը.հրատարակվել է «Հազար ու մի խաղ» հարյուր երգից բաղկացած ընտրանին.
«34 տարեկանում գյուղերից հավաքելով 2000 երգ՝ որոշել է ընտրել 100 լավագույնն ու տարածել ամբողջ աշխարհում և հայության մեջ, սակայն անհրաժեշտ միջոցներ չի ունեցել, ուստի կարողացել է շատ փոքրիկ գրքույկներով միայն բառերը հրատարակել: Եվ ահա, այսօր պահպանված երգերն առաջին անգամ լույս տեսան՝ «Հազար ու մի խաղ» վերնագրով, ինչպես ինքն էր ցանկացել»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը՝ նշելով, որ գրքում կան շատերիս հայտնի երգերից, բայց մեծ մասն անծանոթ է.
«Նա տեսնում էր, որ Սասունի երգերը նման են Սասնո լեռներին, Մշո Դաշտի երգերը՝ այդ դաշտավայրերին: Հայրենիքը ճանաչել է պետք, իսկ մեր ժողովուրդը միայն մեքենայով գնալիս աջ ու ձախն է տեսել, իսկ մենք չքնաղ երկիր ունենք: Մեր ժողովրդի 90 տոկոսը չի տեսել Բակունցի նկարագրած Մթնաձորը: Այս երկիրը նման է մեր աղջիկների աչքերին, վարսերին, և մեր նոր երիտասարդությունն ավելի է նմանվում իր երկրին»,-նկատեց կոմիտասագետը:
Նրա խոսքով՝ Կոմիտասի փիլիսոփայությունը հետևյալն է.
«Նա երաժշտության միջոցով բացատրել է, որ իրական երգը գալիս է բնությունից: Հավատում էր, որ հողի երգն է մեր արյան մեջ: Հետաքրքիր է, որ սա նկատել են ոչ թե երաժշտագետները, այլև նկարիչ Մարտիրոս Սարյանը, ով ասել է. «Նա գտավ բնության երգը և ես հավատում եմ, որ սարերը երգում են»:
Արթուր Շահնազարյանի խոսքով՝ այսօր Կոմիտասի 3000 երգերից միայն 1500-ն է պահպանվել, մնացածը համարվում են կորած:
Նշենք, որ գիրքը հրապարակվել է Մշակութային վերածնունդ հիմնադրամի «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի շրջանակներում:
Անի Կարապետյան