Սյունիքի մարզը ամուր հիմք է ստեղծում Հայաստանի արդյունաբերության համար, և աղքատության մակարդակը ավանդաբար մնում է ամենացածրը Հայաստանում` մեծ մասամբ հանքարդյունաբերության և ամենամեծ ձեռնարկության՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շնորհիվ. գործադիր տնօրեն
Այսօր ԶՄՄԿ-ում աշխատում է ավելի քան 4,7 հազար մարդ, -Քաջարանում Հանքագործի և մետալուրգի օրվա առթիվ իր ելույթում ասել է Ռոման Խուդոլիյը,–գործարանում և դրան սպասարկող ձեռնարկություններում ներկայացված է մոտ 400 մասնագիտություն, այդ իսկ պատճառով ԶՊՄԿ-ն կարելի է անվանել տարածաշրջանի տնտեսության ամենակարևոր օղակը։
«Արդեն 4 տարի մենք Հայաստանի ամենախոշոր հարկատուն ենք, Սյունիքն ունի ամենաբարձր ՀՆԱ-ն և ամենաբարձր միջին աշխատավարձը երկրում (երկու դեպքում էլ՝ Երևանից հետո - խմբ.), - ասել է Խուդոլիյը,–չափազանց կարևոր է, որ գործարանը շարունակի արդիականացումը, բարելավի աշխատանքի անվտանգությունը և իրականացնի առողջապահական ծրագրեր աշխատակիցների և նրանց ընտանիքների համար»։
Դիտեք նաև՝
Ամեն տարի հուլիս ամսվա երրորդ կիրակին հանքարդյունաբերական ոլորտի համար նշանավորվում է Հանքագործի և մետալուրգի մասնագիտական օրով, որը մեծ շուքով նշվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախաձեռնությամբ և համայնքի մասնակցությամբ։
Տոնական միջոցառումներն այս տարի մեկնարկեցին հուլիսի 17-ին, Քաջարանի արվեստի դպրոցի մեծ դահլիճում Արամ Խաչատրյանի երաժշտության ներքո՝ «Արամ Խաչատրյան» տրիոյի կատարմամբ։
Քաջարանի նորաբաց մարզադաշտում հաջորդ երեկոյան, հուլիսի 18-ին տեղի ունեցավ հանդիսավոր տոնական միջոցառում, որը մեկնարկեց Սյունիք ֆուտբոլային ակումբի ակադեմիայի երեխաների ցուցադրական վարժանքով և մարզադաշտի բացումը ազդարարող արարողությամբ։ ԶՊՄԿ-ի Սյունիք ակումբի ակադեմիայում մարզվում է ավելի քան 800 երեխա՝ տղաներ և աղջիկներ Սյունիքի տարբեր համայնքներից։
Հաջորդող տոնական միջոցառման ընթացում ընկերության 16 աշխատակիցներ պարգևատրվեցին տարվա ընթացքում աշխատանքային բացառիկ ձեռքբերումների համար՝ պատվոգրերի և դրամական պարգևների հանձնման հանդիսավոր արարողությամբ։ Պարգևատրվեցին արտադրական տարբեր ստորաբաժանումների, տրանսպորտի, տեխնիկական, կայուն զարգացման ոլորտի աշխատակիցներ և ևս երեք վետերան՝ ընկերությունում 50 և ավելի տարիների աշխատանքի համար։
ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին իր ողջյունի խոսքում շնորհակալություն հայտնեց կոմբինատի բոլոր աշխատակիցներին՝ շեշտելով, որ նրանցից յուրաքանչյուրի աշխատանքը առանձին և բոլորինը միասին՝ նպաստում է մի մեծ արդյունավետ ու կարևոր գործի։
«Մեզ համար չափազանց կարևոր է շարունակել ձեռնարկության արդիականացումը՝ բոլոր ուղղություններով։ Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում աշխատանքի պայմանների բարելավմանը, արդյունաբերական և տեխնիկական անվտանգության ապահովմանը, ինչպես նաև մեր աշխատակիցների և նրանց ընտանիքների բարեկեցությանն ու առողջությանը։ Այս հարցերը մեզ համար առաջնահերթություն են, և մենք մշտապես ձգտում ենք որակի շարունակական բարելավման։
Ներկայումս իրականացվում է կոմբինատի զարգացման ռազմավարությունը, որը նպատակ ունի բարձրացնել արտադրողականությունը, ներդնել նոր տեխնոլոգիական լուծումներ, ավտոմատացնել արտադրական և ստանդարտ գործընթացները, անցում կատարել թվային հարթակների և ներդնել կայուն զարգացման միջազգային ստանդարտները։ Այս ամենը մեր մեծ թիմի յուրաքանչյուր անդամի աշխատանքի արդյունք է։ Առանց ձեզ սա հնարավոր չէր լինի»։
Իր ուղերձում ընկերության գլխավոր տնօրենը հիշատակել է, որ ընկերության աշխատակիցների 90%- ը Սյունիքից է։ Ընկերությունում աշխատում է 400 տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ՝ բանվորից մինչև տարբեր ուղղությունների ղեկավարներ, և հենց նրանց համատեղ աշխատանքի շնորհիվ է Սյունիքը Հայաստանի ամենաբարեկեցիկ մարզը։
Տոնական երեկոն ամփոփվել է մեծ համերգով։