ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հայտարարել է մանդատը վայր դնելու մասին.
«Վայր եմ դնում ԱԺ պատգամավորի մանդատս: Որոշումս պայմանավորված է այն հանգամանքով, որ անդամակցելու եմ Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստանին», որը կուսակցություն դառնալու հայտ է ներկայացրել:
Ամբողջությամբ կիսում եմ «Մայր Հայաստանի» գաղափարները, այդ կառույցում ունեմ բազմաթիվ ընկերներ և բնական է, որ պետք է անդամակցեմ «Մայր Հայաստան» կուսակցությանը։ Մանդատից հրաժարվելն այս պարագայում լիովին տեղավորվում է մարդկային ու քաղաքական էթիկայի կանոնների և տրամաբանության մեջ:
Համատեղ անցած ճանապարհի համար շնորհակալություն եմ հայտնում ՀՀ 2-րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին, դաշնակցական իմ ընկերներին, դաշինքի անդամ մյուս պատգամավորներին, բոլոր նրանց, ովքեր այս տարիների ընթացքում եղել են օրվա ապազգային իշխանության դեմ մեր պայքարի առաջնագծում:
Շնորհակալ եմ նաև այն քաղաքացիներից, ովքեր մեզ հետ հավասար կամ նույնիսկ ավելի մեծ ջանքերով կռիվ են տվել սրանց դեմ տարբեր հարթակներում: Համոզված եմ, որ իրենց արածն իր արդյունքները տալու է:
Հանուն մեր երկրում ամբողջական իշխանափոխության և ազգային իշխանության ձևավորման մեր պայքարը շարունակվելու է, պարզապես ամեն մեկն իր պատկերացումների ու ձևաչափերի շրջանակներում այն կարող է իրականացնել:
Բոլոր իրական ընդդիմադիր ուժերին մաղթում եմ արդյունավետ աշխատանք ու հաղթանակ»:
***
|
Քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Տեղեկացա, որ պատգամավոր Արեգնազ Մանուկյանը որոշել է վայր դնել իր մանդատը։
Ըստ ցուցակի հաջորդը ես եմ։ Սակայն երկար մտածելուց հետո որոշում եմ կայացրել հրաժարվել մանդատից և շարունակել իմ գործունեությունը մեդիա ոլորտում՝ որպես խմբագիր և լրագրող։
Իմ որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ մանդատը ստանալու դեպքում ստիպված կլինեմ դադարեցնել մասնագիտական աշխատանքս։ Հաշվի առնելով Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը և առաջիկա ընտրությունները, գտնում եմ, որ այս փուլում ավելի նպատակահարմար է մնալ տեղեկատվական դաշտում՝ շարունակելով ծառայել հանրությանը՝ փաստերի, վերլուծության և հրապարակային խոսքի միջոցով։
Համոզված եմ, որ այն գործընկերս, ով կվերցնի մանդատը, ոչ պակաս պատասխանատվությամբ և նվիրումով կներգրավվի մեր պայքարում՝ արժանապատիվ և ազատ հայրենիքի համար։
Հավաստում եմ, որ շարունակելու եմ իմ քաղաքական պայքարը նույն եռանդով և մնալու եմ «Հայաստան» դաշինքի ու նրա առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի աջակից։
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հավատացել են ինձ, աջակցել են, պայքարել են կողքիս։ Ձեր վստահությունը իմ ամենամեծ պարտավորությունն է»։
|