▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վահե Մելիքսեթյան» հիմնադրամը մասնակցում է Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025-ին

Վահե Մելիքսեթյան Հիմնադրամը Մադրիդում հուլիսի 3-5-ը մասնակցում է Հայկական բժշկական համաշխարհային կոնգրես 2025-ին (AMWC2025)։

Հիմնադրամը հանդես կգա «ՀՀ առողջապահության վերափոխումը․ կլինիկական դեղագետների ռազմավարական ինտեգրումը» թեմայով սիմպոզիումով և պանելային քննարկմամբ, որն ուղղված կլինի կլինիկական դեղագետների դերի ու ներուժի բացահայտմանը՝ որպես առողջապահական բարեփոխումների հիմնասյուն։ Թեման ընդգրկում է կրթական բարեփոխումների, քաղաքական և օրենսդրական մեխանիզմների ուսումնասիրություններ, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի վերլուծությունը՝ Հայաստանում կիրառելու նպատակով։ Առանձին զեկույցներով հանդես կգան առաջատար մասնագետներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Նորվեգիայից, ինչպես նաև ԱՀԿ-ից (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն):

Վահե Մելիքսեթյան հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Մելիքսեթյանն իր խոսքում նշեց.

«Մեր մասնակցությունն այս կարևորագույն համաժողովին լավ հնարավորություն է ներկայացնելու մեր կատարած աշխատանքը միջազգային մասնագիտական հանրությանը, հաստատելու նոր գործընկերություններ և ամրապնդելու գիտական համագործակցությունը ՀՀ-ում կլինիկական դեղագիտության զարգացման նպատակով»։

AMWC2025-ի նախագահ Լիլիան Գրիգորյանն իր խոսքում նշեց.

«Սիրով հրավիրում եմ ձեզ միանալ AMWC 2025-ին, որը, հանդիսանալով գիտական քննարկումների, նորարարությունների և միջազգային համագործակցության կենտրոն, կանցկացվի «Բժշկությունն առաջընթացի մեջ. Գիտական ձեռքբերումները գործողությունների վերածելով» կարգախոսի ներքո»։

«Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի մասին

«Վահե Մելիքսեթյան» հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին՝ Հայաստանում կլինիկական դեղագիտությունը զարգացնելու նպատակով։ Հիմնադրամի առաքելությունն է կյանքի կոչել 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված խոստումնալից կլինիկական դեղագետ, գիտնական, ԵՊԲՀ Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս, և պարզապես հայրենասեր ու օրինակելի հայի՝ Վահե Մելիքսեթյանի մասնագիտական երազանքը։ 4 տարվա ընթացքում Հիմնադրամը ՀՀ կրթական և գիտահետազոտական ոլորտներում իրականացրել է ավելի քան 41,000,000 ՀՀ դրամի ներդրում:

Հայկական բժշկական համաշխարհային կոնգրեսի մասին (AMWC2025)

AMWC2025-ը միջազգային նշանակության միջոցառում է, որի նպատակն է համախմբել Հայաստանի առողջապահական համակարգի զարգացմանը կամ այդ ոլորտում ներդրումներ կատարելու հարցերով հետաքրքրված անձանց, կազմակերպությունների և հաստատությունների՝ պետական և մասնավոր հատվածներից, ինչպես Հայաստանից, այնպես էլ՝ սփյուռքից։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին