▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թանկարժեք բնակարանը՝ կես գնով․ Վահե Ղազարյանի, նրա ընկերոջ եւ Գագիկ Ծառուկյանի գործարքը

Հետք․am-ը գրում է․ «Ներքին գործերի նախկին նախարար Վահե Ղազարյանը կնոջ հետ բնակվում է Երևանի Նորք-Մարաշ թաղամասում։ Մյասնիկյան պողոտայից երևում է նորակառույց թաղամասի բարձրահարկ շենքերի մի մասը, եւ հենց այն մեկը, որտեղ ապրում է նախկին նախարարը։ Հայտնի է, որ թաղամասը կառուցել է ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանի ընկերությունը։

Բնակարանը, որտեղ ապրում է Վահե Ղազարյանը, գրանցված է նրա ընկերոջ անունով։ «Հետքը» ուսումնասիրել է բնակարանի գնմանն առնչվող մի շարք փաստաթղթեր եւ պարզել, որ այն ձեռք է բերվել գույքի շուկայական արժեքի կես գնով։ Ձեռք բերելուց հետո բնակարանը վերանորոգվել է, որից հետո Վահե Ղազարյանը տեղափոխվել է այստեղ՝ բնակության։ Վահե Ղազարյանի նույն ընկերոջ անունով եւս մեկ բնակարան է ձեռք բերվել Երևանում։ Այդտեղ էլ բնակվում է Վահե Ղազարյանի ավագ որդին։ Ի տարբերություն նախկին նախարարի կողմից տնօրինվող գույքի՝ նրա որդու կողմից տնօրինվող բնակարանը գնվել է վարկային միջոցներով։

2003 թ․-ին ոստիկանության տեսուչի պաշտոնից կարիերան սկսած Վահե Ղազարյանը մինչեւ 2018 թ․-ը Տավուշի մարզում տարբեր պաշտոններ է զբաղեցրել։ Այդ ընթացքում ամենաբարձրը եղել է Ոստիկանության Դիլիջանի բաժնի պետի պաշտոնը։ 2018 թ.-ի իշխանափոխությունից շաբաթներ անց Վահե Ղազարյանը նշանակվեց Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ։ Մեկ տարի անց նշանակվեց ՀՀ ոստիկանապետի տեղակալ-ոստիկանության զորքերի հրամանատար, եւս մեկ տարի անց՝ ՀՀ ոստիկանապետ, ապա՝ Ներքին գործերի նախարար։

Ղազարյանի կարիերայի աճը շատերը պայմանավորում են նրա եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընկերական հարաբերություններով, որոնք ձեւավորվել են նրանց ծննդավայրում՝ Իջեւանում։ Սակայն, 2024 թ․-ի նոյեմբերին Վահե Ղազարյանն ազատվեց ՆԳ նախարարի պաշտոնից։ Պետական ծառայությունից հեռանալիս նա մի քանի անշարժ գույք էր տնօրինում, սակայն չի ընդունում, որ դրանք իրենն են, ասում է՝ ընկերոջինս է, ժամանակավոր եմ բնակվում։

Նորք-Մարաշի գործարքը

Նորք-Մարաշ 131-րդ հասցեի փակ թաղամասի շինարարությունն ավարտվել էր 2012 թ․-ին, սակայն տարիներ շարունակ շահագործման չէր հանձնվում։ 2018 թ․-ից հետո բնակելի համալիրը սկսեց բնակեցվել։ Կառուցված շենքերում բնակարանների մեծ մասը գրանցված է Գագիկ Ծառուկյանի հետ կապված մարդկանց անուններով։ Համալիրի սեփականատերը «Հեսպեռ վենչուս» ՍՊԸ-ն է, որի հիմնադիրը Շոտլանդիայում գրանցված համանուն ընկերությունն է։ «Հեսպեռ Վենչուս» ՍՊԸ-ի տնօրենը Արայիկ Կեսոյանն է՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրենը։

2022 թ․-ի ապրիլին Նորք-Մարաշ 131/10 շենքի N 123 բնակարանը վաճառվել է։ 130 քմ մակերեսով բնակարանը 36 մլն դրամով գնել է ծնունդով Իջեւանից Արմեն Իսկանդարյանը։ 17 հարկանի շենքի 14-րդ հարկում գտնվող ընդարձակ բնակարանը ձեռք բերվելուց հետո վերանորոգվել է, կահավորվել։ Ապա այդ բնակարան է տեղափոխվել Վահե Ղազարյանը, որտեղ էլ մինչ օրս ապրում է կնոջ հետ։

«Հետք»-ն ուսումնասիրել է նույն շենքում նույն թվականի նույն ամսում բնակարանների գնման բոլոր գործարքները։ Նորք-Մարաշ 131/10 շենքում 2022 թ․-ի ապրիլին 4 բնակարան է վաճառվել կամ գնվել, որոնցից մեկը գրանցված է Վահե Ղազարյանի ընկերոջ՝ Արմեն Իսկանդարյանի անունով։ Վաճառված չորս բնակարանների պայմանագրային գների համաձայն՝ յուրաքանչյուր գործարքի դեպքում 1 քմ-ն արժեցել է 280, 490, 539, 587 հազար դրամ։ Բնականաբար, 1քմ-ն 280 հազար դրամ արժեքով բնակարանը գնվել է հենց Վահե Ղազարյանի ընկերոջ անունով։ 130 քմ մակերեսով բնակարանը գնվել է 36 միլիոն 428 հազար դրամով, որն այդ ժամանակ համարժեք էր 77 հազար ԱՄՆ դոլարի (1 դոլարը՝472 դրամ)։ Ձեռք բերված բնակարանի մակերեսը մոտավորապես համարժեք է երևանյան միջին վիճակագրական 3 սենյականոց բնակարանի մակերեսի կրկնապատիկին։

Էրեբունու գործարքը

Էրեբունի վարչական շրջանի էրեբունու փողոցում 2024 թ․-ին շահագործման է հանձվել ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդուն՝ Դավիթ Սեդրակյանին պատկանող նորակառույց բնակելի համալիրը։ Երկու 16 հարկանի շենքից բաղկացած համալիրը կառուցել է «Բիդեք» ՍՊԸ-ն։ Ընկերության բաժնեմասի 75%-ը պատկանում է Դավիթ Սեդրակյանին։

Վերջերս շահագործման հանձնված շենքում բնակություն է հաստատել ՆԳ նախկին նախարար Վահե Ղազարյանի ավագ որդին՝ Ռոբերտ Ղազարյանը։ Նրա կողմից տնօրինվող բնակարանը 14-րդ հարկում է։ Մակերեսը՝ 100 քմ (99.67): Բնակարանը սեփականության իրավունքով պատկանում է կրկին Արմեն Իսկանդարյանին՝ Վահե Ղազարյանի ընկերոջը։ Նույն շենքում նույն ժամանակահատվածում նա ձեռք է բերել նաեւ ստորգետնյա ավտոկայանատեղի։ Բնակարանը գնվել է հիփոթեքային վարկով, որը տրամադրել է «Ամերիաբանկը»։ Ի տարբերություն Նորք-Մարաշի բնակարանի, այս բնակարանի գինը զգալի շեղում չունի նույն շենքում վաճառված այլ բնակարանների գներից։ Այն գնվել է 36 միլիոն դրամով։ Իսկ ավտոկայանատեղին, որն արժե մոտ 5 մլն դրամ, գնվել է առանց վարկային միջոցների։

Վահե Ղազարյանի ընկերոջ անունով իրականացված գործարքներն ավելի կասկածելի են դառնում, երբ ուշադրություն ենք դարձնում բնակարանները վաճառողների գործունեությանը։ Նորք-Մարաշի բնակարանը գնվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունից։ Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կյանքում իր տեղն ունեցող գործչի մերձավորները հաճախ են հայտնվում իրավապահների տեսադաշտում։ Ամենաթարմ դեպքը Ծաղկաձորի խաղատներից մեկում Ծառուկյանի ավագ որդու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպն է, որը իրավապահները որակել են խուլիգանություն։ Ծառուկյանի որդին միջադեպից օրեր անց լքել է Հայաստանը եւ հետախուզման մեջ է։ Երբ Վահե Ղազարյանն ազատվեց Ներքին գործերի նախարարի պաշտոնից, պաշտոնանկության վերաբերյալ շրջանառվող վարկածներից գլխավորն այն էր, որ իրավապահները ժամանակին եւ պատշաճ չեն արձագանքել օպերատիվ իրավիճակին եւ չեն խոչընդոտել ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողին, որ երկիրը լքի։

Ինչ վերաբերում է «Էրեբունու» տան գործարքի չերեւացող կողմին, ապա ուշադրության է արժանի շենքը կառուցած «Բիդեք» ՍՊԸ-ի եւ ՆԳՆ ոստիկանության կապը։ Սեդրակյանի ընկերությունը 2021 թ․-ին 2 միլիարդ դրամի պայմանագիր էր կնքել Ոստիկանության հետ նախկին ՊՊԾ գնդի տարածքը վերակառուցելու համար (տեղում Պարեկային ծառայության նոր շենք եւ օժանդակ շինություններ կառուցելու համար)։

Վահե Ղազարյանի եւ Արմեն Իսկանդարյանի պատասխանը

Վերը նկարագրված գործարքների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով գրավոր դիմեցինք Վահե Ղազարյանին, որից հետո ստացանք ինչպես նրա, այնպես էլ ընկերոջ՝ Արմեն Իսկանդարյանի պատասխանը։ Ներկայացրել էինք մեր ձեռքի տակ առկա փաստերը եւ գնահատողական դատողություն էինք արել․ «Հաշվի առնելով, որ նշված բնակարանները տնօրինվում են Ձեր եւ Ձեր ընտանիքի անդամների կողմից, ձեռք են բերվել շուկայական արժեքից էապես ցածր գնով, պատկանել են այնպիսի ՍՊԸ-ների, որոնց սեփականատերերը քաղաքական եւ տնտեսական ազդեցություն ունեն ՀՀ-ում, նախկինում եւ հիմա պարբերաբար հայտնվում են իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, պետության կողմից նրանց դեմ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցեր են ներկայացվել դատարան, մենք եզրահանգում ենք, որ նշված գույքի իրական շահառուն հանդիսանում եք Դուք, թեեւ դրանք գրանցվել են Ձեր ընկերոջ՝ Արմեն Հրաչիկի Իսկանդարյանի անունով»։ 

Պատասխանելով մեր գրությանը՝ Վահե Ղազարյանը նախ նշել է, որ բնակարանները պատկանում են իր մանկության ընկեր Արմեն Իսկանդարյանին, եւ գործարքների գների վերաբերյալ ինքը չի կարող պարզաբանում տրամադրել։ Նախկին նախարարը հայտարարել է, որ իր ընտանիքը խորհրդային տարիներից բավարար ֆինանսական միջոցներ է ունեցել, եւ եթե կարիք լիներ բնակարան գնելու, ապա այն կգնեին հենց իր անունով, ինչպես որ գնվել է Երևանի Ադոնցի փողոցում գտնվող նորակառույց շենքի բնակարանը, որը դեռ բնակեցված չէ։ Նա հիշեցրել է, որ Տավուշից Երևան տեղափոխվելուց հետո բնակվել է Արգիշտի փողոցում գտնվող բնակարանում, որը պատկանել է իր եղբորը։

«Արմեն Հրաչիկի Իսկանդարյանն իմ մանկական ընկերն է, և բացի այդ էլ՝ հանդիսանում է նաև որդուս՝ Ռոբերտ Ղազարյանի հարսանիքի կնքահայրը և որդուս ամուսնությունից հետո առաջարկել է, որ նա կնոջ հետ միասին բնակվի իրեն պատկանող վերոնշյալ բնակարանում։ Հաշվի առնելով, որ իմ ընտանիքին պատկանող բնակարանը փոքր էր, որդիս իր հարսանիքի քավորի առաջարկը չի մերժել և կնոջ հետ սկսել է անհատույց բնակվել վերոնշյալ հասցեում»,- պատասխանել է Վահե Ղազարյանը։ Ապա անդրադարձել է Նորք-Մարաշի բնակարանի պատմությանը․ «Ինչ վերաբերում է Երևան քաղաքի Նորք-Մարաշ 131/10 շենքի 123 բնակարանին, ապա այն նույնպես պատկանում է Արմեն Իսկանդարյանին, և հաշվի առնելով, որ իմ կողմից գնված բնակարանի շահագործման հանձնումը ձգձգվում էր, Արմեն Իսկանդարյանը առաջարկել է ինձ ժամանակավորապես բնակվել իրեն պատկանող վերոնշյալ հասցեում, հաշվի առնելով, որ եղբորս երեխաները նույնպես բնակվում էին Երևան քաղաքի Արգիշտի 15/34 հասցեում գտնվող բնակարանում, առաջարկվող բնակարանը գտնվում էր կնոջս աշխատանքի վայրի մոտակայքում, ես նրա առաջարկը չեմ մերժել և կնոջս հետ ժամանակավորապես տեղափոխվել եմ բնակության վերոնշյալ հասցե՝ մինչև իմ կողմից գնված բնակարանի նորոգումն ավարտելը և այնտեղ տեղափոխվելը»։ Վահե Ղազարյանը նաեւ նշել է, որ ընկերը՝ Արմեն Իսկանդարյանը, բավականին մեծ ֆինանսական միջոցներ ունի եւ դեռեւս 2000-ականներից մեծ քանակությամբ բնակարաններ է գնել ոչ միայն Երեւանում։

Արմեն Իսկանդարյանը, իր հերթին պատասխանելով մեր նույն գրությանը, կրկնել է 2000-ականներից բազմաթիվ բնակարաններ ունենալու մասին միտքը եւ հավելել, որ երկար տարիներ ձեռնարկատիրությամբ է զբաղվել Հայաստանում եւ Ռուսաստանում։ Նա էլ է հիշեցրել, որ Վահե Ղազարյանի որդու հարսանիքի կնքահայրն է եւ որ սանիկներին ինքն է առաջարկել անհատույց ապրել իր անունով գրանցված տանը։ «Ինչ վերաբերում է Երևան քաղաքի Նորք-Մարաշ 131/10 շենքի 123 բնակարանի գնմանը, ապա կառուցապատող ընկերության ղեկավարության հետ ունեմ բարեկամական, ընկերական կապեր, իսկ նշված բնակարանը (ինչպես նաև նշված շենքում գտնվող այլ բնակարաններ) իմ կողմից գնման պահին եղել են անբարեկարգ՝ ջրատար խողովակների վնասման և անձրևաջրերի լցման պատճառով, և այդ բնակարանը ինձ վաճառվել է Ձեր կողմից մատնանշված գնով։ Նաև նշեմ, որ նշված շենքում անմխիթար վիճակում գտնվող այլ բնակարաններ նույնպես եղել են, որոնք, իմ ունեցած տեղեկություններով, վաճառվել են շուկայականից էժան գներով։

Բնակարանը գնելուց հետո տևական ժամանակ այն վերանորոգվել է, քանի որ վերանորոգվելուց հետո չէր շահագործվում, առաջարկել եմ ընկերոջս՝ Վահե Ղազարյանին կնոջ հետ միասին ժամանակավորապես բնակվել իմ վերոնշյալ բնակարանում, մինչև իր կողմից գնված բնակարանը կհանձնվի շահագործման, այնտեղ կկատարի վերանորոգման աշխատանքներ և կտեղափոխվի»,- բացատրել է Արմեն Իսկանդարյանը՝ մեզ առաջարկելով ստուգել իր անձնական, ընկերական եւ բարեկամական կապերը եւ համոզվել, որ ինքն այն մարդը չէ, որի անունով կարող է գրանցվել այլ անձի գույք (այդ թվում՝ իր ընկերոջը պատկանող)»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին