▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սուտ՝ զուգորդված տգիտության հետ, դա Նիկոլ Փաշինյանի ուժն է»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․

««Պատերազմը խաղաղություն է։ Ազատությունը ստրկություն է։ Տգիտությունն ուժ է», սրանք Օրուել «1984»-ի հայտնի խոսքերն են, որոնք մեր իրականության պայմաններում շատ հաճախ ենք լսում մեր երկրի ղեկավարից։
Սուտ՝ զուգորդված տգիտության հետ, դա Նիկոլ Փաշինյանի ուժն է։ Ստել անվերջ, անսպառ, ստով սուտը ժխտել, հետո նոր սուտ հորինել, կլինի դա Արցախի հիմնահարցի, Հայաստանի անկախության, խաղաղության, պատերազմի, ինքնիշխանության, կոռուպցիայի դեմ պայքարի և այլ հարցերի մասին։ Սուտը՝ դա պետական քաղաքականություն վարելու լավագույն միջոցն է դարձել։
Բայց եկել է մի պահ, որ այդ սուտն արդեն անտանելի է հանրային առումով, մի կողմից՝ հեգնանքի է արժանանում, մյուս կողմից՝ արհամարհանքի։ Հենց այս պայմաններում էլ ճշմարտության մասին խոսքը լռեցնելու ու սուտը ճշտի տեղ անցկացնելու համար, իշխանությունների կողմից գործի է դրվում վիրավորանքի, հայհոյանքի արատավոր մի մեթոդ, երբ ցանկացած բովանդակային խոսք լռեցվում է հայհոյանքով, չկա քննարկում, չկա բովանդակություն, չկա փաստ, ով ինչ գրի ու ասի, արժանանում է վիրավորանքի ու հայհոյանքի, բայց ոչ երբեք բովանդակային արձագանքի։ Դա ճշմարտության մասին խոսացողների դեմ հոգեբանական պայքարի հմուտ մեթոդ է։
Մյուս կողմից՝ սուտը լռեցնելու մեկ այլ մեթոդ է վախի մթնոլորտի սերմանումը, որը ևս պետք է օգնի իշխանություններին լռեցնել մարդկանց։ Վերջին շրջանում այդ մեթոդը շատ է կիրառվում, Սամվել Կարապետյանի դեմ գործողությունն էլ այդ ժանրից էր։ Իշխանությունները իրենց գործողություններով ուղերձ են հղում հանրությանը՝ «մի՛ խոսեք, մի՛ արտահայտվեք, մի՛ պաշտպանեք եկեղեցուն կամ ազգայինի ու ինքնության հետ կապված որևէ հիմնասյուն, ձեր հետևից գալու ենք, ցանկություն որ լինի, մեթոդը կգտնվի»։ Սա էլ սուտը որպես ճշմարտություն անցկացնելու մեկ այլ տարբերակ է, որը դրվել է ակտիվ կիրառության մեջ։
Բայց ես մի ունիկալ երևույթի ականատես եմ լինում վերջին շրջանում։ Ստի դեմ պայքարը մղվում է հենց մեր հանրության կողմից, ես չեմ ասում էլիտաների կամ ինչ-ոչ իրավապաշտպան խմբերի կամ անգամ փորձագիտական համայնքի կողմից, չէ, ես ասում եմ՝ հենց պարզ, սովորական, իր կենցաղով ու կյանքով ապրող բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ ասում են ՈՉ՝ ՍՏԻՆ։ Չի անցնելու։ Կա առաջին հայացքից չերևացող հանրային դիմադրություն ստին, բայց դա այնքան հստակորեն առկա է։ Ընդ որում, անգամ ֆեյսբուքյան տիրույթում է երևում, քննադատների մեծ մասը իրական օգտատերեր են, իրենց դեմքը չեն թաքցնում կարծիք արտահայտելիս, իսկ պաշտպանողների 90%-ից ավել կեղծ օգտահաշիվներ են, այսինքն՝ իրական դեմքով սուտ պաշտպանողների թիվը շատ քիչ է։ Ես չեմ ասում, որ ստի այս քաղաքականությունը չունի իրական աջակիցներ, քավ լիցի, ունի, դա ես չեմ հերքի։ Բայց ես նաև տեսնում եմ, որ մեր հանրությունը մեծավ մասամբ՝ ունի բարոյականության ու գիտակցության այն մակարդակը, որ չընդունի սուտը որպես ճշմարտություն, պատերազմը՝ խաղաղություն, ազատությունը՝ ստրկություն ու տգիտությունը՝ ուժ․․․
Այս հարցում Նիկոլ Փաշինյանը շատ է թերագնահատում հայ ժողովրդին»։

Դիտեք նաև՝ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին