ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է․ «Ի լրումն տարածված հաղորդագրության՝ ներկայացվում են «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները»։
Տեսանյութերում այդ ձայնագրություններից երկուսն են։
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հերթական «սենսացիոն ձայնագրություններն» եմ լսում։
Ակնհայտ է, որ շատ տարբեր (ամենայն հավանականությամբ՝ նաև անցյալ, իսկ գուցե նաև նախանցյալ տարվա) զրույցներից մանր-մանր կտրտած և իրար կպցրած կտորներ են, որոնցից ինչ ուզեն կարող են հավաքել։
Կուզեն «հեղաշրջման փորձ» կհավաքեն, կուզեն՝ «ահաբեկչության նախապատրաստություն»։
Առավել ևս, որ ցանկացած ընդդիմադիրին պարբերաբար նաև սադրիչներ և ուղղակի ոչ ադեկվատ մարդիկ էլ են մոտենում, ու դրանց ոնց էլ ցրես, ցանկացած դեպքում «սենսացիոն բաներ» ձայնագրել կարելի է։
Ու քանի որ սա արդեն չեմ էլ հիշում, թե որ դեպքն է, որ գաղտնալսումների փրթիկները մոնտաժելով ամպագոռգոռ մեղադրանքներ են ներկայացնում, որոնք տարիների քաշքշուկների հետո հօդս են ցնդում, հիմա էլ որևէ հիմք չունեմ քննչականի հրապարակած ձայնագրություններին հավատալու։
Այս դեպքը եւս մեկ անգամ ապացուցում է, որ «ջարդենք-փշրենք-փրթենք» ասողների հետ ոչ միայն ճամփա գնալ չի կարելի, այլև զրույցել»։
***
Հրապարակված ձայնագրությունները չեն պարունակում այն հանցակազմը, որ նկարագրում է Քննչական կոմիտեն, «Սպուտիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է Երևանի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
Նրա խոսքով դրանք մտահղացումներ են միայն, նույնիսկ նախապատրաստական փուլ չկա ձայնագրություններում։
«ՔԿ–ի պլանը ընդհանրապես չի համապատասխանում ձայնագրություններին։ Ձայնագրություններն ունեցել են, պլանը հորինել են, որպեսզի ինչ–որ հիմք ունենան գործողություններ անելու»,–ասել է Ասլանյանը` հիշեցնելով նաև, որ ժամանակակից մեթոդները հնարավորություն են տալիս, այդ թվում AI–ի ներգրմամբ ցանկացած տիպի ձայնագրություն իրականացնել, և դրա համար դժվար է ասել, թե այդ ձայնագրություններն ինչքանով են իրական։
***
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Չկան բառեր...Լավ, ինչու՞ եք դուք էսքան ատում մեր երկիրը, ժողովրդին, պետությունը, ինչու՞:
Տեռորիստ, պիղծ, ախտածին, քստմնելի, դավաճաններ...
Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Մեր ազատությունը, անկախությունը և պետականությունը անշրջելի իրողություն են, իսկ դուք՝ հավիտյան ձախողված նզովյալներ. տապակվեք ձեր ատելության և այլասերվածության մեջ»։