Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում այսօր տեղի ունեցավ ամերիկահայ (Բոստոն) բանաստեղծ Ավիկ Դերենցի աֆորիզմների «Խոհաշխարհ» ժողովածուի շնորհանդեսը:
«Աֆորիզմը շատ ծանր ժանր է: Մեր հայ գրականության մեջ նա, ով առանձին գրքով աֆորիզմներ ունի՝ Ավետիք Իսահակյանն է: Թումանյանի աֆորիզմները քառյակներն են: Ուշադիր ընթերցողը Չարենցի բանաստեղծություններում անպայման կգտնի աֆորիզմներ: Ինչ վերաբերում է Ավիկ Դերենցին, ապա սրանք ապրված աֆորիզմներ են»,-ասում է գրականագետ Ավիկ Իսահակյանն ու կարդում.
.Հիշողությունը մարդու ամենօրյա հաշվետվությունն է:
.Սիրելի կինը սիրելի առեղծված է:
Ընթերցվեցին նաև Ավիկ Դերենցի բանաստեղծությունները, որոնցից մեկը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.
…Քանի սահմանն աննկուն ոգով,
Հայոց զինվորն է հսկում քաջարի,
Իմ երազները չեն մնա անթև,
Որքան էլ դավի ձեռքը երկարի:
Դուք իմ հույսերի փարոսն եք արդեն,
Շողարձակումով հաղթանակների:
Դուք իմ հավատի շեփորն եք հնչուն,
Արձագանքներով Հայոց լեռների:
Փա՛ռք ձեզ առհավետ,
Փա՛ռք ձեր բազուկին,
Հայրենի հողի հերո՛ս մարտիկներ:
Դուք իմ երազի սյուներն եք կանգուն,
Մեր գալիք ճախրող խրո՛խտ արծիվներ:
Անի Կարապետյան