▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանին սատարող մարդիկ կամ հայ չեն կամ մոլորված են․․․Էրիկ Բեգլարյան

Արցախի փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանը նոր գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում․ «Նիկոլ ջան, տեսնում ես չէ՞, որ նույնիսկ երբ մարդը փորձում է իր միտքը ձևակերպել հստակ ու հասկանալի, միևնույն է՝ շատերը չեն ընկալում ասվածի իրական իմաստը։ Մարդկանց մեծ մասը ատում է քեզ։ Ես գրեցի, որ պատրաստվում եմ քեզ սատարել, բայց դա բառացի աջակցություն չէր, այլ փորձ՝ մարդկանց աչքերը բացելու, ցույց տալու, թե ինչ կարող է իրականում սպասել նրանց։ Ցավալին այն է, որ շատերը ոչ միայն չփորձեցին հասկանալ ասվածի խորքը, այլ նույնիսկ չկարդացին ամբողջությամբ՝ միանգամից արձագանքելով մակերեսային մակարդակում։
Իմ ասածի բուն իմաստը մեկն էր՝ որ քեզ սատարողները մի պահ կանգ առնեն, մտածեն ու գնահատեն այն, ինչ արդեն տեղի է ունեցել։ Հասկանան, թե քո իշխանության տարիներին ինչ ճակատագիր ունեցավ Արցախը և արցախցիները, և փորձեն պատկերացնել՝ արդյոք նույնը չի կարող կրկնվել նաև իրենց հետ, եթե ամեն ինչ շարունակվի նույն կերպ։ Ես ուզում էի, որ մարդիկ սթափվեն ոչ թե հետո, երբ արդեն ուշ կլինի, այլ հիմա, երբ դեռ հնարավոր է ընտրություն կատարել։
Բայց, ցավոք, արձագանքների մի մասը ցույց տվեց, որ մարդիկ հաճախ չեն փորձում խորանալ, չեն ուզում տեսնել ենթատեքստը, այլ նախընտրում են արագ եզրակացություններ անել։ Այդ պատճառով էլ ես ստիպված եղա ջնջել գրառումս, քանի որ որոշ մարդիկ իսկապես հավատացին, թե ես անկեղծորեն աջակցում եմ քեզ, և ամբողջովին սխալ հասկացան ասածս։
Քիչ մնաց ինձ ազգի դավաճան հանեին։
Իսկ իմ իրական կարծիքը այն է, որ Փաշինյանին սատարող մարդիկ կամ հայ չեն կամ մոլորված են»։

Ավելի վաղ Էրիկ Բեգլարյանը գրել էր․

 «Սիրելի սրտացավ հայրենակիցներ, խնդրում եմ ձեզ մի տանջեք ինքներդ ձեզ ավելորդ մտածմունքներով։ Հասկանում եմ, որ ցավոտ է տեսնել և լսել, թե ինչպես ադրբեջանցիները քանդում են այս կամ այն կառույցները Արցախում, սակայն պետք է սթափ գիտակցենք, որ նյութական արժեքների մեծ մասը ժամանակի ընթացքում հնարավոր է վերականգնել, նորից կառուցել և վերադարձնել իրենց նախկին տեսքին։ Ավելի կարևոր է պահպանել մեր ներքին ուժը, միասնականությունը և հավատը ապագայի հանդեպ։
Միևնույն ժամանակ, զարմանալի է, թե ինչպես որոշ մարդիկ, առօրյա փոքր իրավիճակներում, օրինակ՝ երբ տեսնում են իրենց ենթադրյալ կայանման վայրում այլ մեքենա, ընկնում են խորը հուզական վիճակների մեջ՝ կարծես թե կորցրել են ամեն ինչ։ Կարծում եմ՝ այստեղ պետք է պարզապես հանգստանալ, խորը շունչ քաշել և սթափ գնահատել իրավիճակը՝ հասկանալով, որ նման դեպքերը ոչ մի էական կորուստ չեն նշանակում։
Անձամբ ես առաջիկա ընտրություններում պատրաստվում եմ սատարել Նիկոլ Փաշինյանին, քանի որ կարծում եմ՝ նա այն գործիչն է, ով, իր գործունեությամբ և վարած քաղաքականությամբ, կարող է ձևավորել այնպիսի պայմաններ, որոնց արդյունքում հայ ժողովուրդը կհասնի մի կարևոր գիտակցության կետի։ Հնարավոր է, որ այդ ճանապարհը հեշտ չլինի և ուղեկցվի հիասթափություններով ու դժվարություններով, սակայն հենց այդ փորձությունների միջոցով է, որ հասարակությունը կարող է վերագտնել իր ներքին ուժը։
Ես համոզված եմ, որ երբ ժողովուրդը կանգնում է լուրջ մարտահրավերների առջև, սկսում է ավելի սթափ գնահատել իրականությունը, վերաիմաստավորել իր արժեքները և վերականգնել իր ազգային ինքնասիրությունն ու արժանապատվությունը։ Այդ ներքին վերածնունդն է, որ կարող է դառնալ ապագա հաջողությունների հիմքը։
Վերջիվերջո, երբ մենք անցնում ենք դժվար ճանապարհով և կարողանում ենք հաղթահարել այն, դա մեզ դարձնում է ավելի ուժեղ, ավելի միասնական և ավելի պատրաստ՝ հասնելու մեծ նպատակների։ Եվ ես հավատում եմ, որ այդ գործընթացը կարող է մեզ բերել դեպի այն հաղթանակը, որի մասին բոլորս երազում ենք»։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին