Փաշինյանը մտադիր է ոչ միայն խլել ՀԷՑ–ը Սամվել Կարապետյանից, այլ բաժնետոմսերը հանել վաճառքի
Կառավարության նիստին նա արդեն հրահանգեց, որ ԱԺ արտահերթ նիստով այդ գործընթացը իրականացնեն։
«Սա քաղաքական մակարդակով քննարկել ենք, օրենքի նախագիծ է արդեն դրվել շրջանառության մեջ։ Հետագա գործընթացները պետք է արագ և արդյունավետ իրականացնենք»,–ասաց նա։
Առաջարկում է ՀԷՑ–ի բաժնետոմսերը վաճառքի հանել, որ «ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունենան դրանք ձեռք բերել»։ Նա նման հեռանկար ունի նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կապված։
Աղբյուրն՝ այստեղ
***
«Պետությունը պետք է շատ արագ վերցնի ՀԷՑ-ի կառավարումը և հետագա գործընթացները՝ պետականացման և ընկերության կառավարման արդյունավետության ուղղությամբ, պետք է արագ և արդյունավետ իրականացնենք»,- կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ «բոլոր գծերն անցել են»։
Նա նաև պատմեց, որ երեկ մասնակցել է «Հոմպլեքս» հիպերմոլի բացման արարողությանը, որի ժամանակ այն հոսանքազրկվել է: «Պատկերացնո՞ւմ եք, մարդիկ 70 մլն դոլար ներդրում են արել և չեն կարողանում նորմալ բացման արարողություն անել»,- ասաց Փաշինյանը։
Խոսելով պետականացման գործընթացի մասին՝ նշեց․ «Հարցը քաղաքական մակարդակով մենք քննարկել ենք, քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում։ Ես գիտեմ, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նույնպես քննարկումներ է ունեցել և համատեղ աշխատանքով օրենքի նախագիծ է արդեն օրակարգում ընդգրկված։ Արտահերթ նիստով համապատասխան օրենսդրական փոփոխությունները կիրականացվեն, և շատ արագ, ես կարծում եմ, որ այդ առաջին անհրաժեշտ գործողությունը տեղի կունենա, այսինքն դրա իմաստը կլինի այն, որ պետությունը, կառավարությունը կստանձնի ՀԷՑ-ի կառավարումը, և այդ կետից սկսած արդեն մենք ավելի հանգիստ պայմաններում հետագա սցենարները կքննարկենք, թե ինչ սցենարով ենք գնում, բայց ես էլի ուզում եմ մի ռազմավարական հարցի անդրադառնամ, որ որևէ սցենարով էլ գնանք, մենք ինչ որ պահի պետք է ապահովենք «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության հնարավորությունը»։ Փաշինյանի խոսքով ՀՀ քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան այդ բաժնետոմսերը ձեռք բերել։