44-օրյա պատերազմի մասնակից, Լոնդոնի Համալսարանական Քոլեջի շրջանավարտ Սևան Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ես տասերորդ դասարանից հետո ոչ մի տեղ չեմ սովորել։ Ինձ էլ տանեք վարչապետ դնեք՝ էս տիպի խաղաղություն ես էլ կբերեմ»։
Մի սովորական քաղաքացու ասված այս խոսքերը երկու նախադասությամբ փլուզեցին ողջ իշխանական քարոզչությունը։
Իրականում՝ փողոցով քայլող ցանկացած պատահական մարդ կարող էր նստել վարչապետի աթոռին, և Հայաստանը ավելի մեծ կորուստներ չէր ունենա, քան ունեցավ ՆՓ- օրոք։
2018-ին ՆՓ-ն ասում էր՝ կամ ինքը կընտրվի վարչապետ, կամ Հայաստանում վարչապետ ընդհանրապես չի ընտրվի։ Այսօր հետահայաց նայելով՝ հարց է առաջանում.
եթե վերջին 8 տարիներին իսկապես վարչապետ չունենայինք, մի՞թե Հայաստանը ավելին կկորցներ, քան արդեն կորցրել է։
Ի վերջո, ինչ մի քաղաքական «հանճար» է պետք՞ունենալ՝ 3000 տարի հայերով բնակեցված հողը զինաթափելու, հայաթափելու, ու թշնամուն հանձնելու համար՝ «խաղաղության» ինչ-որ անորոշ խոստման դիմաց։ Այդ ինչ մի մեծ ստրատեգիական տաղանդ է պետք ունենալ՝ սեփական ժողովրդի ու մարդկության դեմ կատարված հանցագործության գնով «խաղաղության» մի հեղհեղուկ խոստում կորզելու համար։
Պարտությամբ պարտադրված «խաղաղությունը» առանձնակի խելք չի պահանջում։ Ամենավերջին խելապակասն էլ կարող է թշնամու առաջ սեփական երկրի դարպասներով միջանցք բանալ ու հայտարարել թե «խաղաղություն» է բերել։
Բայց կա մի սահման, որը նույնիսկ ամենահետին պետական հանցագործը չէր հանդգնի անցնել։
Նիկոլի իշխանությունը ոչ միայն ուզում է փակել Արցախի էջը, այլ մի նոր կոնֆլիկտածին էջ է բացում Սյունիքում՝ հետաձգված պատերազմի խոստումով։ Ահա սա է սպասվող իրականությունը։
Մի՛ քվեարկեք այդ իրականության օգտին...


