▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ Պետդումայի նախագահը՝ Հայաստանի մասին․ «Ուկրաինայում ամեն ինչ հենց այսպես սկսվեց»

Հայաստանի գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին հիշեցրել է Ուկրաինայում ոչ վաղ անցյալում ծավալված իրադարձությունները։ «Ուկրաինայում  ամեն ինչ հենց այսպես սկսվեց»,- հայտարարել է Վոլոդինը՝ անդրադառնալով, մասնավորապես, Հայաստանում անցկացված ԵՄ գագաթնաժողովին, որին հրավիրված էր նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Եվրոպացի քաղաքական գործիչների և Զելենսկու հնչեցրած ելույթների և հայտարարությունների համատեքստում Վոլոդինը հռետորական հարց է բարձրացրել՝ այս ամենից հետո ինչպե՞ս են շարունակվելու Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները։  

«Այսօր բոլորի համար արդիական է հարցը՝ ինչպես են զարգանալու մեր հարաբերությունները Փաշինյանի այս արարքներից հետո։ Լարվածությունը հարաբերություններում նվազելու՞ է, թե՞ ավելանալու։ Ամենայն հավանականությամբ՝ երկրորդը։ Ակամայից զուգահեռներ են առաջանում. Ուկրաինայում ամեն ինչ հենց այսպես էլ սկսվեց։ Պե՞տք է արդյոք այս ամենը Հայաստանի քաղաքացիներին»,- ԵՄ գագաթնաժողովը մայիսի 9-ի Հաղթանակի օրվանից անմիջապես առաջ Երևանում անցկացնելու, գագաթնաժողովի ժամանակ Զելենսկու և եվրոպացի քաղաքական գործիչների կողմից հակառուսական հայտարարություններ հնչեցնելու, այդ ձևակերպումները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից անարձագանք թողնելու փաստերին անդրադառնալով՝ ասել է Վոլոդինը։

Նա հիշեցրել է նաև՝ Ռուսաստանը շատ լավ է վերաբերվում հայ ժողովրդին, ՌԴ-ում ապրող հայերը թվով գրեթե նույնքան են, որքան Հայաստանում ապրող հայերը՝ Հայաստանի բնակչությունը։ Պետդումայի նախագահի խոսքով՝ Ռուսաստանի հայերը հավասար իրավունքներ ունեն երկրում բնակվող մյուս ազգերի ներկայացուցիչների հետ, ազատ իրացնում են իրենց ներուժը, բարձր պաշտոններ են զբաղեցնում, ընտրվում են պատգամավորներ, աշխատում են Ռուսաստանում՝ օգնելով Հայաստանում ապրող իրենց հարազատներին։

«Կանխատեսում եմ՝ ի պատասխան կհնչեն հայտարարություններ՝ «Մենք ինքնիշխան պետություն ենք, ինչ ուզում, այն էլ անում ենք»։ Բայց ոչ ոք ինքնիշխանության ու այլ երկրի ներքին գործերին միջամտության մասին չի խոսում։ Խոսքը տարրական բարոյականության և պարկեշտության մասին է։ Դրանք կամ կան, կամ չկան։ Դուք կարող եք բարձր պաշտոն  զբաղեցնել, բայց դա դեռ չի նշանակում, որ ունեք այդ բարձր հատկանիշները»,- ասել է Վոլոդինը՝ նախապես արձագանքելով Հայաստանի պաշտոնական օղակներից հնարավոր պատասխան հայտարարություններին։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին