«Նիկոլը պետք է դատվի և իր պատիժը կրի Ավանի հոգեբուժարանում»,-նշել է ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանն իր հերթական ուղերձում, որով իր աջակցությունն է հայտնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Վարդան Ղուկասյանը, մասնավորապես, ասել է․ «Այսօր ես իմացա, որ սեպտեմբերի 15-ին Ավանի դատարանում տեղի է ունենալու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատավարությունը։ Ես դժվարանում եմ հիշել պատմության մեջ այնպիսի մի ժամանակաշրջան, որտեղ դատեին եկեղեցականներին։ Զարմացած եմ այսօրվա քաղաքական գործիչների, Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի լուռ վարքագծի վրա։ Ես հորդորում եմ, որ այդ օրը խփեն Էջմիածնի զանգերը և բոլոր հոգևորականներով ոտքով շարժվեն դեպի քաղաքամայր Երևան, դեպի Ավան ։
Դիմում եմ բոլոր իմ գաղափարակիցներին, հետևորդներին, մոտ և հեռու ընկերներին, անգամ նրանց ում ասել եմ՝ մնացեք ստվերում, մի երևացեք, ես դիմում եմ նաև նրանց, բոլորին․ այդ օրը բոլորը գնան, հավաքվեն Ավանի դատարանի առաջ և թույլ չտան, որպեսզի իրականացվի պետական տեռորն ու կոռուպացված և կաշառված դատավորը փորձի ազատազրկել բարձրաստիճան հոգևորականին։
Ես խնդրում եմ բոլոր դպրոցականներին, ուսանողներին, երիտասարդներին, թողեք այդ օրը ձեր դասը և շարժվեք դեպի դատարան։ Ես հավատացյալ չեմ, բայց չեմ կարող թույլ տալ, որ փորձեն դատեն նման մաքուր անձնավորությանը։
Ուստի խնդրում եմ բոլորիդ՝ գնալ, հավաքվել դատարանի առաջ, որ ամբողջ աշխարհը տեսնի, որ Հայաստանի Հանրապետությունում դատում են հոգևորականին՝ ազատ խոսքի համար։ Եթե ես լինեի ազատության մեջ՝ Աջապահյանը չէր դատվի»։