▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը չի շրջանցել «Astronomer»-ի գլխավոր տնօրենի սիրավեպի թեման՝ խոսակցությունը տանել-հասցնելով Մայր Աթոռ

Նիկոլ Փաշինյանը չի շրջանցել «Coldplay»-ի համերգին «Astronomer»-ի գլխավոր տնօրենի եւ աշխատակցուհու սիրավեպով պայմանավորված իրադարձությունները։ Նա թեման տարել-հասցրել է Մայր Աթոռ։

«Համոզված եմ շատերդ եք իմացել «Coldplay» ռոք խմբի ամերիկյան համերգներից մեկի ժամանակ պատահած դեպքի մասին, երբ բացահայտվել է ամերիկյան «Astronomer» տեխնոլոգիական ընկերության գլխավոր տնօրենի եւ ընկերության աշխատակցուհիներից մեկի արտամուսնական սիրային կապը։

Այս բացահայտումից հետո «Astronomer» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․ ««Astronomer»–ը նվիրված է այն արժեքներին եւ մշակույթին, որոնք առաջնորդել են մեզ մեր ընկերության ստեղծումից ի վեր։ Մեր ղեկավարները պետք է համապատասխանեն այդ ստանդարտներին՝ վարվեցողության եւ հաշվետվողականության մասով։ Տնօրենների խորհուրդը պաշտոնական հետաքննություն է սկսել նշված առիթով եւ մենք շուտով լրացուցիչ տեղեկություններ կհաղորդենք»։ 

Նաեւ հաղորդվում է, որ կասեցվել է անհավատարմության մեջ բռնված գլխավոր տնօրենի գործունեությունը եւ ժամանակավոր տնօրեն է նշանակվել։

«Astronomer»–ը ճիշտ է թանկարժեք եւ հեղինակավոր, բայց ընդամենը IT ընկերություն է։ Ասում եմ ընդամենը՝ ի համեմատություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու։ IT ընկերությունը փաստորեն չի կարողանում հանդուրժել իր հայտարարած արժեքների հետ անհամատեղելի վարքագիծը։

Հիմա եկեք նայենք Կտրիճ Ներսիսյանի շրջապատի արձագանքը իր եւ իր նման մի քանի հոգու դավաճանության եւ ուխտադրժության արդեն իսկ հանրահայտ փաստին, դավաճանության այն ուխտի, որ նրանք ստանձնել են կուսակրոնության ուխտագիր ստորագրելով։

Նրանք ի վիճակի չեն նույնիսկ IT ընկերության չափ արժեքահենք գտնվել։

Մեր այն հայրենակիցների համար, ում Կտրիճ Ներսիսյանի հետ կապված իրադրությունը դեռ անորոշություններ ունի, ընդգծեմ, որ Հայ Առաքելական Եկեղեցու ուսմունքի համաձայն կուսակրոն քահանան ամուսնանում է եկեղեցու հետ եւ որեւէ անձնական կյանք ունենալու իրավունք չունի։ Ընդ որում, ոչ ոք նրան չի պարտադրել կուսակրոնություն ստանձնել։ Նա դա անում է կամավոր, իբրեւ ծառայություն Աստծուն եւ Եկեղեցուն։ Եւ նա կուսակրոնության ուխտագիր ստորագրելով Մայր Աթոռի խորանի առաջ ծնկած՝ ուխտում է հավատարիմ լինել այս ծառայության մեջ եւ այդ ուխտի շնորհիվ է միայն, որ հոգեւոր բարձր պաշտոններ եւ կոչումներ ունենալու իրավունք է ստանում։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի նաեւ ամուսնացյալ քահանաներ, ովքեր ունեն կին, երեխա, ընտանիք։ Նրանք այդ ճանապարհով գնացել են իրենց որոշմամբ, դա լեգիտիմ, հարգանքի արժանի եւ ազնիվ վարվելակերպ է։ Բայց ամուսնացյալ քահանաները չեն կարող ոչ եպիսկոպոս լինել, ոչ կաթողիկոս։

Ստացվում է, որ Կտրիճ Ներսիսյանն ու իր շրջապատի որոշ անձինք եկեղեցական պաշտոնի համար սուտ խոստում են տվել Աստծուն եւ եկեղեցուն, խախտել ու խախտում են այդ խոստումը, շնանում ու պղծում են կուսակրոնության ուխտն ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին։

Հանդուրժել Կտրիճ Ներսիսյանին եւ իր խմբակին՝ նշանակում է ոմանց հիմք տալ մտածելու, թե Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նույնիսկ IT ընկերության մակարդակի բարոյականություն եւ արժեքներ չունի։ Նշանակում է ոմանց հիմք տալ մտածելու, թե հայաստանյան հանրությունը բարոյականություն եւ արժեքներ չունի։

Մենք չենք կարող նման բան թույլ տալ։ Կտրիճն իր խմբակով պետք է հեռացվի։ Վեհարանը վեհի», - գրել է վարչապետը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին