▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի քանի ժամ է` որոնում են անհետ կորած 4 տարեկան աղջնակին

Թարմացված․ ՆԳՆ-ի մամուլի խոսնակը հայտնում է. «Ինչպես արդեն հայտնել էինք, Արարատի մարզի Գետազատ բնակավայրում կորած 4-ամյա երեխան հայտնաբերվել է և նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ներկայացնեմ այս պահին հայտնի որոշ մանրամասներ։
Հուլիսի 13-ին` ժամը 13:18-ին, ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Գետազատ բնակավայրի հանգստյան գոտիներից մեկում երեխա է կորել։
Անմիջապես նշված վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության մեծաթիվ ուժեր ու սկսել լայնածավալ որոնողական աշխատանքներ՝ ինչպես տարածքում, այնպես էլ հանգստյան գոտու միջով անցնող ջրանցքում, իսկ Փրկարար ծառայության հոգեբանական խումբը աշխատանքներ է իրականացնել երեխայի մոր հետ։
Ոստիկաններն ու փրկարարները՝ կինոլոգիական խմբերի օգնությամբ, պարզել են երեխայի հնարավոր գտնվելու վայրը։ Ժամը 18։38-ի սահմաններում 4-ամյա երեխան հայտնաբերվել է Արարատի մարզի Լանջազատ բնակավայրում՝ գետի ափին։ Երեխայի մարմնի վրա առկա են եղել քերծվածքներ։
Ըստ նախնական տվյալների՝ երեխան խաղալիս մոլորվել է և փորձելով գտնել հարազատներին քայլել է դեպի Լանջազատ բնակավայրի ուղղությամբ։ Առկա քերծվածքները նա ստացել է երկար քայլելու և ճանապարհին ճյուղերին հպվելու հետևանքով։ Երեխան տեղափոխվել է բժշկական կենտրոն, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Այսօր՝ հուլիսի 13-ին ժամը 13:00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատի մարզի Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 4 տարեկան երեխա է կորել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն մի քանի ժամ է` շարունակվում են որոնողական աշխատանքները, որին միացել են առաջին իսկ պահից հանգստյան գոտու աշխատակիցները, մեծ թվով քաղաքացիներ, ովքեր ժամանել էին հանգստի գոտում իրենց հանգիստ անցկացնելու, բայց ներգրավված են երեխայի որոնողական աշխատանքներին։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում մայրը նշում էր, որ իրենք Արմավիրի մարզի բնակիչներ են և ընդամենը 5 րոպե է իր աղջկանից աչքը քաշել ու այլևս չի տեսել։ Հանգստյան գոտում կա նաև արհեստական լճակ, որի ջուրը արդեն իջեցվել է, այդտեղ չի հայտնաբերվել։ Հանգստյան գոտուն հարակից կա դեռ սովետական տարիներից հայտնի Արտաշատի Ստալինյան ջրանցքը, որտեղով ջրի հոսքն այս պահին նույնպես փորձում են դադարեցնել, որպեսզի այդ հատվածում նույնպես որոնողական աշխատանքներ կատարեն։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին