«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Մարդ արդեն անհարմար է զգում այս իշխանությունների ոչ կոմպետենտությունից ու ապաշնորհությունից խոսել, որովհետև միշտ հայտնվում են մարդիկ, որ ասում են` մի մեղմացրեք սրանց հանցանքները՝ այն ամենը, ինչ կատարվում է` մի վերագրեք իրենց անփորձությանը, անգրագիտությանը, անմեղսունակությանը, դրանք միտումնավոր արվող դավաճանական քայլեր են, մի հրեշավոր ծրագրի մաս կազմող քայլեր, որոնք հետևողականորեն իրականացվում են երկրի ղեկավարի աթոռին հայտնված անձի կողմից և հարյուրավոր օրինակներ են բերում ու հիմնավորում, որ այդ ամենը չէր կարող լինել պատահականություն, անտեղյակության ու ոչ պրոֆեսիոնալիզմի հետևանք: Ասենք, պատերազմ, արտաքին քաղաքականություն, խոշոր ներդրումային ծրագրեր իրենց համար բարդ են և պրոֆեսիոնալ կադրեր էլ չունեն, որոնք արդյունավետորեն կաշխատեին այդ ոլորտներում, բայց ի՞նչ իմաստ ունեն այն բոլոր բարբաջանքները՝ «ազգային» բառի, Արևմտյան Հայաստանի, Արցախի, Արարատ սարի, մեր պատմության դեմ ուղղված: Ինչո՞ւ են պետական հիմնի մի տունը մյուսով փոխարինում: Կամ` ցեղասպանության փաստը վիճարկում: Այդ քայլերից, հայտարարություններից յուրաքանչյուրին կարելի է տարբեր բացատրություններ տալ, բայց երբ այդ ամենը դնում ես կողք կողքի, դժվար է չնկատել այն հետևողականությունն ու տարօրինակ համառությունը, որով իշխանությունը շարունակում է ոչնչացնել հայի դավանած արժեքները, հուսալքության մղել, թերարժեքություն ներշնչել, խարխլել հայի ոտքի տակի հողը: Իհարկե, եթե անգամ կա նման հրեշավոր ծրագիր, դա չի նշանակում, որ ապաշնորհությունն ու ոչ պրոֆեսիոնալիզմը, փնթիությունն ու ամբարտավանությունն առկա չեն: Մենք, ցավոք սրտի, գործ ունենք համակցված բացասական դրսևորումների հետ` այս մարդիկ ոչ միայն իրենց հայրենիքը չեն սիրում, գուցե նաև մեր թշնամիների առաջ ստանձնած պարտավորություններ ունեն: Դրա հետ մեկտեղ ապաշնորհ են ու կիսագրագետ, չար են ու մաղձոտ` ոչ մի կերպ չեն մոռանում իրենց վիրավորանքները և վիրավորողներին: Նաև պարզունակ են ու ոչ շատ խելացի, պոպուլիստ են ու անսկզբունքային, գումարած՝ ագահ են ու չտես: Մի խոսքով` բացասական որակների մի ամբողջ ծաղկեփունջ, որի արդյունքում ունենք գահավիժող երկիր, հուսահատեցնող իրականություն, անորոշ ապագա և այս բոլոր սխալներն ուղղելու համար պահանջվող ահռելի աշխատանք, որը չի հասկացվում, թե երբ և ով է կատարելու»: