▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես էին անցյալում նավաստիները պայքարում առնետների դեմ

 

16-17-րդ դարերում, երբ ծովերում դեռ նավարկում էին փայտյա առագաստանավերով, նավերի անձնակազմերի համար իսկական պատուհաս էին առնետները, հատկապես, երբ նավերը կանգ էին առնում նավահանգիստներում։ Այնտեղ կրծողները ներթափանցում էին նավի մեջ, ու կարճ ժամանակ հետո նրանց գլխաքանակն այնքան էր շատանում, որ դա դառնում էր իսկական պատուհաս նավաստիների համար։ Առնետները փչացնում էին պարենի պաշարներն ու վնասում էին նավի ներքին փայտե կառուցվածքները՝ կրծելով դրանք։

Կրծողների դեմ սկզբում փորձում էին պայքարել շների ու կատուների միջոցով, բայց դա որոշիչ դեր չէր խաղում, որովհետև առնետներն ավելի արագ էին բազմանում, քան իրենց կհասցնեին սատկացնել ընտանի կենդանիները, իսկ հատկապես կատուների պարագայում լինում էր այնպես, որ ճակատամարտից հաղթող դուրս էին գալիս «զոհերը», իսկ որսորդը դառնում էր նրանց ուտելիքը։ Նավերի վրա ապրող առնետները կարող էին այնքան մեծանալ, որ չափերով կատվին քիչ զիջեին։

Այդ ժամանակ նավաստիներն իսկական մասսայական ոչնչացման զենք ստեղծեցին առնետների դեմ, ընդ որում՝ հենց առնետների միջոցով։ Պատմությունը չի պահպանել այն հնարամիտի անունը, ով առաջինն է հորինել այս մեթոդը, սակայն հայտնի է, որ արկղի կամ տակառի մեջ լցնում էին մի քանի տասնյակ առնետ ու նրանց որևէ սնունդ չէին տալիս, այլ միայն ջուր էին լցնում մի քիչ, որ ջրազրկումից չսատկեն։ Այդպես առնետներին թողնում էին արկղում մի քանի շաբաթ, ու սովից խելագարված առնետների մեջ սկսվում էր իսկական կենաց-մահու պայքար կյանքի համար․ առավել ուժեղ և ագրեսիվ առնետները սկսում էին սպանել ու խժռել ավելի թույլերին։ Ու այսպես այնքան ժամանակ, մինչև արկղում մնում էր միայն մեկ առնետ, որը, լինելով ամենաուժեղն ու ագրեսիվը, սատկացրել ու խժռել էր բոլոր մնացածներին։ Այս առնետներին անվանում էին «առնետների գայլ»։

Ուշագրավ է, որ արկղից դուրս հանվելուց հետո առնետների գայլերն էապես ավելի խոշոր էին լինում, քան սովորական առնետները և գերադասում էին իրենց եղբայրների մսով սնվել։ Այլ կերպ ասած, առնետների գայլերը դառնում էին իսկակական մոլագար կանիբալներ, որոնք հնարավորության դեպքում սպանում ու խժռում էին պատահած յուրաքանչյուր այլ առնետի։ Այս սարսափելի արարածներին վաճառում էին նավահանգիստներում խարիսխ գցող նավերի անձնակազմերին, որոնք այդ մուտանտներին բաց էին թողնում նավի մեջ, ու կարճ ժամանակ անց նավում ոչ մի առնետ չէր մնում, որովհետև այն առնետները, որոնց առնետների գայլը չէր խժռում, գերադասում էին փախչել նավից ու ավելի անվտանգ տեղ գտնել՝ կյանքը շարունակելու համար։

Առնետների գայլերն իսկական ատոմային ռումբ էին սովորական առնետների համար, քանի որ ոչ մի հասարակ առնետ բավարար ուժ չուներ՝ միայնակ դիմակայելու հսկայական չափերի հասած այս կանիբալներին։ Սակայն հայտնի է նաև, որ առնետները, լինելով բարձր սոցիալիզացիա ունեցող կենդանատեսակներ, որոշ դեպքերում կարողանում էին դիմակայել իրենց մահացու ախոյանին։ Ժամանակակիցների վկայությունների համաձայն՝ հայտնի են դեպքեր, երբ մի քանի տասնյակ առնետներ միանգամից հարձակվել են նավից ափ իջած առնետի գայլի վրա ու, օգտվելով թվային առավելությունից, հոշոտել են իրենց գլխավոր թշնամուն։ Նկարագրված են նաև դեպքեր, երբ առնետներն էլ ավելի մեծ խորամանկության են դիմել ու, իրենցից մեկին որպես խայծ օգտագործելով, դարանակալել են առնետների գային ու բոլոր կողմերից հարձակվել դրա վրա, երբ առնետների գայլը զբաղված է եղել իրենց խայծ եղբորը խեղդելով։

Ժամանակակից գիտնականները համարում են, որ նման մեթոդ իսկապես գոյություն ունեցել է, և համենայն դեպս դա հերքող ոչ մի փաստ չկա, սակայն նրանք համարում են, որ առնետների գայլերի արդյունավետությունը մի քիչ ուռճացվել է ժամանակիցների ու հատկապես ավելի ուշ շրջանում ապրած գրողների կողմից։ Հայտնի է նաև, որ առնետների գայլերին բուծում էին ոչ միայն այլ կրծողների դեմ պայքարելու, այլև խաղադրույքներով մարտեր կազմակերպելու համար, երբ երկու կանիբալ առնետներին գցում էին նույն արկղի մեջ ու հետևում, ինչպես դա անում են շների մենամարտերում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին