Nyut.am-ը գրում է. Մասոնությունը ժխտում է քրիստոնեությունը, մարդուն է հռչակում Աստված, հիմնովին մերժվում է ազգային պատկանելության գաղափարը, լիովին բացասում «հայրենիք» հասկացությունը: Մի շարք հայ մասոնների և մասոնության հետ կապված մանրամասների շուրջ է կայքի հարցազրույցը հրապարակախոս, տնտեսական մշակութաբան Խաչատուր Դադայանի հետ:
Ովքե՞ր են նախորդ երկու դարերում հայերից և իբրև հայ ներկայացող ծպտյալ այլազգիներից մասոններ եղել, ովքե՞ր են մեր իրականության մեջ մասոնություն տարածել:
Ըստ մեր ուսումնասիրության, հայոց մեջ մասոնությունը սերմանել են ակնցիները (Ակն քաղաքը գտնվում է Եփրատի աջ ափին` Խարբերդի ու Երիզայի միջև)։ Ակնցի էր նաև Հարություն Հակոբիկի Նորատունկյանը (1845-1899), որն առաջին հայ մասոններից էր։ Նա Պոլսում հիմնեց «Սեր» անվամբ «Ազատ որմնադիրների» օթյակ, որին անդամագրվեցին Տիգրան Յուսուֆյանը, Հարություն Մերեմգուլին, Միքայել Խորասանճյանը, Հովհաննես Խորասանճյանը, Սիմոն և Միքայել Մաքսուդները, Կարապետ Շահնազարը, Տիգրան Բաբաղամյանը, Անտոն Հաճյանը, բժիշկ Քյաթիպյանը, Ասլանյան փաշան և այլք։ Հ. Նորատունկյանի կրտսեր որդին էր Միքայելը, որը հետագայում դարձավ տնտեսագիտության դոկտոր և Ռումինիայի «Ազատ որմնադիրների» միության նախագահ։ Իսկ ավագ որդին էր հանրահայտ Գաբրիել Նորատունկյանը։
Հայտնի է, որ Պոլսո ամիրաների զգալի մասն ակնցի էր, ինչպես, օրինակ, Տատյանները, Ճեզայիրլյանները, Միսաքյանները, Արփիարյանները, Չերազյանները, Սողբոսյանները և այլք։
1920-ի մայիսի 15-ին Կիլիկիայի 275 հազար քրիստոնյաների (այդ թվում` 150 հազար հայերի) ներկայացուցիչները կոչ հղեցին դաշնակից և այլ պետությունների, ինչպես նաև Հռոմի պապին և ամբողջ քաղաքակիրթ աշխարհին, որպեսզի Կիլիկիան չհանձնեն թուրքերին։ Ի թիվս այլոց, կոչը ստորագրել էր նաև Ադանայի մասոնական օթյակի համաժողովի կողմից Ավետիս Ավետիսյանը։
Կարո՞ղ եք հայ մասոնների այլ անուններ էլ նշել:
Խնդրեմ, հիմա հրապարակեմ մի համառոտ ցանկ.
Աղաջանյան Արթուր (Անդրանիկ) Մեսրոպի, ծնվել է 1907-ին, Կարսի մարզի Օրթա-Քիլիսե գյուղում։ 1922-ին ընտանյոք արտագաղթել է ԱՄՆ։ 1936-ին նա Արտեզիայում գնել է մի կալվածք, հիմնել խոզաբուծական ֆերմա, որը 60-ական թթ. Կալիֆոռնիայում ամենաշահութաբերն ու խոշորագույնն էր։ Ապա Ջեկ Առաքելյանի ու Ջանի Գաբրիելյանի հետ Մոնտեբելլոյում հիմնել է «Գերֆիլդ» բանկը։ Ա. Աղաջանյանը մասոն էր։
Աղաջանյան Կարապետ Սարգսի (1876, Թիֆլիս-1955, Փարիզ) - նյարդաբույժ, գիտնական, հասարակական գործիչ։ Ավարտել է Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիան։ 1924-1948 թթ. Ֆրանսիայի Մեչնիկովի անվան ռուս բժիշկների ընկերության անդամ, վարչության անդամ, վարչության նախագահ, պատվավոր նախագահ։ 1928 թ. Սորբոնի համալսարանում պաշտպանել է բժշկական գիտությունների դոկտորի ատենախոսություն։ Բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ։
1950-ից` Ռուսահայերի միության նախագահ (Ֆրանսիա)։
1931 թ. Փարիզում եղել է «Ազատ Ռուսաստան» օթյակի հիմնադիրներից, 1926-1934 թթ.` «Հյուսիսային աստղ» օթյակի անդամ։
Ամբարդանյան Գրիգոր Միքայելի (1876, Վարշավա-1962, Փարիզ) - բժշկական գիտությունների դոկտոր։ Բոլշևիկյան հեղափոխությունից հետո արտագաղթել է Փարիզ, աշխատել է Կարմիր խաչի ռուսական ամբուլատորիայում։
1931-1956 թթ.` «Հերմես» օթյակի անդամ, կատարել է սեղանապետի, դրոշակակրի, կնիքի պահապանի, ընծայատուի պարտականություններ։
Բերբերյան Լևոն Ռուբենի (1902, Նախիջևան-1972, Փարիզ) - բոլշևիկյան հեղափոխությունից հետո տարագրվել է Ֆրանսիա։ Ռ. Բերբերյանի որդին է։ Մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին։ 1947-ին ընտրվել է ֆրանսիական բանակի «Սպաների միության» փոխնախագահ։ Եղել է խաղողի այգիների խոշոր հողատեր։ «Աստրեա» օթյակի հիմնադիր-անդամ, «Հերմես» օթյակի գրապահ-արխիվիստ, ծիսակատար։
Բերբերյան Ռուբեն Հովհաննեսի (1873, Նախիջևան-1942, Բորմս, Ֆրանսիա) - արդյունաբերող, լրագրող, գրական գործիչ։ Ուսանել է Ժնևում ու Փարիզում։ 1902 թ. անդամագրվել է Փարիզի «Les Compagnons Ardents» օթյակին, նույն թվականին ընտրվել է Փարիզի սոցիոլոգիական ասոցիացիայի անդամ, վարել է միջազգային առևտրի դասընթաց։
1903-1907 թթ.` Ռոստովի Փոխադարձ վարկի 2-րդ ընկերության հիմնադիր ու նախագահ, 1903-1910 թթ.` Ռոստովի դատական շրջանի պատվավոր հաշտարար դատավոր, 1907-1918 թթ.` «Վոլգա-Կամյան բանկի» և «Պետրոգրադի հաշվառու բանկի» ռոստովյան գրասենյակների տնօրեն, 1917-1919 թթ.` «Խարկովի լեռնարդյունաբերական բանկի» և «Վոլգա-Գրոզնի նավթային ընկերության» վարչության նախագահ։ Եղել է Դոնի մարզի Հայոց ազգային խորհրդի նախագահ։ 1920 թ., որպես հայկական կառավարության պատվիրակ, մասնակցել է Բրյուսելում կայացած միջազգային ֆինանսական կոնֆերանսին։
Բոլշևիկյան հեղափոխությունից հետո տարագրվել է. 1928 թ. եղել է Լոնդոնի «Անգլո-կովկասյան նավթային ընկերության» վարչության անդամ, նույն թվականին տեղափոխվել է Փարիզ, զբաղվել գրական ու լրագրողական գործունեությամբ։ Հեղինակն է Ռ. Պատկանյանի ու Մ. Նալբանդյանի կենսագրական գրքերի, Հայոց գրական ակումբի նախագահ (1932-1933)։
1928 թ. «Հյուսիսային աստղ» օթյակի անդամ, ստացել է 18-րդ աստիճանի Վարպետի կոչում, 1930-ին` Ծեսերի վարպետ։ 1931-1932 թթ.` «Ազատ Ռուսաստան» օթյակի, 1932-1933-ին «Հյուսիսային աստղի տիրական շքանշարանի» քարտուղար։
Գամպերյան Հովհաննես. ծնվել է 1870 թ. Սիվրի-Հիսարում, նախնական կրթությունն ստացել է Մարզվանում, 1889 թ. ավարտել «Անատոլիա» քոլեջը։ Սամսունում հիմնել է ալյուրի արտադրության ընկերություն։ Հետագայում արտագաղթել է Մանչեստր և զբաղվել առևտրով։ Հինգ տարի եղել է Մանչեստրի հայոց Ընդհանուր ժողովի ատենադպիրը, հանդիսացել ՀԲԸՄ տեղի մասնաճյուղի հիմնադիրներից։ 1907-ին անդամագրվել է մասոնությանը, իսկ 1914-ին ձեռնադրվել է Ազատ որմնադիրների օթյակի լիազոր։ 1915-ից անգլիական կառավարությունում ներկայացրել է անգլահայ համայնքի շահերը, եռանդուն մասնակցություն ունեցել Հայ դատը պաշտպանելու և Հայոց ցեղասպանությունը դատապարտելու գործում։
Եղիազարյան Ստեփան Սմբատի (1889, Շարուր-1976, Փարիզ)-գնդապետ, իրավաբան, կոմպոզիտոր, ձեռնարկատեր։ Ավարտել է Թիֆլիսի Միխայլովյան ռազմական ուսումնարանը և Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Մասնակցել է Առաջին աշխարհամարտին։ 1917 թ.` հայկական բանակի զինվորական դատախազ։ Երաժշտագիտություն է ուսանել Ա. Սպենդիարյանի մոտ, Ստիվինսկի կեղծանունով գրել է ռոմանսներ։
1921-ին տարագրվել է Փարիզ, զբաղվել է օծանելիքի բիզնեսով, հիգիենայի ու գեղեցկության «Արաքս» սալոնի սեփականատերն էր։
1930-ական թթ. եղել է «Մեծ պատերազմի նախկին անդամ հայ սպաների միության» հիմնադիրներից, դրա վարչության անդամ։
Թովմասյան Ծատուր. 1880-ական թթ. Ինդոնեզիայի մայրաքաղաք Բաթավիայում (Ջակարտա) զբաղվել է վաճառականությամբ։ Եղել է Ազատ որմնադիրների օթյակի Մեծ վարպետ։
Թոփագյան Գրիգոր. ծնվել է 1892 թ. Կոնիայում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Ազգային վարժարանում, ապա ընտանյոք տեղափոխվել Պոլիս, հաճախել Բագրատունու առևտրական վարժարանը և Օսմանյան առևտրական բարձրագույն վարժարանը։ Աշխատել է «Աստարճյան» վաճառատանը։ 1921 թ. արտագաղթել է ԱՄՆ, հաճախել Նյու Յորքի «Վաշինգտոն Իրվինգ» բարձրագույն դպրոց, որից հետո զբաղվել է արևելյան գորգերի առևտրով։ Եղել է Կեսարիայի վերաշինաց միության վարչության անդամ։ Ամերիկյան «Ազատ որմնադիրների» օթյակի անդամ։
Լիանոսյան Ստեփան Գևորգի (1872, Մոսկվա-1949, Փարիզ)-խոշորագույն նավթարդյունաբերող, քաղաքական, հասարակական գործիչ։ Ավարտել է Մոսկվայի համալսարանի բնագիտական և իրավաբանական ֆակուլտետները։ 1901-ից Բաքվում զբաղվել է նավթաբիզնեսով, եղել ավելի քան 20 նավթարդյունաբերական ֆիրմաների վարչության անդամ, 1912-ին հայ և այլազգի ձեռնարկատերերի հետ հիմնել է Ռուսաստանի ամենախոշոր «Օյլ» նավթարդյունաբերական կորպորացիան։ 1917-ին անցել է Ֆինլանդիա և դարձել հակաբոլշևիկյան շարժման կազմակերպիչներից մեկը։ 1919 թ. Տալլինում ստեղծել է Հյուսիս-արևմտյան Հանրապետությունը, եղել նրա վարչապետը, թողարկել է սեփական թղթադրամներ։ 1920-ին տարագրվել է Փարիզ և հանդիսացել «Տորգպրոմ» հակաբոլշևիկյան կազմակերպության հիմնադիրներից մեկը։ Եղել է մի շարք ռուսական էմիգրանտական կազմակերպությունների եռանդուն անդամ։
«Հերմես» և «Ոսկե գեղմ» օթյակների հիմնադիր-անդամ։ 1936-1949 թթ.` Ռուսական օթյակների միավորման խորհրդի պատգամավոր։ Կատարել է պատվելի վարպետի, դռնապանի, դրոշակակրի պարտականություններ, մի շարք օթյակներում հանդես է եկել դասախոսություններով։
Խատիսյան Ալեքսանդր Հովհաննեսի (1874, Թիֆլիս-1945, Փարիզ) - պետական գործիչ։ ՈՒսանել է Մոսկվայի ու Խարկովի համալսարանների բժշկական ֆակուլտետներում, Բեռլինում ուսումնասիրել է առողջապահություն։ 1900 թ. վերադարձել է Թիֆլիս, անդամագրվել ՀՅԴ-ին, մասնակցել 1905-1907 թթ. հեղափոխությանը։ 1910-1917 թթ.` Թիֆլիսի քաղաքագլուխ։ Մասնակցել է Հայ կամավորական ջոկատների կազմավորմանը։ Պետական դումայի պատգամավոր։ 1918-ին` Անդրկովկասյան Հանրապետության ֆինանսների ու պարենի նախարար։ 1919-ին` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար։ Լոզանի կոնֆերանսի մասնակից։ Փարիզահայ կազմակերպությունների եռանդուն անդամ։ Բազմաթիվ հրապարակումների հեղինակ։
«Ազատ Ռուսաստան» օթյակի անդամ, նրա 1-ին պահապան (1931-1933) և հռետոր (193), «Հյուսիսային աստղ» օթյակի կնիքի պահապան (1928), 2-րդ ծիսապետ (1928-1929)։
Ղորղանյան Գաբրիել Գրիգորի (1880, Թիֆլիս-1954, Փարիզ) - գեներալ-մայոր, հասարակական գործիչ։ Ավարտել է Թիֆլիսի կադետական կորպուսը, Միխայլովյան հրետանային ուսումնարանը, գլխավոր շտաբի Նիկոլաևյան ակադեմիան։ Առաջին աշխարհամարտի ժամանակ եղել է Կովկասյան հեծելազորային դիվիզիայի շտաբի պետ, Կովկասյան բանակի շտաբի հերթապահ գեներալ։ 1919-ին մասնակցել է Փարիզի միջազգային կոնֆերանսներին, որպես հայկական պատվիրակության ռազմական խորհրդական։
1929-ին` «Մեծ պատերազմի նախկին անդամ հայ սպաների միության» հիմնադիր, 1930-1934 թթ.` դրա վարչության նախագահ, ապա` պատվավոր նախագահ։ Պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով։
«Ֆրանսիայի Մեծ Արևելք միության Ֆրանսիա-Հայաստան» օթյակի անդամ։
Շահնազարյան Ալեքսանդր Սիմոնի (1896-1933, Փարիզ) - սպա, կինոդերասան, բեմադրիչ։ Ավարտել է Նիկոլաևյան հեծելազորային ուսումնարանը։ Առաջին աշխարհամարտի մասնակից, կռվել է Անդրամուրյան հեծյալ գնդի, ապա Ալեքսանդրյան հուսարական գնդի կազմում։ Տարագրության ժամանակ Ֆրանսիայում աշխատել է որպես կինոյի դերասան, ապա` բեմադրիչ։ «Գարիբալդի» օթյակի անդամ (1922-1924), «Ոսկե գեղմ» (1924) և «Պրոմեթևս» (1926) օթյակների հիմնադիր-անդամ։
Վարդապետյանց Նիկոլայ Միքայելի (1919, Եսենտուկի-1999, Ֆրանսիա) - ճարտարագետ։ Տարագրության ժամանակ, Ֆրանսիայում, աշխատել է որպես իրանյան նավթային ընկերության ճարտարագետ-տեղագիր (1971-1994)։ Ֆրանսիայի Ռուսական ճարտարագետների միության անդամ։ «Լոտոս», «Աստրեա» և այլ օթյակների անդամ։
Տեր-Պողոսյան Միքայել Մաթևոսի (1890, Երևան-1967, Փարիզ) - փաստաբան, լրագրող, հասարակական գործիչ։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, պաշտպանել թեկնածուական ատենախոսություն։ 1907-ից` էսէռների կուսակցության անդամ, Առաջին աշխարհամարտի ժամանակ կամավոր մեկնել է ռազմաճակատ, քաղաքացիական պատերազմի տարիներին Ռուսաստանի հարավում, Անդրկովկասում ու Պարսկաստանում մասնակցել է մարտական գործողությունների։ 1919-ին տարագրվել է Բեռլին, 1925-ին` Փարիզ, եղել է «Arev» կինոընկերության լիազոր, «St-Cloud Palace» ստուդիայի տնօրեն։ Ֆրանսիայի օկուպացիայի ժամանակ մասնակցել է դիմադրության շարժմանը, իր տանը թաքցրել է հրեաների, փախստականների։ 1945-ին` «Խորհրդային Ռուսաստանի հետ ռուսական էմիգրացիայի մերձեցման միավորման» նախագահ։
1930-ական թվականներից մինչ ի մահ` «Հյուսիսային աստղ» օթյակի առաջնորդներից մեկը, 1937-ից` պատվելի վարպետ։ «Միավորված եղբայրներ», «Ֆրանսիայի Մեծ Արևելք» օթյակների պատվելի վարպետ։ 1938-ին անդամագրվել է «Դեմքով դեպ Ռուսաստան» խմբին, որը միավորում էր ֆրանսիական զանազան օթյակների մասոնների։ Հավելեմ, որ հրապարակման եմ նախապատրաստել տեղեկություններ ևս մեկ տասնյակից ավելի հայ մասոնների մասին:
Մասոնությունն ունի՞ քաղաքական նպատակներ:
Անկասկած և առաջին հերթին` քաղաքական: Վաղուց անտի գոյություն ունի տեսակետ, թե մասոնության բուն էությունը հայրենիքի և ազգային պատկանելության զգացումից զերծ անհատներից բաղկացած միջազգային հանրակցության ստեղծումն է, որը գաղտնաբար կձգտի համաշխարհային տիրապետության։ Այդ մասին 1926-ին անթաքույց գրել է անգամ «Վիեննայի մասոնական թերթը». «Մասոնությունը` իբրև համաշխարհային միացյալ մասոնություն, պատմություն կերտող մի հսկայական ազդակ է։ Մասոնությունը մի աշխարհակերտ գաղափար է, իսկ աշխարհակերտ յուրաքանչյուր գաղափար ինքնին քաղաքականություն է»։ Հարկ է նշել նաև, որ մասոններ են եղել և են համաշխարհային քաղաքականության, գիտության, մշակույթի, արվեստի, գրականության, բիզնեսի և այլ ոլորտների հարյուրավոր ականավոր գործիչներ, անգամ` խոշոր պետությունների նախագահներ։ Մասոնության մասին տպագրվել են հազարավոր գրքեր, ուսումնասիրություններ, և կասկած չի մնում այդ հանրակցության բուն նպատակները հասկանալու համար: Թե վերը ներկայացրածս անձինք ինչ դրդապատճառներով են անդամագրվել մասոնությանը կամ ինչպես ընտրվել, դժվար է ասել, սակայն վերոնշյալ ցանկից ակնհայտ է, որ նրանք հայոց վերնախավի ներկայացուցիչներ են։ Եվ այստեղ հարց է ծագում` արդյո՞ք նաև այս մարդկանց միջոցով մասոնության կողմից չի վերահսկվել Հայոց հարցը...
Կարծում եք վերահսկե՞լ են:
Խնդրաց խնդիրը դա է: Հուլիսի 24-ին պրն Սարգիս Հացպանյանը Նարեկացի արվեստի կենտրոնում խիստ ուշագրավ, ուսանելի, մանրակրկիտ զեկուցում ունեցավ մասոնության վերաբերյալ, որի էությունը, հիմնական հարցադրումը հետևյալն էր` մասոնությունն առհասարակ, և հայ մասոնները` մասնավորաբար, մեղսակցություն ունե՞ն հայոց ցեղասպանությանը: Իմ հետաքրքրության ծիրն էլ է դա և ավելին` մասոնների դերակատարումը Հայոց հարցում: Թող խիզախություն ունենան և պատասխանեն այդ հարցերին, կամ հաստատեն, կամ ժխտեն: Մեր ժողովուրդն իրավունք ունի իմանալու իր անասելի ողբերգության բոլոր մեղսակիցներին: Մենք առնվազն ունենք բարոյական դատարան, որի առաջ պետք է պատասխան տան բոլոր մեղավորները:
Այսօր Հայաստանում էլ կան մասոններ, ովքե՞ր են նրանք, ինչ- որ տեղեկություններ ունե՞ք նրանց մասին, ինչո՞վ են զբաղված:
Ինչպե՞ս կարող են չլինել, եթե կան թուրքական լրտեսներ, համասեռամոլներ, զանազան կարգի ազգուրացներ: Նրանցից մի քանիսը հրապարակավ հայտարարում են իրենց պատկանելության մասին, ոմանք համացանցում էջեր ունեն, պաշտոնապես հայտարարվել է հայկական օթյակի գոյության մասին, մեր երկրում պարբերաբար տեղի են ունենում հավաքներ, բայց գերակշիռ մասն, անշուշտ, գործում է գաղտնաբար: Չգիտեմ, թե Հայաստանի այսօրվա մասոնները կոնկրետ ովքեր են, ինչ-ինչ բաներ գիտեմ, ենթադրություններ էլ կարող եմ անել, բայց չեմ անի: ճշտիվ իմանալու համար ինքդ պիտի մասոն լինես:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում