Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական վարկանիշը կազմում է 13%: Այդ մասին են վկայում ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից հունիսի 16-ից 25-ը իրականացված հարցման արդյունքները:
IRI նախորդ հարցման համեմատ Փաշինյանի վարկանիշը նվազել է ևս երեք կետով։
Երկրորդ տեղում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն է՝ 5%, երրորդ՝ Ռոբերտ Քոչարյանը՝ 4%։
Հարցման արդյունքներով, բնակչության 49%-ը վստահ է, որ Հայաստանը շարժվում է սխալ ուղղությամբ։ Միաժամանակ, 36%-ը կարծում է, որ ՀՀ զարգացումը ճիշտ ուղղությամբ է ընթանում։
Հարցումը վկայում է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշը ևս նվազել է։ Եթե ընտրությունները կայանային հաջորդ կիրակի, ապա ՔՊ-ի օգտին կքվեարկեր ընտրողների ընդամենը 17%-ը՝ նախորդ սեպտեմբերի 20%-ի փոխարեն։ «Հայաստան» դաշինքն այս ցուցակում երկրորդն է՝ 4%, հարցվածների եւս երկու տոկոսը պարզապես նշել է Քոչարյանի անունը։ Հարցվածների 61%-ն ասել է, որ քաղաքական ոչ մի գործչի չի վստահում, 28%-ը նշել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին չի մասնակցելու։
Հայաստանի ամենահեղինակավոր ինստիտուտը Զինված ուժերն են, նրանց ամբողջությամբ կամ մասամբ վստահում է հարցվածների 72%-ը: Երկրորդ տեղում Հայ Առաքելական եկեղեցին է՝ 58%։ Նախորդ հարցման համեմատ եկեղեցու վարկանիշն աճել է 10%-ով։