Եթե մենք ցանկանում ենք վերականգնել մեր իրավունքները, չպետք է դադարենք պայքարել
Միասնության հավաք/ Սեպտեմբերի 2-ին, 18:30, Ազատության հրապարակ
ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյան
***
Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Այսօր սեպտեմբերի 2-ն է՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը, որը դիմավորում ենք մեր կրած կորուստներից ամոքման հույսով, Աստծո զորակցության հավատով։
Արցախի անկախության երեսուներորդ տարեդարձի նախասեմին՝ 2020-2023 թվականներին, ողբերգական իրադարձություններ ծավալվեցին։ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի և ցեղասպանական գործողությունների հետևանքով բռնազավթվեց և ամբողջապես հայաթափվեց հայոց Արցախ աշխարհը, հազարավոր հայորդիներ զոհվեցին, պղծվեցին ու ոչնչացվեցին բազմաթիվ սրբավայրեր, և մինչ այսօր Բաքվում շարունակում են պատանդ մնալ Արցախի պետական այրեր և զինվորականներ։
Այս նվիրական օրը մեր խոնարհումն ենք բերում Արցախի անկախության, արցախահայության ապահովության համար ամենաթանկագինը՝ իրենց կյանքն ընծայած մեր քաջորդիների հիշատակի առաջ։
Մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված՝ հայցելով շուտափույտ վերադարձ գերյալ և անհայտ կորած մեր զավակներին, խաղաղություն մեր երկրին ու ժողովրդին։
Բարձր ենք գնահատում բոլոր երկրների և միջազգային կառույցների ջանքերը, որոնք շարունակվում են ուղղված մնալ Արցախի ողբերգական պատերազմի ծանր հետևանքների հաղթահարմանը, տարածաշրջանում սպառնալիքներ ու պարտադրանք բացառող կայուն և երկարատև խաղաղության հաստատմանը։
Արցախի Հանրապետության անկախության տարեդարձը հիշարժան առիթ է՝ արտահայտելու խաղաղության գաղափարին մեր ժողովրդի նվիրվածությունը, թոթափելու նաև հարմարվողական ու պարտվողական տրամադրությունները՝ արժանապատվորեն հաղթահարելու համար մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու փորձությունները։
Հայրապետական մեր հորդորն է, որ բազմապատկենք մեր ջանքերը՝ միջազգային հանրության աջակցությամբ պաշտպանելու Արցախի մեր տեղահանված ժողովրդի իրավունքները, ոչնչացումից փրկելու հայկական հոգևոր-մշակութային բազմադարյա ժառանգությունը և հայրենիք վերադարձնելու գերեվարված մեր զավակներին։
Համախմբվենք հանուն մեր պետականության զորացման ու ամրապնդման, մեր երկրի տարածքային ամբողջականության անխախտելիության պահպանման։ Անաղարտ պահենք հայկական մեր ինքնությունն ու ազգային արժեքները՝ հուսառատ մեր հայացքը միշտ ուղղելով դեպի մեր կյանքի շնորհաբեր ապագան։
Աղոթում ենք, որ Աստծո ողորմությամբ վերականգնվի արդարությունը, և մեր ազգի զավակներն ապրեն խաղաղության ու բարօրության մեջ: Թող Աստված պահապան լինի մեր երկրին ու ժողովրդին ի Հայաստան և ի Սփյուռս: Ամեն:
***
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրվա առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, մի քանի տասնամյակ՝ մինչև 2018-ի իշխանազավթումը, մենք բոլորս միասին Հայաստանում, Արցախում և սփյուռքում այս օրը նշել ենք մեծ շուքով, ուրախության և արժանապատվության զգացումներով: Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը եղել է հայատյաց Ադրբեջանին անարդարացիորեն բռնակցված մեր Հայրենիքի մի մասի ազատագրման օր, որի համար իրենց կյանքն են տվել մեր հերոս եղբայրներն ու քույրերը, իրենց կյանքի լավագույն տարիներն են նվիրաբերել հազարավոր հայորդիներ:
Այսօր, սակայն, երբեմնի տոնական օրը մենք նշում ենք Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հետևանքով էթնիկ զտման ենթարկված, հայաթափված, օկուպացված Արցախի և բռնագաղթի ենթարկված արցախցիների խնդիրների նկատմամբ ՀՀ գործող վարչակազմի տոտալ անտարբերության պայմաններում: Բաքվի բանտերում ապօրինի, շինծու մեղադրանքներով դատավարության շրջանակներում անմարդկային զրկանքներ են կրում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ու պատանդառված, գերեվարված այլ հայորդիներ։
Ես հավատում եմ, որ ինչպես իմ սերնդին հաջողվեց բռնակցումից տասնամյակներ անց ազատագրել հայրենի հողը, վերականգնել արդարությունը, ազգային արժանապատվությունը և հայատյաց Ադրբեջանին պարտադրել խաղաղություն, այլ ոչ թե անարժանապատիվ պայմաններով խաղաղություն մուրալ, այնպես էլ այս ողբերգությունից դուրս կգանք հաղթանակով:
Ուրեմն թող մեր ցավը դառնա վճռականություն, թող մեր կորուստները դառնան պայքարի խթան, և թող Սեպտեմբերի 2-ը մնա ոչ թե անցյալի հիշատակ, այլ հաղթանակով պսակվելիք ապագայի աներեր համոզմունք։
Այո, Արցախի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված չէր, սակայն Արցախի հարցը միջազգայնորեն ճանաչված է որպես խնդիր՝ դրա արդար և կայուն կարգավորման համար նախկինում ստեղծված միջազգային մեխանիզմներով:
Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ միջազգային ճնշում գործադրելու հնարավորությունները և հիմքերն այսօր էլ առկա են, սակայն Հայաստանի գործող վարչախումբը դիտավորյալ այդ գործիքակազմից չի օգտվում:
Մենք չենք կարող լռելյայն համաձայնել կապիտուլյանտ իշխանությունների պարտվողական, աղետաբեր, կորուստներով լի քաղաքականության հետ, որը խաբեությամբ մատուցվում է որպես խաղաղություն։ Մինչդեռ այն ոչ մի երաշխիքով ամրապնդված չէ, և թշնամին ամեն օր կապիտուլյանտ իշխանություններին իր պահանջներն է առաջադրում:
Սեփական աթոռը կորցնելու վախերից կառչած իշխանազավթի համար Արցախը ոչ թե Հայրենիք է, այլ ծանր բեռ, արցախցին ոչ թե հայրենակից է, այլ ժամանակավոր ապաստան խնդրող, պատմական արդարության վերականգնումը ոչ թե նպատակ է, այլ խանգարող հանգամանք:
Աներկբա է՝ ոչ մի օկուպանտ կամ բռնապետ, ոչ մի ժամանակավոր պարտություն չեն կարող սասանել մեր կամքը՝ Աստծո՝ մեզ պարգևած հողի վրա այլ ժողովուրդների նման ապրելու ազատ, անկախ, խաղաղ ու երջանիկ: Արցախը հայերի Հայրենիքի նվիրական մասն է, իսկ արցախահայության վերադարձը՝ նրա անբեկանելի և հիմնարար իրավունքը։
Փա՛ռք,
Հավերժ փա՛ռք Հայրենիքի ազատության համար նահատակվածներին:
Ո՛ւժ և զորությո՛ւն մերօրյա արժանապատիվ հայորդիներին։
Աստված պահապա՛ն մեր Հայրենիքին:
***
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պատմություն, դասագրքեր, իրականություն կեղծելով՝ պատմական իրողությունները չեն փոխվում:
Հատկապես որ մեր ժողովրդի համար պատմական, հանգրվանային իրավիճակներում մեծ ջանքերից, զոհողություններից բացի նաև կյանք է դրվել:
Արցախյան շարժումը, Արցախի պատերազմը, Արցախի ազատության համար պայքարը զուտ տեղային խնդիր չի եղել:
Արցախյան շարժման և պատերազմի հաղթանակն ապահովեց ոչ միայն արցախցիների արդար պահանջների իրացումը, այլ ապահովեց Հայաստանի անվտանգությունը, հնարավորություն տվեց մեր երկրին` տարածաշրջանում և ամենուր, դիրքավորվելու որպես պայքարող և հաղթող ժողովրդի, ինչը հայ ժողովրդի համար լրիվ այլ հեռանկար և ճակատագիր էր ենթադրում:
Այսօր հայն այլևս Արցախում չի ապրում: Սա պարզապես մի ամբողջ ժողովրդի ողբերգություն է:
Այսօր հայը ինքը պետք է որոշի` առկա իրողություններն ընդունում է որպես պատմության ավա՞րտ, դատավճի՞ռ կամ վերջնական վախճա՞ն, թե՞ ընտրում է խելամտությունը, սթափությունն ու արժանապատվությունը:
Ես համոզված եմ, որ անհրաժեշտ պահին, հայ մարդը ճիշտ որոշում կկայացնի»։
***
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության հռչակման 34-ամյակի կապակցությամբ.
«2025 թվականի սեպտեմբերի 2-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության հռչակման 34-րդ տարեդարձը։ Այս տարեթիվը հայ ժողովրդի համար ոչ միայն պատմականորեն հիշարժան օր է, այլև միջազգային իրավունքի հիման վրա ինքնորոշման և խաղաղ ապրելու իրավունքի վկայություն։ Համահայկական կարևորություն ունեցող այդ որոշումը կայացվեց պատմական և իրավական հիմքերի վրա։
1991 թվականի սեպտեմբերի 2-ը դարձավ Արցախի պետականության սկիզբը։ Երեսուն տարիների ընթացքում՝ սահմանադրական ամուր հիմքերով և արդյունավետորեն գործող պետական ու ժողովրդավարական հաստատություններով, Արցախի ժողովուրդը ապահովում էր հայկական երկրորդ հանրապետության զարգացումը։ Թեև Արցախի Հանրապետությունը միջազգային ճանաչում չուներ, այն կայացած պետական համակարգ էր և տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության մատակարար, որի հետ հաշվի էին նստում ոչ միայն տարածաշրջանային ուժերը, այլ նաև միջազգային կշիռ ունեցող տարբեր կենտրոններ։
2020 թվականի պատերազմը, իսկ այնուհետև՝ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանական գործողությունները, Արցախի Հանրապետության տարածքի ամբողջական զավթումն ու հայաթափումը մարդկության պատմության մեջ արձանագրվեցին որպես սև և ամոթալի էջ, որտեղ ինքնորոշման ու ազատ ապրելու իրավունքը զոհաբերվեց ուժի, տնտեսական և ամբողջատիրական շահերին։
Մենք հիշում և խոնարհվում ենք բոլոր նրանց առջև, ովքեր իրենց կյանքով պաշտպանեցին Արցախի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը։ Ինչպես յուրաքանչյուր ազգային մտածողությամբ օժտված անհատ, պատմական արդարության վերականգնման համար մենք պարտավոր ենք շարունակել պայքարը և զինվորագրվել հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժմանը։
Այսօր, երբ Արցախի պետական կառույցները վտարանդի են, իսկ ժողովուրդը զրկված է իր հայրենի հողից, Արցախի Ազգային ժողովը՝ որպես առաջնային մանդատով օժտված բարձրագույն ներկայացուցչական մարմին, արտահայտելով հանրապետության ողջ բնակչության կամքն ու դիրքորոշումը, հարկ է համարում մեկ անգամ ևս շեշտել և միջազգային հանրությանը հիշեցնել.
Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության հռչակումը հիմնված է այդ օրերին գործող Խորհրդային Միության օրենքների վրա, ուստի օրինական է և չի կարող կասկածի տակ դրվել բռնապետական ուժերի կողմից կիրառվող ճնշումների և կամայական մեկնաբանությունների լույսի ներքո։
Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության և հարակից տարածքներում հազարամյակների ընթացքում ձևավորված հայկական ազգային մշակութային և կրոնական արժեքները մաս են կազմում համամարդկային քաղաքակրթության, և դրանց պահպանումն ու խնամքը միջազգային համապատասխան կառույցների գործառույթների անբաժանելի մասն են։
Արցախի Հանրապետության տարածքում բնակված ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի օջախներ անօտարելի և բացարձակ իրավունք է, որի անտեսումը շարունակությունն է Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանության։
ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատում ներառված է նաև Արցախի ժողովրդի իրավունքների հարցը, ուստի այդ խմբի լուծարումը՝ առանց այդ իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմների և երաշխիքների մշակման, անթույլատրելի է։
Վերը նշված հիմնավորումներից ելնելով՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը պահանջում է Հայաստանի Հանրապետության իշխանություններից և կոչ է անում միջազգային իրավասու կազմակերպություններին ու միջնորդ երկրներին՝ հայ-ադրբեջանական բանակցություններում օրակարգային հարց դարձնել գերիների և պատանդների ազատումը, արցախահայության վերադարձը հայրենի բնօրրան և պատմական հայրենիքում ազատ, անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքի ապահովումը։
Տարածաշրջանում իրական խաղաղությունն ու երկարատև կայունությունը պահանջում են արդարության վրա հիմնված, հավասարակշռված և կողմերի համար ընդունելի լուծումներ, ոչ թե հարկադրանքի և աշխարհաքաղաքական առևտրի վրա կառուցված ժամանակավոր իրավիճակային պարտադրանք։
Արցախյան խնդիրը հանգուցալուծված չէ, Արցախի հարցը փակված չէ, քանի որ ցեղասպանական գործողությունների վավերացումն ու դրանց հետևանքների լեգիտիմացումը չեն կարող դիտվել որպես վերջնարդյունք՝ միջազգային գրված և չգրված, իրավական և բարոյական տիրույթներում։
Արցախցին տերն է իր հայրենիքի, իր պատմության, իր հոգևոր և մշակութային ժառանգության, իր անցյալի և ապագայի, իր իրավունքների և առաքելության»։