Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում հերթապահ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պուշկինի փողոցում՝ «Բիթլզ փաբ»-ի մոտ, մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել և կա վիրավոր:
Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Տեղում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են մի վիրավոր քաղաքացու, ում օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա «պարանոցային խոշոր անոթի վնասվածք» ախտորոշմամբ նրան տեղափոխել են Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:
Մինչ բժիշկները պայոքրւմ էին վիրավորի կյանքի համար, Կենտրոնական բաժնի ոստիկանները, ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները պարզել են, որ ժամը 01:55-ի սահմաններում Պոշկինի 51 հասցեի մոտ մի խումբ անձինք բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, հայհոյանքներ են հնչեցրել, և երբ նրանց նկատողություն են արել, որ դադարեցնեն լկտի վերաբերմունքը, նրանք հարձակվել են իրենց նկատողություն արած անձանց վրա, որի ժամանակ էլ Երևանի բնակիչ 29-ամյա Է. Պ.-ն դանակահարվել է, իսկ կռվի մասնակիցները նշված վայրից դիմել են փախուստի՝ ընթացքում շարունակելով հայհոյանքներ հնչեցնել:
Դեպքի վայրում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են արնանման հետքեր:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները և մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: