▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բաց նամակ՝ Տեր Էդվարդ Բաբայանին․ արդյո՞ք պատարագի ժամանակ հիշատակելու ես Կաթողիկոսին, թեմի առաջնորդին»

Դիտեք նաև՝

Սամվել դպիր Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «ԲԱՑ ՆԱՄԱԿ Տեր Էդվարդ Բաբայանին
Օրհնեա Տեր Հայր ջան,
Հուսով եմ լավ ես: Համացանցից տեղեկացա, որ գալիք կիրակի Ս.Պատարագ ես մատուցելու Արարատ գյուղի Ս.Հակոբ եկեղեցում: Թող ընդունելի Պատարագ լինի:
Որպես մայր եկեղեցու դպիր-ուրարակիր ինձ, և կարծում եմ շատերին, հետաքրքրում է. արդյո՞ք հիշատակելու ես Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Թեմի առաջնորդին քո մատուցմամբ Ս.Պատարագի ժամանակ: Կանխավ շնորհակալ եմ:
Առիթից օգտվելով տեղադրում եմ այստեղ իմ նախորդ գրառումը, թե ինչ է նշանակում մասնավորապես անցած կիրակի Խաչիկ գյուղի եկեղեցում մատուցված Պատարագին քահանայի կողմից Կաթողիկոսի և Թեմի առաջնորդի անունների չհիշատակումը: Դա հանդիսանում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնների կոպիտ խախտում, անհնազանդություն, ըմբոստություն, քանի որ դա նշանակում է՝ քահանան չի ճանաչում նվիրապետական իշխանությունը։ Իսկ ինչ հոգևոր վտանգի է ենթարկվում կանոնական խախտումներով Պատարագի մասնակիցը, տես ստորև.
1. Պատարագիչ քահանայի կողմից Կաթողիկոսի և Թեմի առաջնորդի անունները Պատարագի ժամանակ չհիշատակելու հետևանքները տարածվում են ոչ միայն հենց քահանայի, այլև նաև Պատարագին մասնակցող հավատացյալների վրա։
2. Կաթողիկոսի և Թեմի առաջնորդի անունների չհիշատակումը Եկեղեցու պառակտման քայլ է քահանայի կողմից: Ուստի, Պատարագին մասնակցող հավատացյալները գիտակցաբար կամ անգիտակցաբար դառնում են այդ պառակտման մասնակիցը։
3. Կաթողիկոսի և Թեմի առաջնորդի անունների չհիշատակումը անհնազանդություն է Եկեղեցու նվիրապետական կարգի դեմ: Պատարագի մասնակիցները կամա թե ակամա ներքաշվում են այդ կարգի դեմ անհնազանդություն ցուցաբերելու մեջ։
4. Պատարագի ժամանակ Սուրբ Հաղորդության բաշխումը հավատացյալների մեջ ամբողջացնում է նրանց միությունը Քրիստոսի հետ Եկեղեցու միասնական Մարմնի միջոցով։ Իսկ այս դեպքում պատարագիչն ըմբոստանում է այդ նվիրապետական համակարգով կառավարվող մեկ միասնական մարմնի դեմ:
5. Սուրբ Պատարագը անհիշաչարության և ողորմածության խորհուրդ է, այլ ոչ` հակառակության։ Սուրբ Հաղորդության խորհուրդը մաքրում է ապաշխարողին մեղքերից։ Հակառակության, անհնազանդության, քինախնդրության ոգով, անզեղջ սրտով հաղորդվելը դատապարտություն է և տարաժամ մահ։
6. «Որովհետեւ, ով ուտում է եւ խմում անարժանօրէն, իր իսկ դատապարտութիւնն է ուտում եւ խմում, քանի որ չի զատորոշում Տիրոջ մարմինը։ Դրա համար իսկ ձեր մէջ բազում հիւանդներ եւ ցաւագարներ կան, եւ շատերն էլ մեռած են. որովհետեւ, եթէ մե՛նք մեզ քննէինք, ապա չէինք դատապարտուի» (Ա Կորնթ. 11:29-31):
7. Կատարվածը պատճառ է դառնում հոգևոր մոլորության: Պատարագին մասնակից հավատացյալը կարող է մտածել, որ Եկեղեցու նվիրապետական կարգի անտեսումը թույլատրելի է, դրանով իսկ համարելով, որ կանոնական կարգին հնազանդվելը կարևոր չի։
8. Գիտակցաբար նման Պատարագին մասնակցելը մասնակիցների համար հղի է հոգևոր միասնության խախտման և Ս.Հաղորդությանն անարժան մոտենալու վտանգով։
9. Սա մեծագույն գայթակղություն է Պատարագի մասնակցի համար, որը ինքնին հոգևոր վտանգ է հանդիսանում տվյալ անձի համար:
10. Գայթակղությունն ըստ Սուրբ Ավետարանի ծանրագույն մեղք է. «Յիսուս ասաց նաեւ իր աշակերտներին. «Անկարելի է, որ գայթակղութիւն չգայ, բայց վա՜յ նրան, որի ձեռքով կը գայ։ Նրա համար լաւ կը լինէր, եթէ իր պարանոցից երկանաքար վէմ կախուէր, եւ նա ծովը գցուէր, քան թէ այս փոքրիկներից մէկին գայթակղեցնէր» (Ղուկ. 17:1-2):
Մաղթում եմ բարի ծառայություն»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին