Թարմացված․ ՆԳՆ մամուլի քարտուղարը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի՛ քաղաքացիներ, ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ,
Հայտնում եմ, որ այսօր Աշտարակի խճուղում ոստիկանության ծառայողի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասնակից ոստիկանը ազատվել է ծառայությունից»։
***
ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Լրագրողին հարվածած ոստիկանը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: Ավելին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ նույն ոստիկանը նախկինում բազմիցս աչքի է ընկել ագրեսիվ պահվածքով ու քաղաքացիներին հայհոյելով՝ նա անելիք չունի ոստիկանությունում և պետք է հեռացվի»:
***
Լրագրողին հարվածող Կարմիրբերետավորը Ալեքսանդր Ազարյանն է, Սաշ մականունով
Նա անցնում է մի քանի դատական գործերով՝
«Դիմադրություն» շարժման անհնազանդության բողոքի ակցիաների ժամանակ քաղաքացիների նկատմամբ ակնհայտ անհամաչափ ուժ գործադրելու, ընկած քաղաքացուն ոտքով հարվածելու համար։ Այս գործերով տուժողներից մեկը ընդդիմադիր ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանն է։
Սույն «կարմիրբերետավորը» 2022թ․-ի մայիսի 30-ին կառավարական երրորդ մասնաշենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ «մարտավարական հնարք է» կիրառել այդ ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի նկատմամբ՝ ենթադրաբար փորձելով խեղդել նրան։
«Դիմադրություն» շարժման անհնազանդության երթերից մեկի ժամանակ Ալեքսանդրը քաշքշում, ապա երթի տարեց մասնակիցներից մեկին հայհոյում է՝ ասելով՝ «Յ**աննի բիձա»։ 2022թ․-ի ապրիլի 27-ին Ալեքսանդր Ազարյանը Հանրապետության հրապարակից «Ազատագրական» շարժման անդամներից մեկին բերման ենթարկելիս վերջինիս դիմում է անձին նվաստացնող սեռական բնույթի հայհոյանքներով․ «Կ… կերել ես, դատվողի բերանը … տամ»: Դեպքի առնչությամբ հրապարակվեցին տեսանյութեր։
Ուշագրավն այն է, որ քաղաքական գործիչների, պատգամավորների նկատմամբ ակնհայտ բռնություն գործադրելուց հետո Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ անգամ ծառայողական քննություն չէր նշանակվել, հավանաբար միայն նրա համար, որ քաղաքական գործիչները ընդդիմադիրներ էին ու պայքարում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի, իշխանափոխության համար։
Լրագրող
Լիա Սարգսյան
***
«Գո՞հ ես»,- լրագրողին դիմելով՝ ասաց կարմիր բերետավորն, ով քիչ առաջ հարվածել էր նրան։ Հիշեցնենք՝ Երևան-Աշտարակ մայրուղու վրա՝ քասախցիների բողոքի ակցիայի ժամանակ, երբ «24Նյուզ»-ի լրագրողը փորձում էր կարմիր բերետավորից ճշտել, թե ինչու են մարդկանց բերման ենթարկելիս ծեծում, նա արմունկով հարվածել էր նրան։
Ոստիկանության բարձրաստիճան սպան՝ ի պատասխան լրագրողի բողոքի, հայտնել էր, որ ծառայողական քննություն կանցկացվի։
Դատելով կարմիր բերետավորի հարցադրումից՝ կարելի է ենթադրել, որ նա հասկանում է՝ իր արարքն անհետևանք չի մնալու։