Լրագրող Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր Աստղիկ ԲԿ-ում ականատես եղա, թե ինչպես էին պետպատվերի շահառուներին մերժում բժշկական օգնություն տրամադրել։ ԲԿ-ի կիսաագրեսիվ աշխատակիցներից մեկը անընդհատ նույն նախադասությունն էր կրկնում. «Պետպատվերը կանգնեցվել է, չկա հիմա պետպատվեր»։ Այդ նույն նախադասությունից օրենքով պետպատվերի շահառուներից որոշներն ագրեսիվանում էին, մյուսներն անզոր հոգոց անում և մի քանի վայրկյան կանգնած մնում տեղում։
70-ին մոտ մի կին, որի ձեռքին ծանր տոպրակ կար, երևի Երևան էր հասել գյուղից՝ հետազոտվելու հույսով։ Կիսածռված այդ կինը մի քանի անգամ հարցրեց՝ բա որ պետպատվեր չկա, ես ո՞նց պիտի անեմ, բալիկ ջան։
Քիչ անց տիկինը կարծես հաշտվեց կյանքը հիվանդությամբ շարունակելու մտքին, կարծես նույնիսկ զղջաց, որ եկել-հասել է էդտեղ, գլխիկոր, տոպրակի ծանրությունից դողացող ձեռքով ու փոքր-ինչ ծռված դուրս եկավ։
Ես տեղյակ եմ, որ նույնիսկ զարգացած տնտեսություն ունեցող երկրներում սոցիալապես աղքատ մարդկանց առողջությունն առաջնահերթություն չէ։ Բայց Հայաստանում, Նիկոլ Փաշինյան, Դուք կարծես թե գոնե խոսքի մակարդակով առաջնահերթություն եք տալիս մարզերում բնակվող Ձեր ընտրազանգվածին։ Մարդն ընտրության գնալիս, ընտրություն կատարելու վերջին պահին հիշում է ոչ թե Ձեր հնչեցրած խոսքերը կամ կառուցած ճանապարհը (որը կարևոր է, չեմ հերքում), այլ թե տվյալ իշխանության որոշումներով կառավարվող պետական մարմինները իր խնդիրը լուծե՞լ են, թե՞ չէ։ Իր պետպատվերի իրավունքն իրացվե՞լ է, թե՞ չէ։ Մարդը խոսքերն ու խոստումները չի հիշում։ Հիշում է, թե ոնց են մի շոգ օր իրեն հետ ուղարկել քաղաքի էն մեեեծ հիվանդանոցից՝ հոգնած, գլխիկոր»։