Ասֆալտ են արել, բայց ասա՝ առողջություն, խաղաղություն լինի, ոչ էն կա, ոչ էլ՝ էն․․․Դեբեդի բնակիչ
Տեսանյութը՝ MarzNews-ի
Տարածաշրջանային հարցերից մինչև անվտանգային, գյուղի առօրյային ու կենցաղին վերաբերող խնդիրներ են քննարկում ամեն օր Դեբեդի կենտրոնական հատվածում հավաքված տղամարդիկ։ Նուրբ հումոր ունեն դեբեդցիները։ Անծանոթ մարդկանց կամ հյուրերի հանդիպելիս՝ հումորով են սկսում խոսքուզրույցը։ Երբ մտերմանում են, բացում են սրտները։ Քիչ չեն գյուղի խնդիրները․ մշակովի հողատարածքներ չկան, գյուղտեխնիկա չունեն, օր օրի կյանքն ավելի է թանկանում, առողջապահական, կենցաղային ծախսերը՝ երկրաչափական պրոգրեսիայի նման են աճում, իրենց ժամանցի համար նախատեսված խաղասենյակն է վառվել-մոխրացել, բայց այդ ամենը ի չիք է դառնում, երբ սահմանին թեկուզ մեկ «դմբոց» է լսվում։ Ամեն օր քնում ու արթնանում են ահը սրտներում՝ հանկարծ պատերազմ չսկսվի՞։ Ալիևի հոխորտանքներին Դեբեդի տղամարդիկ լուրջ չեն վերաբերվում, բայց զարմանում են՝ ինչպես են Հայաստանում թշնամու հետ բարեկամություն քարոզում, երբ Ադրբեջանում դեռ մանկահասակ երեխաներին թշնամանք են սերմանում։ Ընկուզենու տակ, սեղանի շուրջ հավաքված միջահասակ ու մեծահասակ տղամարդկանց շուրթերից ամենաշատը «խաղաղություն» բառն է հնչում։ Ուզում են, որ իրենց երեխաներն այլևս պատերազմ չտեսնեն։ Լավ նորություն էլ ունեն։ Ասում են՝ վերջին տարիներին գյուղի նկատմամբ հետաքրքրությունն ավելացել է։ Հատկապես մայրաքաղաքից մարդիկ գալիս են, այստեղ հող կամ տուն են գնում՝ փոքրիկ բիզնես հիմնելու կամ պարզապես ամռան ամիսներն այստեղ անցկացնելու համար։