▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ArmLur.am-ը տեղեկացրել էր, որ գործարար և քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանի նախկին կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, իրավապահ մարմիններին բողոք է ներկայացրել՝ պնդելով, թե ամուսնության տարիներին պարբերաբար ենթարկվել է բռնության Տիգրան Արզաքանցյանի կողմից:

ArmLur.am-ի հետ զրույցում Տիգրան Արզաքանցյանը հերքել էր իրավապահների կողմից որևէ ընթացակարգ իրականացնելու մասին տեղեկությունները՝ նշելով, որ Զեյթունի ոստիկանության բաժնում ներկայացված դիմումին ընթացք չի տրվել ապացույցների բացակայության պատճառով և թեման, ըստ նրա, փակված է: Ավելին, հորդորում էր իր ընտանեկան հարցերի մեջ չմտնել:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի՝ իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ իրականում իրավիճակը բոլորովին այլ ընթացք է ստացել։ Մեր տեղեկություններով՝ ներկայացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեն օրեր առաջ քրեական վարույթ է նախաձեռնել և սկսել է հանգամանքների քննությունը։

Այսինքն՝ իրավապահները ոչ թե անտեսել են ներկայացված հաղորդումը, այլ հակառակը՝ այն համարել են բավարար հիմք՝ նախնական քննություն սկսելու համար։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկայում Տիգրան Արզաքանցյանը պետք է հրավիրվի քննչական մարմին՝ պարզաբանումներ ներկայացնելու համար։ Քննությունը պետք է պարզի՝ արդյոք նախկին կնոջ կողմից ներկայացված բռնության վերաբերյալ պնդումները համապատասխանում են իրականությանը, թե այդ ճանապարհով ինչ որ բան է Ռոտենբերգն ուզում նախկին ամուսնուց: Սակայն պարզաբանման այս գործընթացը, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների, կարող է որոշակի ժամանակ ձգվել, քանի որ Արզաքանցյանը ներկայումս գտնվում է Հայաստանից դուրս։

Նկատենք, որ թե՛ Տիգրան Արզաքանցյանը, թե՛ Նատալյա Ռոտենբերգը հանրությանը հայտնի անձինք են, ինչի պատճառով նրանց շուրջ զարգացող իրադարձությունները հանրային հետաքրքրության առարկա են դարձել։ Բայց միևնույն ժամանակ պետական մարմինները. ՀՀ ՆԳՆ-ն և Քննչական կոմիտեն հրաժարվում են հրապարակել որևէ մանրամասն այս դեպքի մասին՝ հղում անելով անձնական տվյալների պաշտպանության և նախաքննության գաղտնիության պահանջներին։

Նշենք, որ հրապարակված տեղեկությունները հիմնված են կողմերի հայտարարությունների և «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների հաղորդած տվյալների վրա։ Գործի շրջանակում որևէ անձի մեղավորությունը հաստատված չէ, և գործում է անմեղության կանխավարկածը՝ մինչև դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայությունը։ Գուցե քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանին փորձում են լռեցնե՞լ նոր սկանդալով և վարույթներով»։

info@asekose.am/095519696
Մամուլ ավելին