Դիտեք նաև՝
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անտոնիոյի հետ կատարվածը զազրելի է ուղղակի, ահավոր ցավ ու ամոթ եմ զգում բոլորիս համար։ Անտոնիոյի ամբողջ գործունեությունն ու կյանքը Մշակութային Սխրանք է ուղղակի` ի փառս Հայաստանի ու Հայի։
Էդ պարեկ են, ինչ են` Լեննագանյան բարբառով ասած, ՊԱԳՈՆՆԵՐԸ ՁԵՌՔՈՎ ՊՈԿԵԼ Է ՊԵՏՔ վրաներից` ՊԵՏԻՑ ՍԿՍԱԾ։
Շատ դրական վերաբերմունք ունեմ Արփի Սարգսյանի նկատմամբ, և հենց այդ վերաբերմունքի ուժով պահանջում եմ անհապաղ հենց նման կերպ վարվել. Պագոնները Պոկել։ Իսկ մնացածը ուղղակի պարտավոր են անել քննիչները։
Ազգովի խայտառակվելու ռեսուրսը ՎԱՂՈՒՑ սպառել ենք, ԲԱՎԱԿԱՆ Է։
Ձեռքս անգամ չի գնում գրել "բարձր մնացեք"` այսքան ցածրանալուց հետո։
Անտոնիո, Եղբայրս, Խոնարհաբար Ներողություն եմ խնդրում քեզանից, որ դու նաև նման հայերի ճանաչեցիր, դու ՄԵԾ ԵՍ, ԴՈՒ կներես․․․»։
Հավելենք, որ Արմեն Դարբինյանն արձագանքել է Հասմիկ Մելքոնյանի հրապարակմանը, որը ներկայացնում ենք ստորև․
«ԻՆՁ ՀԱՄԱՐ ԻՐԵՆՔ ԻՄ ՊԱՏԿԵՐԱՑՐԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԵՆ Անտոնիո Մոնտալդոն այս միտքն ասաց արդեն հիվանդանոցում: Օգոստոսի 8-ի առավոտյան ժ. 10: 30 Գյումրու պարեկապահակային ծառայության պահակատան հարևանությամբ գտնվող տարածքում AM 11DD811 մերսեդես վիտո մակնիշի անձնական օգտագործման մեքենան հարվածել և գետին էր տապալել նրան: Ըստ տեղեկությունների մեքենան պատկանում է պարեկ Արտյոմ Ղազարյանին: Քննչական կոմիտեում հարուցված քրեական վարույթը որևէ արդյունք կտա՞ թե չէ, վերոնշյալ անձը և իր ծառայակից ընկերները ծառայողական քննության կեթարկվե՞ն թե չէ: Հայաստանում պարեկները կրթություն ունենան թե չունենան, գրագետ լինեն թե չլինեն՝ այլևս արտոնյալ դաս են: Դեպքից շուրջ մեկ շաբաթ անց դատաբժշկի եզրակացությունը ինչքանո՞վ է ամբողջական, պարզ կդառնա վարույթի ավարտից հետո և մեծ հարցական է, թե արդյոք հաշվի կառնվի, որ այդ թեթև որակված սալջարդը կարող է հետագայում ճակատագրական հետևանքներ ունենալ ոսկրախտով տառապող մարդու համար…կա նաև ողջամիտ կասկած, որ հարվածը եղել է դիտավորյալ մի պարզ տրամաբանությամբ. Թեթ նույնիս մեքենայի հայելին ցեխոտ և փոշոտ լիներ և ցույց չտար, որ կայանած մեքենայի հետնամասում մարդ կա, վարորդը պարտավոր էր իջնել, զննել տարածքը, նամանավանդ այն դեպքում, երբ ղեկին «արհեստավարժ» պարեկ է: Կարծում ենք՝ վարույթն իրականացնող մարմինը դիտավորության վարկածը ևս հաշվի է առել: Անտոնիոն մոտ հինգ ժամ մնացել է գետնին պառկած՝ կիզիչ արևի տակ: Քննչական կոմիտե ներկայացված փաստաթղթերը հավաստում են տուժողի ոսկրախտ ունենալու փաստը և պատճառը եղել է հենց կոտրվածք ունենալու վախը, որ նա արգելել է իրեն տեղաշարժել, խնդրել է դեպքի մասին տեղեկացնել Իտալիայի դեսպանատուն, տեղում կատարել ռենտգեն հետազոտություն կամ միայն մասնագետ բժշկի երաշխավորությամբ տեղափոխել հիվանդանոց: Այս ամենը, իհարկե, ոչ միայն հաշվի չի առնվել, այլ ականատեսների ներկայացնելով պարեկների խումբը նրա հետ վարվել է որպես անմեղսունակի. Ո՞վ է գնահատական տալու համազգեստի տակ ծվարած այն արարածին, ով ոտքով հարվածում է վթարված մարդուն, առաջարկելով ազատել տարածքը, կամ հինգ ժամ անց առանց պատգարակի, առանց բուժանձնակազմի մարդուն պարկի նման վերցնել տեղափոխել պահակատան բազմոցին ու դուռը վրան կողպել՝ արգելելով տուժողի յուրայիններին նրան նույնիսկ ամենօրյա դեղերը տալ կամ կեղտոտված հագուստը փոխել: Այս խայտառակության գագաթնակետը իհարկե «ազգային ջոջերի» հայտնվելն էր դեպքի վայրում: Թե ինչո՞ւ էին դիմել մարզպետի աշխատակազմ և թե ինչո՞ւ էին ժամանել մարզպետի տեղակալ Արտուշ Հովահննիսյանն ու օգնական Վանիկ Մարտիրոսյանը, իրենք էլ չգիտեին: Առաջինի բացակա ներկայությունը դեռ ոչինչ, իսկ պարոն Վանիկի նյարդային պահվածքը ուղղակի անտրամաբանական է, նամանավանդ, որ վերջինս մինչև մարզպետի օգնականի պաշտոնին հասնելը, եղել է հարսանիք նկարող և մշտապես օգտվել է Անտոնիոյի բարի կամքիցч «Վիլլա Կարս» -ում նկարահանումներ կատարելով և փող աշխատելով: Իտալացի այս հայը շուրջ երեսունչորս տարի իր կյանքը նվիրաբերել է Հայաստանին՝ մասնավորապես Սպիտակին, Գորիսին: Իսկ Գյումրվա անժխտելի արժեքների բանալին հենց նա է գտել, նրանով է սկսվել Գյումրու միջուկի միջազգայնացումը: Նրան անվերջ խոչընդոտել, խանգարել, նախանձել են թե՛ մարզային ու քաղաքային որոշ չինովնիկներ, թե՛ մասնավորապես իրենց գործարար համարող, բայց Գյումրու արժեքների հետ որևէ աղերս չունեցող խմբակներն ու անհատները: Ամեն մի քիվ փրկելուց Անտոնիոն բառի իսկական իմաստով կյանքի ու մահու կռիվ է տվել: Մի այցելության ժամանակ ես փորձեցի կերակրել «Վիլլա Կարս» -ի կատուներին՝ երշիկը մանրելով ու դնելով սալահատակի վրա. Անտոնիոն զայրացկոտ նայեց ինձ և ասաց. «վերցրու, քարը կյուղոտվի, հարյուր հիսուն տարեկան քար է…» Պատկերացրեք այս գերզգագույն էսթետի մարդու և երևի թե միջնակարգ կրթություն էլ չունեցող «գայիշնիկների» հարաբերությունների որակը: Իմ այն հարցին, թե ինչը կարող է իրեն մոռացնել տալ վիրավորանքի այս արտառոց միջադեպը, նա պատասխանեց. «Ինձ համար իրենք իմ պատկերացրած Հայաստանը չեն: Իմ հետ կապված այս դեպքը ապացուցեց, որ իրական ժողովրդավարությունը Հայաստանում դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, իսկ իրավապահ համակարգը որպես կարևոր ինստիտուտ՝ կայացած չէ»: Հ.Գ.-Վերոնշյալ անձինք եթե հասկանային Անտոնիո Մոնտալդոյի արածի արժեքը, այս ամոթալի միջադեպը տեղի չէր ունենա: Թերևս ժամանակը ցույց կտա, թե ինչ անգնահատելի ավանդ ունի այս իտալացին Գյումրվա պատմա-ճարտարապետական հազվադեպ արժեքների փրկության գործում: Նա խոնարհումի է արժանի, ոչ թե հարվածի: Հասմիկ Մելքոնյան»։ Դիտեք նաև՝ |