Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Ղազախստանի ընտրանու դեմ տնային ընկերական խաղում գրանցված ոչ-ոքիից (1:1) հետո կիսվել է տպավորություններով՝ առանձնացնելով թիմի խաղի դրական կողմերն ու առկա խնդիրները։
«Անկեղծ ասած՝ անտրամադիր եմ, քանի որ շատ պարզ իրավիճակներում դրսևորած որակը մեզ թույլ չտվեց հասնել հաջողության։ Խաղային պլանը նորմալ աշխատում էր, թիմը հստակ գիտակցում էր՝ ինչ է անում խաղադաշտում։
Երկու խաղակեսերում էլ գոլային պահեր ունեցանք, կարողանում էինք հաղթահարել պրեսինգն ու գնդակը տակտիկապես գրագետ հասցնել մրցակցի դարպասի մոտ, սակայն եզրափակիչ հարվածը չէր ստացվում»,- նշել է Մելիքյանը։
Մարզիչը հավելել է, որ հատկապես երկրորդ կեսում հավաքականն ավելի սուր էր գործում՝ ստեղծելով բազմաթիվ հնարավորություններ։ Նա նաև անդրադարձել է առանձին ֆուտբոլիստների ելույթներին.
«Էդուարդ Սպերցյանի կատարած աշխատանքից շատ գոհ եմ. նա պարզապես լրիվ այլ մակարդակի վրա է։ Էդգար Սևիկյանը, թեև օպտիմալ մարզավիճակում չէր, բայց մեծ ծավալի աշխատանք կատարեց։ Ուզում եմ առանձնացնել նաև Կառլեն Հովհաննիսյանին՝ որպես մեր լուսավոր ապագա ունեցող խաղացողներից մեկի։ Ընդհանուր առմամբ, շնորհակալ եմ տղաներին նվիրումի համար։
Սա պաշտպանությունում և հարձակման գծում մեր լավագույն հանդիպումը չէր, քանի որ հաղթանակ չգրանցվեց, բայց կազմակերպվածության առումով հաճելիորեն զարմացրին՝ հաշվի առնելով արձակուրդային շրջանը»։
Խոսելով դարպասապահի դիրքի մասին՝ Մելիքյանը պարզաբանել է հավաքական վերջին պահին Օգնյեն Չանչարևիչին հրավիրելու որոշումը.
«Սկզբում մտադիր էի վստահել տեղական առաջնությունում հանդես եկող դարպասապահներին։ Սակայն, ներկա գտնվելով Հայաստանի Պրեմիեր լիգայի բոլոր հանդիպումներին և վերլուծելով բոլորի աշխատանքը՝ ազդակներ ստացա, որ դեռ վաղ է հրաժարվել Չանչարևիչի ծառայություններից»։
Անդրադառնալով հունիսի 9-ին կայանալիք Մոլդովայի դեմ խաղին՝ գլխավոր մարզիչը հավելել է, որ այսօրվա հանդիպումը լայն հնարավորություն տվեց գործի մեջ տեսնելու շատ ֆուտբոլիստների։
«Թույլ մրցակիցներ չեն լինում. չեմ կարող ասել, որ Մոլդովան մեզանից ուժեղ է, բայց թույլ էլ չէ։ Մենք արդեն հստակ պատկերացնում ենք՝ ինչպիսի ֆուտբոլ պետք է խաղանք նրանց դեմ»,- եզրափակել է Եղիշե Մելիքյանը։


