▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհետ կորածների հարազատները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Թարմացված․ «Երկու օր է՝ մենք պահանջում ենք, որ այն մարդը, ով շարունակելու է Աբազյանի գործը, գա ծնողների մոտ, կամ մենք գնանք նրա մոտ: Մենք հասկանում ենք, որ այդ մարդը դեռ պետք է ծանոթանա գործերին, բայց շատ սեղմ ժամանակահատվածում: Լավ կլիներ, որ ով պետք է այդ պատասխանատվությունն իր վրա կրի, գար, ասեր՝ եկեք հավաքվենք մի տեղ և զրուցենք: Մեզ այդ էր պետք»,- լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողի մայր Անահիտ Ադոյանը:

Նա նշեց, որ գնացել էին «Հերացի» հիվանդանոցային համալիր, որտեղ ծնողների մեծ մասին ԴՆԹ էր եկել, ինչը, սակայն, խաբեություն էր եղել:

«Ուզում էինք «Հերացի» հիվանդանոցի մոտ 1 ժամանոց ակցիա իրականացնել: Բայց ոստիկանական զորքը մեզանից առաջ էր այնտեղ գնացել: Մեր դեմ պատնեշը եռաշերտ և քառաշերտ էր, որ մենք ճանապարհը չանցնենք»,- հայտնեց Անահիտ Ադոյանը:

***

Թարմացված․ Երկու օր է՝ անհետ կորածների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան։
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հետ զրույցում «ԱրմԼուր»-ի թղթակիցը հարցրեց․ «Չեք գալի՞ս միասին գնանք անհետ կորածների ծնողների մոտ, նրանք դրսում են»։
Քոչարյանը պատասխանեց, որ եթե իր հետ հարց ունենան, իր տեղը գիտեն և նշեց, որ մի քանի անգամ մեծ հանդիպումներ են եղել նրանց հետ։ «Ես նրանց հասկանում են, ուզում են, որ պարոն Աբազյանի կատարած աշխատանքը չկտրվի»,- ասաց Քոչարյանը՝ մեջբերելով Նիկոլ Փաշինյանի խոսքը, թե գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներն ու հանդիպումները նույնկերպ շարունակվելու են։ «Չեմ կարծում, որ ծնողները անօգնական վիճակում են, եթե վարչապետի ասածն իրենց չի բավարարել, դա ինձ զարմացնում է»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ ԱԱԾ հաջորդ տնօրենը կշարունակի աշխատանքները և որ Աբազյանը կաջակցի գործընթացին։

***

«Ես Փաշինյանի ոչ մի խոսքին չեմ հավատում, ինքը խրոնիկ սուտասան է։ Ոնց կարելի է հավատալ մի մարդու, ով 5 րոպեում 15 հատ սուտ է ասում»,- Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանը՝ ի պատասխան դիտարկմանը, թե Փաշինյանի խոսքով Արմեն Աբազյանի պաշտոնանկումը ոչինչ չի փոխելու անհետ կորածների վերաբերյալ տարվող աշխատանքներում։
«Էն ժամանակ, որ մեր երեխեքի հարցով մտնում էինք իր մոտ անհեթեթություններ էր ասում։ Օրինակ, ծնողները գնացել էին հետը հանդիպման, ասել էր՝ տանը ուրիշ երեխա չունե՞ք, գնացեք-զբաղվեք ձեր ողջ երեխեքով, կամ ասում էր՝ Ադրբեջան ղեկավարությունն ասում է, որ գերի չունեն։ Մեր ներկայացրած փաստերը Նիկոլ Փաշինյանի համար փաստ չի, փաստն այն է, որ Ալիևն ասել է՝ չունենք գերի»,- ասաց Ղուկասյանը։
Հիշեցնենք՝ անհետ կորածների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան՝ հավաստիացում պահանջելով, որ ԱԱԾ տնօրենի փոփոխությունը չի ազդելու իրենց երեխաների որոնողական աշխատանքների վրա։

***

Անհետ կորածների հարազատները երեկվանից փակ են պահում Բաղրամյան պողոտան՝ պահանջելով չեղարկել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հեռացման որոշումը։

Նրանցից Արսեն Ղուկասյանի խոսքով իրենց խնդիրն իրենց որդիների հարցով զբաղվելն է․ «Մենք Աբազյանի աշխատանքը տեսել ենք, եթե իր տեղակալն էլ հավաստիացնի, որ մեր երեխեքին կվերադարձնեն, աշխատանքները տեմպից չեն քցի, մեզ ուրիշ բան պետք չէ»,- ասաց Ղուկասյանը։ Դիտարկմանը, թե որոշում է կայացվել փակել նաև Հերացի փողոցը, Ղուկասյանն ասաց․ «Եթե անհետ կորածների և գերության մեջ գտնվողների ծնողները միանանան տո՛ Հերացին էլ կփակենք, տո՛ Մաշտոցն էլ, բայց ես իմ ուզածին կհասնեմ, մեր պահանջը մեր երեխեքն են։ Անորոշությունը մեզ հոգեկան ծանր վիճակի է հասցրել, չգիտեմ էլ ինչի ենք պատրաստ։ Մեր անհետ կորածների ծնողներից մի քանիսը մահացան»,- ասաց Ղուկասյանը։

Անհետ կորած զինծառայողների հարազատները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան, նրանք գիշերել են այնտեղ՝ պահանջելով չեղարկել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի պաշտոնանկության որոշումը:

Դիտեք նաև՝

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին