▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ալիևը Նիկոլին «անբավարար» է նշանակում քննությունից ու գցում «լիկվիդ»». Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շատերն են քննարկում ալիևի ագրեսիվ, ոչ-խաղաղ ու «անսպասելի» նկատառումները Սևանա լճի մասին, բայց քչերն են հարց տալիս. ինչո՞ւ հիմա։ Չէ՞ որ ալիևին շատ ու շատ ձեռնտու է նիկոլի դիրքերի ամրացումը Հայաստանում, ու փոխանակ մինչև ընտրությունը օգնի՝ մի բան էլ վնասում է՝ սեփական իրակա՛ն օրակարգը բացահայտելով։ Ուստի ինչո՞ւ հիմա։
Իմ «կարճ խելքով» առաջարկում եմ հետևյալ վարկածը. ալիևը դրանով նիկոլին «անբավարար» է նշանակում քննությունից ու քցում «լիկվիդ»։ նիկոլը առերևույթ տապալում է Հայ Եկեղեցու դեմ կենաց-մահու կռիվը, իսկ դա ալիևին հեչ դուր չի գալիս։ Հիշո՞ւմ եք. մոտ 2 ամիս առաջ նիկոլն ինքն իր առջև ժամկետ դրեց Սբ.Էջմիածինը գրոհելու համար - սեպտեմբերի վերջ, հոկտեմբերի սկիզբ։ Չկարողացավ։ Ռիսկ չարեց։ Դո՛ւխ չարեց։ Ու դա ոչ միայն մենք ենք նկատում, այլև ադրբեջանցիները։ Նկատում են ու «լիկվիդ» են թողնում։ Ասում են՝ տղա ջան, բան ես խոսք տվել՝ արա։ Թե չէ ամեն օր քթիդ կստանաս»:

***

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար ՏիգրանԱբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանի նախագահն իր տարածքային հավակնությունները ՀՀ-ի նկատմամբ արտահայտելով փորձում է փաշինյանական իշխանությանը մտցնել իր ժամանակացույցի մեջ:
Լավ գիտակցելով կեղծ խաղաղասիրական դրսևորումների կարևորությունն ընտրական գործընթացներում՝ Ալիևը զգուշացնում է Փաշինյանին` եթե շտապողականություն չդրսևորի, իջեցված պահանջները ճիշտ ժամկետներում չկատարի, ապա Բաքվից կհնչեցնեն դառը ճշմարտության մասին:
Ինչ վերաբերում է Սևանա լճի ու ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ արբեջանական հավակնություններին, ապա Ադրբեջանի ԳՇ քարտեզներում, բազմաթիվ քարոզչական պաստառներում, ՀՀ-ն ներկայացված է առանց Սյունիքի ու Վայոց ձորի, իսկ Գեղարքունիքի, Տավուշի և Արարատի մարզերը` խիստ աղավաղված:
Ես չեմ պնդում, որ Ադրբեջանը վաղը, մեկ ամսից, մեկ տարուց պատերազմ է սանձազերծելու, սակայն ադրբեջանական ռազմավարական պլանավորմամբ, մեր տարածաշրջանում ՀՀ-ն որպես ամբողջական, ինքնիշխան պետություն նախատեսված չէ»:

***

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ի՞նչ է նշանակում համաձայնություն տալ փաստաթղթի, որտեղ չկա գեթ մեկ կետ, որը կսահմանափակի Ադրբեջանի պահանջները, գործողությունները կամ հայտարարությունները։
Օգոստոսի 8-ին Ադրբեջանի հետ համաձայնագրի նախաստորագրումից հետո իշխող ուժը շտապեց հայտարարել, թե խաղաղությունն արդեն իրականություն է։
Մենք բազմիցս հիմնավոր կերպով ցույց ենք տվել, որ այդ համաձայանագրով՝
- Ադրբեջանը չի ճանաչել ՀՀ տարածքը հստակ սահմաններով,
- որևէ կերպ չի զսպվում ադրբեջանական նոր պահանջները Հայաստանի նկատմամբ,
- չամրագրելով արցախահայության վերադարձի իրավունքը՝ Բաքուն չի հրաժարվել ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու ծրագրերից։
Փաստաթղթի նախաստորագրումից անմիջապես հետո Ալիևը Սյունիքով անցնող ճանապարհը անվանեց «միջանցք», հայ հասարակությանը՝ «հիվանդ», իսկ այսօր բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ նոր տարածքային պահանջների մասին։
Միևնույն ժամանակ, Հայաստանի իշխանությունը ոչ միայն չի արձագանքում, այլև իր քայլերով փաստացի ուժեղացնում է Ալիևի դիրքերը՝ հասարակությանը ճշմարտությունը ներկայացնողներին պիտակավորելով «ռևանշիստ»,
հայտարարելով, թե Հայաստանի վերահսկողության տակ ադրբեջանական տարածքներ կան, ակտիվացնելով Սահմանադրության փոփոխության գործընթացը, կրճատելով
զինված ուժերի ֆինանսավորումը և զինվորական ծառայության ժամկետը։
Այսպիսով, շատ կարճ ժամանակ պահանջվեց, որպեսզի Փաշինյանն ու Ալիևը սեփական ձեռքով պայթեցնեն այն մեծ փուչիկը, որը ամիսներ շարունակ միասին փչում էին՝ ժողովրդին համոզելու, թե խաղաղություն է հաստատվել։
Ալիևի այսօրվա հայտարարությունը դարձել է ամենաառարկայական ապացույց ընդդիմության նախազգուշացումների ճշմարտացիության։
Ինչ վերաբերում է օգոստոսի 8-ի համաձայնագրի ստորագրումը ողջունած պետություններին, ակնկալում ենք բոլորից՝ անհապաղ և հրապարակային ձևով դատապարտել Իլհամ Ալիևի կողմից Հայաստանի նկատմամբ ունեցած տարածքային պահանջները։
Հակառակ դեպքում ձեր ողջույնները դառնում են ոչ թե խաղաղության, այլ Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիայի նախապատրաստումը ողջունելու գործողություն։
Խաղաղությունը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ կա արժանապատիվ պետություն, որը չի վախենում պաշտպանել սեփական հողը և իր քաղաքացիներին»:

***

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանի նախագահը Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանությունների համար տհաճ իրավիճակ է ստեղծում:
Ճիշտ է, Իլհամ Ալիևը Վաշինգթոնի հանդիպումից հետո ավելի զուսպ է արտահայտվում և ակնհայտ վիրավորական արտահայտություններ թույլ չի տալիս, ինչպես նախկինում, սակայն շարունակում է կասկածի տակ դնել Հայաստանի Հանրապետության գոյությունը իր ներկա սահմաններով:
Կիրանց-Բաղանիսով սահմանազատումը կանգ առավ, Ադրբեջանը առանց կռվի ստացավ պահանջածը:
Երբ ուսումնասիրում ենք ադրբեջանական իշխանական լրատվամիջոցները, նկատելի է դառնում, որ Ալիևի համար նախընտրելի է գործ ունենալ հենց Փաշինյանի հետ:
Մյուս կողմից, վստահաբար չենք կարող ասել, որ իր պահանջները ստանալուց հետո Ադրբեջանը գնալու է դեպի վերջնական խաղաղություն:
Ադրբեջանցիների և թուրքերի պահանջով Հայաստանը հրաժարվում է իր խորհրդանիշներից, պատմական անցյալի դրվագներն է «սրբագրում», պատրաստվում է փոխել Սահմանադրությունը, Ադրբեջանի և ադրբեջանցի ժողովրդի հանդեպ չի օգտագործում թշնամական բառապաշար...
Իսկ ի՞նչ է անելու Ադրբեջանը, եթե կես տարի անց Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն: Հարցին դժվար է միանշանակ պատասխան տալը, բայց փաստ է, որ բացի Փաշինյանն ու իր թիմը, ադրբեջանական իշխանական լրատվամիջոցներն ու պրոպագանդան մյուս քաղաքական ուժերին պիտակում է ռևանշիստներ: Թիրախում առաջին հերթին Հայաստանի նախկին նախագահներն են ու նրանց թիմերը, Սփյուռքը, Հայ առաքելական եկեղեցին...
Եթե Ալիևի համար հարմար է աշխատել Փաշինյանի հետ, ապա տրամաբանությունը հուշում է, որ խաղաղության և Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների հարցերում գոնե առաջիկա ամիսներին նա պետք է ավելի կառուցողական լիներ: Մինչդեռ Ալիևի երեկվա հայտարարությունը Հայաստան ադրբեջանցիների վերադարձի և Սևանա լճի մասին բոլորովին հակառակ տպավորությունն է ստեղծում:
Կասկած չունեմ, որ Հայաստանում ով էլ գա իշխանության, ստիպված է լինելու շարունակել խաղաղ բանակցությունները Ադրբեջանի հետ, որովհետև այսօր դրա այլընտրանքը կոնֆրոնտացիան է, որի ռեսուրսը մենք չունենք: Կարող է տարիներ անց ունենանք, բայց այսօր չունենք հաստատապես:
Իսկ գուցե Ալիևը փորձում է պատանդ պահել Թուրքիա-Հայաստան հարաբերություննե՞րը: Դրա պատասխանը կունենաք առաջիկայում: Եթե Անկարան շարունակի փակ պահել սահմանը, ապա կլինի հաստատումը այն բանի, որ ոչ միայն մինչև ընտրություններ, այլ անգամ դրանից հետո չենք ունենալու բնականոն հարաբերություններ ոչ Թուրքիայի, ոչ էլ՝ Ադրբեջանի հետ:
Հայաստանին այլ բան չի մնում, քան փորձել վերականգնել ռազմական հավասարակշռությունը, կատարել տնային մյուս աշխատանքները և հասնել մի իրավիճակի, երբ Ադրբեջանի կողմից նոր պատերազմի գինը կդառնա շատ թանկ:
Երկրորդ, գնալ ներքին համերաշխության և վերջ տալ ատելության արշավը: Մի բան, որ ոչ միայն չենք տեսնում, այլ տեսնում ենք հակառակը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին