▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ–ն հեռացել է Վեհարանից՝ առանց Միքայել արքեպիսկոպոսի

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

 

Միքայել Սրբազանը հոգևորականների ու քաղաքացիների հետ երթով շարժվում է դեպի Երևան՝ Քննչական կոմիտե։
«Խնդիրն ասված խոսքերը չեն, խնդիրը ես եմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սրբազանը՝ անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին։ Նրա խոսքով «սրանք ունակ են ամենավատին, որ անգամ հնարավոր չէ պատկերացնել»։
«Ես հայրենիքի մարդ եմ, ես այս երկրի համար աշխատած մարդ եմ։ Եկել հասել եմ մի տարիքի, որ իմ ծերությունը պետք է վայելեմ, էս փսլնքոտները ինձ դարձրել են սպառնալիք, ես սպառնալի՞ք եմ այս երկրին։ Սպառնալիքը նստած է կառավարությունում։ Ես իշխանազավթման հետ գործ չունեմ, ասել եմ, որ այս չարիքը պետք է հեռացվի, որը ԱԱԾ-ի պարտականությունն է։ Հիմա ուզում են մեղադրել, թե եկել թաքնվել, իրադրություն եմ սրում։ Թող երեկ գային, մեկուսի տանեին՝ առանց շոուի։ Ուզում էին շոու անել, եկեղեցուն իբրև բացահայտ ստորացնելը, թե՝ կգանք, եկեղեցուց կտանենք։ Մարդավարի ձերբակալելու էլ ունակ չեն»,- ասաց Միքայել Սրբազանը։
Նա ճանապարհը շարունկում է ավտոմեքենայով։ «Հաղթանակ»,- ասաց Սրբազանը մեքենա նստելուց առաջ։

***

Քիչ առաջ Մայր Աթոռը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ Միքայել Սրբազանը, հակառակ որ պատշաճ կարգով չի ծանուցվել, կայացրել է որոշում և չխուսափելով ներկայացված պահանջից կմեկնի Երևան` ներկայանալու Քննչական կոմիտե։
Սակայն, երբ Սրբազան հայրը դուրս եկավ, որպեսզի մեկնի ՔԿ, բակում հավաքվածները կրկին նրան թույլ չտվեցին։ Ապա հոգևորականները կոչ արեցին մեկնել Երևան՝ ի սատարումն Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի։ Քաղաքացիներից ոմանք առարկեցին՝ նշելով, որ իրենք կմնան Մայր Աթոռում, որ եթե գնան, Միքայել Սրբազանին կկալանավորեն։ Միքայել Սրբազանն ինքը դուրս եկավ և հորդորեց շարժվել երևան․ «Ես փախստական չեմ, գնում ենք Քննչական կոմիտե։ Չեն թողնում մեքենայով գնամ, կգնամ ոտքով»,- ասաց Սրբազանը։
«Մի գնա Տիրոջ տնից, մի արա, Սրբազան»,- ասում են քաղաքացիները։
Միքայել Սրբազանը հոգևորականների ու քաղաքացիների հետ երթով շարժվեց դեպի Երևան՝ Քննչական կոմիտե։

***

ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը դուրս եկավ Վեհարանից իր փաստաբան Արա Զոհրաբյանի հետ, վերջինս ամփոփելով կատարվածը, հայտնեց, որ իրենք մեկնում են Քննչական կոմիտե․ «Ինքներս մեկնում ենք Քննչական կոմիտե՝ ներկայանալու և քրեադատավարական գործողություններին մասնակցելու։ Մեքենաներով շարժվում ենք Մամիկոնյանց փողոց՝ Քննչական կոմիտե»,- ասասց Փաստաբանը։
Հիշեցնենք ոստիկանական հսկայական ուժեր էին եկել Մայր Աթոռ՝ Միքայել Սրբազանին ձերբակալելու, սակայն հավաքված ժողովուրդն ու հոգևորականները թույլ չտվեցին։ Ուժայինները բախումներից խուսափելու համար հեռացան Մայր Աթոռից։ Սակայն ԱԱԾ-ն հայտարարություն տարածեվ՝ կոչ անելով Սրբազանին ներկայանալ Քննչական։
««Մասկի շոուն» չստացվեց։ Հիմա հասկացել են և նահանջել են։ Դրա համար ավելորդ է թույլ տալ, որ նորից պղծեն Մայր Աթոռը։ Ես որևէ բանից չեմ վախենում, շինծու մեղադրանք է, ասել եմ լավ եմ արել, չեմ թաքնվում։ Խնդրանքս է թողնեք, որ նստեմ մեքենա և փաստաբանի հետ գնամ Քննչական կոմիտե»,- ասաց Միքայել Սրբազանը։
Հավաքվածները նրա անունն են վանկարկում և թույլ չեն տալիս, որ նա գնա ՔԿ։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս  Աջապանյանի հետևից եկած ԱԱԾ հատուկջոկատայինները, կարմիրբերետավորներն ու դիմակավորված ոստիկանները լքեցին վեհարանի տարածքը։

ԱԱԾ–ն հայտնել է, թե ինչու են հեռացել վեհարանից առանց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի

Այսօր՝ 2025 թվականի հունիսի 27–ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքից Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) բերման ենթարկելու որոշումը իրականացնելու ընթացքում արձանագրվել է քաղաքացիների կուտակում։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը, ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը, որոշում է կայացրել դուրս գալ Մայր աթոռի տարածքից։

ԱԱԾ–ն քաղաքացիներին կոչ է անում չլարել իրավիճակը, իսկ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին` չթաքնվել իրավապահ մարմիններից և «ներկայանալ իրեն սպասող Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ խմբին»։

Դիտեք նաև՝

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վրդովվեք, բայց մի վախեցեք, զայրացեք, բայց մի զարմացեք․․․մարդն այս տարիներին բազմիցս հատել է կարմիր գծերը, ուղղակի մենք բավարար ուշադրություն չենք դարձրել։ Վերջինը Սամվել Կարապետյանի կալանքն էր, որից հետո Հայաստանում բոլորովին այլ իրավիճակ է ստեղծվել․․․
Ես հասկանում եմ քննիչի, խուզարկության, բանտի ու կալանքի, դատավորի ու փաստաբանի հետ երբևէ առնչություն չունեցած մարդկանց սարսափը, բայց հավատացեք Սատանան այդքան սարսափելի չէ, որքան թվում է․․․այդ բոլորն, իրոք, վախենալու չեն, մարդիկ բանտում էլ են ապրում և հաճախ դա իրենց կյանքի ամենավատ օրերը չեն լինում և դա էլ է անցնում․․․
Այ, ես չեմ հասկանում, թե ի՞նչ ճանապարհ պետք է անցնի մարդը 7 տարում, որ իսպառ կորցնի մարդկային դեմքն ու մի ամբողջ ազգի դեմ դուրս գա․․․»։

***

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այն, ինչ այժմ կատարվում է Էջմիածնում անընդունելի է, ես նույնիսկ իրավական հիմքերին չեմ անդրադառնում, կարող են դատարանից ինչ-որ թուղթ ցույց տալ, դա ավելի պակաս նշանակություն ունի հանրային ընկալումների առումով, քան այն, ինչ կնշեմ ստորև:
Նման տեսարաններ սարքելուց ու նշանային տարածքում, որն, ի դեպ, հայերի դարավոր ուխտավայր-սրբավայրն է, մարտաֆիլմեր նկարելուց առաջ խորը մտածել էր պետք, թե ինչ ազդեցություն է դա թողնելու հանրային գիտակցության վրա: Ցեղասպանություն, ստալինյան բռնաճնշումներ վերապրած ժողովրդի համար սա ուղիղ արթնացնում է հենց այդ զգացողությունները՝ օրհասական վտանգի, վախի, սրբությունների կործանման ու խեղման:
Հանրային հավաքական գիտակցությունը պատմական խորը վերքեր ու ցավեր է պարունակում, որոնք արթնացնում եք, դարձնում բաց վերքեր: Այդ վերքերը դեռևս չեն սպիացել, դրանք բացվելու են, արնահոսելու են...
Մտածեք գործելուց առաջ, ամեն գործողություն չէ, որի տակ կարող եք մի թուղթ դնել ու արդարացված համարել»։

***

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը․ «Երկար վերլուծելու կարիք չկա։

Բավական է նայել, թե ոնց են Հայաստանի դե-ֆակտո ղեկավարները «պայքարում» մեր երկիրը գրաված, մեր հայրերին ու որդիներին գլխատած, հայ ռազմագերիներին ամեն օր խոշտանգողների դեմ, և թե ոնց են ճնշում բոլոր նրանց, ովքեր անհամաձայն են, ովքեր պայքարել, պայքարում ու պայքարելու են թշնամի Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ՝ եկեղեցի, նախագահներ, գեներալներ, հասարակ մարդիկ։ Կապ չունի ով է, կարևոր է՝ դեմ է Հայաստանի կործանմանը։
«Զարմանալիորեն», վերջիններին թշնամի են համարում նաև Թուրքիան ու Ադրբեջանը։

Նկարում պատկերված մարդիկ էսօր մեզ են պաշտպանում։
Բայց մենք դա չենք հասկանում։

Ներողություն եմ խնդրում բոլորից, ով նեղվում է սա կարդալով։ Բայց մեզ բոլորիս սպասվում է ամենավատ սցենարը։
Ամենավատ»։

***

Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, բազմաթիվ աջակիցների հետ Մայր Աթոռում է՝ հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու։ Նրա խոսքով Էջմիածինը հոգևոր սնունդ ստնալու կենտրոն է․ «Կարմիր գծեր կան, որ պետք է չանցնեն։ Էջմիածինը ինչ-որ քրեական տարածք չի, որ գան ու փորձեն մարդկանց ձերբակալեն։ Պետք է հարգեն մեր մեծերին ու ինստիտուտները։ Պետք է խաղաղ ձևով ցույց տանք, որ համաձայն չենք նման մոտեցմանը»,- ասաց Նարեկ Կարապետյանը՝ հավելելով, որ ոստիկաններն էլ առաջվա նման էնտուզիազմ չունեն, իրենք էլ են արդեն ամեն ինչ հասկանում։ Նրա խոսքով Էջմիածին տանող ճանապարհը բաց է, բոլորը կարող են գալ, որևէ սահմանափակում չկա։

***

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վեհարանի վրա իշխանությունների ռազմականացված գրոհը Հայոց պատմության մեջ արձանագրվելու է որպես ամենախայտառակ էջերից մեկը:
Նիկոլ Փաշինյանը և նրա ՔՊ-ական սպասարկուներն այսօր անցան այն սահմանը, որից հետո պիտի կոչվեն ԵՆԻՉԵՐԻ:
Ավելի վատ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ վարվել են միայն բոլշևիկները: Փաշինյանական ենիչերիները նրանց էլ կգերազանցեն շուտով:
Մեր ամբողջ ժողովուրդը պետք է համախմբվի ժողովրդավարական օրինականության, Սահմանադրության և մեր ինքնության պաշտպանության շուրջ»։

***

«Հաղորդագրություններին ծանոթանալով հասկացել եմ, որ խոսքը գնում է ենթադրյալ միջին ծանրության հանցանքի մասին»,- Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին առաջադրված մեղադրանքին։ «Ենթադրյալ հանցանքը խոսքի ազատության մասին է։ Համարենք այն լինում է ցնցող, սուր խոսք, բայց Եվրոպական դատարանի նախադեպային ողջ իրավունքը մեզ հուշում է, որ դա թույլատրելի է։ Այսինքն՝ այստեղ մի ընտրություն կա, եթե ընտրում ես ժողովրդավարության ճանապարհը, ապա խոսքի ազատությունն ամենակարևոր արժեքն է, եթե ընտրում ես բռնապետության ճանապարհը, ապա խոսքի ազատությունը եթե իրականացնում ես սուր ձևով, ապա պետք է ականատես լինենք հազարավոր իրավապահների, այն էլ՝ Վեհարանում, այն էլ երբ տվյալ դեպքում խոսում ենք Սրբազան հոր մասին․․․Սա իսկապես աբսուրդ է, իրավական որևէ տրամաբանություն չունի»,- ասաց Վարդևանյանը։ Նրա խոսքով իրավական առումով լուծումը տեսնում է վարույթի կարճումը։ Փաստաբանն անդրադառնալով նրան, որ իրավապահները հեռացան Մայր աթոռից՝ խուսափելով բախումներից, ասաց որ իրավապահների համար էլ կան կարմիր գծեր:

***

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին