▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը Ղարաբաղում ավարտեց սեպարատիզմը». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով տեսակապով է մասնակցում Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, ասաց, որ Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան 9 ամիս է՝ խաղաղ ապրում են ու սովորում ապրել խաղաղության մեջ։

«Անցած տարվա օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեցին ընդհանուր հռչակագիր, Թրամփը դա նույնպես ստորագրեց՝ որպես վկա։

Թե՛ մեզ, թե՛ մեր հայ գործըներների համար խաղաղությունն արդեն իրականություն է»,-ասաց նա։

Ալիևը հիշեցրեց, որ դրանից հետո Ադրբեջանից Հայաստան է բերվել մի քանի հազար տոննա բեռ, նավթամթերք։

«Թրամփի ճանապարհը անցնելու է Հայաստանով դեպի Նախիջևան և դառնալու է «միջին միջանցքի» մի մաս»,-ասաց այդ երկրի նախագահը։

Նա անդրադարձավ Արցախին, ասելով՝ «2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը Ղարաբաղում ավարտեց սեպարատիզմը»։

«Չնայած բոլոր այն մարդկանց ջանքերին, որ փորձում են խաթարել այս գործընթացը, Ադրբեջանը միտված է խաղաղության օրակարգին, և իմ հայ գործընկերոջ ելույթը դա շատ հստակ ընդգծեց»,-հավելեց Իլհամ Ալիևը։

Նա մասնակիցներին հրավիրեց 2028 թվականի մայիսին Ադրբեջանում անցկացվելիք գագաթնաժողովին՝ հավելելով, որ Բաքվի թեկնածությանը աջակցել է նաև Հայաստանը։

***

Ալիեւն իր ելույթում արցախցիներին «սեպարատիստներ» է անվանում ու Արցախի ղեկավարներին ՝«պատերազմական հանցագործներ»,իսկ Փաշինյանն արձագանքելու փոխարեն ասում է՝ «թենքյու»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

«Լսեցի՞ք Ալիեւի ելույթը։

Օրը ցերեկով Արցախի ինքնորոշման պայքարն անվանեց «սեպարատիզմ»։

Բաքվի հայ պատանդներին անվանեց «պատերազմական հանցագործներ»։

Նիստը վարող Փաշինյանը ոչ միայն ծպտուն չհանեց, այլ մի հատ էլ ասում է՝ «թենքյու»։

Սա է ձեր բերած խաղաղությունը։

Բայց սա խաղաղություն չէ, սա Հայաստանի խաղաղ ադրբեջանացում է։

Հունիսի 7-ին շանս ունենք կամ «գրողի ծոցն» ուղարկել Ալիեւի ձեւակերպումներն ու նրա շահերի պաշտպան Փաշինյանի ռեժիմին, կամ՝ ազգովի ասել՝ «թենքյու»։

Ես առաջին տարբերակն եմ ընտրում, իսկ՝ դու՞ք»,-գրել է նա:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին